Հայաստանի ազգային պատկերասրահի «Մարտունու պատկերասրահ» մասնաճյուղում օրերս բացվեց «Հայկական Քաշաթաղը» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Երեւանի Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից եւ անցկացվում է «Յոթը սարի հետեւում» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի շրջանակներում։ Ցուցադրության բացմանը ներկա էին արվեստասերներ, Արցախից բռնի տեղահանվածներ, դպրոցականներ, ուսանողներ, ազատամարտիկներ, ուսուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ «Մարտունու պատկերասրահ» մասնաճյուղի վարիչ Անահիտ Գեւորգյանը, ով ողջունեց ներկաներին եւ կարեւորեց նման միջոցառումները: Ցավոք, Քաշաթաղի պատմամշակութային արժեքների մեծ մասն այսօր ադրբեջանական վերահսկողության տակ են: Սակայն դրանք լուսանկարներում են, եւ միեւնույն է՝ հայկական են եւ հայկական էլ մնալու են ապագայում: Դրա մասին փաստում էին այցելուների եւ հատկապես դպրոցահասակ երեխաների հայացքները` իբրեւ պահանջատիրոջ։ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն իր խոսքում տեղեկացրեց, որ ներկա ցուցադրությունը կայացել է մայիսին իր ղեկավարած մշակութային օջախում: Ներկայացրեց լուսանկարների հեղինակներին՝ առավել կարեւորելով այն, որ այժմ անհայտ է լուսանկարներում պատկերված կոթողների ճակատագիրը, եւ ներկայացված լուսանկարներն ունեն նաեւ արխիվային արժեք:
Ազատամարտիկ Թաթուլ Կարապետյանը, ով եղել է Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ) Մարտունու շրջանի համակարգողն ու ընդհանուր հրամանատարը, ողջունելով ձեռնարկը՝ ներկայացրեց Զոհրաբ Ըռքոյանին, ով ծնունդով տեղի Գեղհովիտ գյուղից է եւ առաջիններից էր, որ 1989 թ. Մարտունուց կազմավորված ջոկատի կազմում մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանությանը: Նշեց՝ Զ. Ըռքոյանը նաեւ լուսանկարում էր, հետագայում լուսաբանել է մարտական գործողությունները, գրել ԲԻԽ-ի մարտիկների, բերդաձորցիների մասին: Գոհունակություն հայտնեց, որ նման ցուցադրություն կայանում է հենց Մարտունի քաղաքի պատկերասրահում, որի վարիչ Ա. Գեւորգյանը, 80-ականներին աշխատելով ՀԿԿ Կենտկոմի Մարտունու շրջկոմի 3-րդ քարտուղար, շատ է օգնել իրենց Բերդաձոր հասնելու գործում: 1992 թ. մայիսի 18-ին ազատագրվեցին Արցախը Մայր հայրենիքից անջրպետող Լաչին կոչված քաղաքը եւ Զաբուղ գյուղը, եւ բացվեց ցամաքային, մեզ համար՝ Կյանքի ճանապարհը, միջազգային կառույցների համար՝ Լաչինի միջանցքը:
1993 թ. աշնանն ազատագրվեց ներկայիս Քաշաթաղի ողջ շրջանը, եւ շուտով Արցախի Հանրապետության կազմում ձեւավորվեց նոր վարչական միավոր՝ Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր-Լաչին շրջկենտրոնով: Տարածքի վերաբնակեցման եւ վերահայացման ընթացքում հնարավոր եղավ զբաղվել նաեւ պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը բռնակցված տարածքներում պահպանված հայ մշակույթի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրմամբ: Պարզվեց, որ նշված տարածքներում, բացի հայտնիներից, բազում են հայկական մշակութային այլ հուշարձաններ՝ եկեղեցիներ, կամուրջներ, խաչքարեր, տապանաքարեր, ամրոցներ, ջրաղացներ, բնակավայրերի ավերակներ: Շատ-շատ են նաեւ նախաքրիստոնեական ժամանակաշրջանների դամբարանները, դամբարանադաշտերը, ամրացված բնակատեղիները, կիկլոպյան ամրոցները, պատմական փարախները: Այս ամենը վկայում են, որ Քաշաթաղի շրջանում, հատկապես լեռնային հատվածներում (Հակարիի վտակներ Աղավնոյի, Հոչանցի, Շալուայի, Որոտանի, ինչպես նաեւ Արաքսի վտակներ Ողջի եւ Ծավի հովիտներ) վաղնջական ժամանակներից հայ մարդն է ապրել ու արարել, իսկ քրիստոնեական ժամանակներում վանք ու եկեղեցի, խաչքար ու խաչաքանդակ տապանաքարեր կերտել:
Նշված տարածքների մի մասը հայաթափվել էր՝ սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից, երբ խաթարվեց հայոց միաբանությունը: Մի մասն էլ հայաթափվել էր խորհրդային ժամանակներում, երբ հայոց երկրամասերը բռնի տրվեցին նորաստեղծ Ադրբեջանին: 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ավարտից հետո արդեն խաղաղ պայմաններում դարձյալ ստիպողաբար թուրքին թողեցինք Քաշաթաղի շրջանն ու հայոց հուշարձանները, Քարվաճառը: Թե ինչ ճակատագիր կունենան մեր սրբավայրերն ու մնացած հուշարձանները, հայտնի չէ, քանի դեռ դրանք մնալու են թշնամու տիրապետության տակ:
1996-ից բնակվելով Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ աշխատելով կրթության եւ մշակույթի համակարգում, այնուհետեւ ղեկավարելով շրջանային «Մերան» պարբերաթերթը՝ Զոհրաբ Ըռքոյանը տարիների ընթացքում լուսանկարել է տարածքի պատմաճարտարապետական հուշարձանները, եւ դրանց մի մասն է ցուցադրվում այժմ պատկերասրահում: Մինչ այդ նույն լուսանկարների ցուցադրությունը բացվեց 2021 թ. մայիսի 18-ին՝ Բերձորի ազատագրման օրը, իսկ փակումը կայացավ 10 օր հետո՝ մայիսի 28-ին՝ հայոց Առաջին հանրապետության հռչակման օրը: 10 օրերի ընթացքում դասախոսություններով հանդես եկան գիտնականներ, հնագետներ, պատմաբաններ՝ ներկայացնելով Քաշաթաղի շրջանը տարբեր ոլորտներում: Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի լուսանկարներից՝ «Արցախի կամուրջները», եւ Արտակ Գնունու կողմից 10 եւ ավելի տարիների ընթացքում Քաշաթաղի հարավային թեւի՝ Ողջիի աջափնյա Կերեն գյուղի մոտակա դամբարանների պեղումներից հայտնաբերված նյութերի լուսանկարները:
Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարներում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած հայկական պատմական կոթողներն են։ Հեղինակն իր խոսքում համառոտ պատմական ակնարկով ներկայացրեց Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանները՝ նշելով, որ դրանք պատմական Մեծ Հայքի Արցախ, Ուտիք եւ հատկապես Սյունիք աշխարհների տարածքներն են: Ներկայացրեց նաեւ լուսանկարներում պատկերված հուշարձանները, որոնց թվում է 4-րդ դարում հիմնված Ծիծեռնավանքը, որը կառուցվել է հայկական հեթանոսական տաճարի հիմքերի վրա: Լուսանկարներում մոտ 30 սրբատուն է պատկերված, ինչպես նաեւ՝ խաչքարեր, տապանաքարեր, կամուրջներ եւ այլն:
Ցուցադրությունը կտեւի մոտ 10 օր եւ բաց է այցելուների առջեւ ամեն օր, բացի երկուշաբթիից: