Մովսես Խորենացու համաշխարհային պատմագրության մեջ բացառիկ արժեք ունեցող «Հայոց պատմություն» կոթողային աշխատությունը թարգմանվել է նաեւ սերբերեն: Սա կարեւոր մշակութային իրադարձություն է հայ եւ սերբ բարեկամ ու բախտակից ժողովուրդների կյանքում:
Նման կարեւորագույն ձեռնարկն իրականացվել է սերբ ժողովրդին անսահման նվիրված դուստր, գրող, թարգմանիչ, արվեստագետ Վեսնա Պեշիչի եւ Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի եռանդուն ջանքերով:
Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ի շնորհանդեսին մասնակցելու համար Հայաստանից հրավիրվել էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը, ով Խորենացու պատմության մասնագիտական առաջաբանի հեղինակն է, նաեւ Երեւան քաղաքի թանգարանի փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը:
Բաբկեն Սիմոնյանը հսկայական ջանքեր է գործադրում հայ-սերբական գրական եւ մշակութային կապերն ամրապնդելու գործում: Նա սերբերենին տիրապետում է մայրենիի մակարդակով եւ տաղանդավոր թարգմանություններ է կատարում սերբերենից հայերեն, հայերենից սերբերեն: Դրան հատկապես նպաստում են նրա քաջահմուտ բանաստեղծ լինելն ու բանաստեղծական հանգին բնատուր տիրապետելը:
Խորենացու պատմության շնորհանդեսը տեղի ունեցավ շքեղ պալատի դահլիճում՝ զարդարված թարմ ծաղիկներով ու ՀՀ դրոշով: Հանդիսության սկզբում եւ վերջում՝ հյուրասիրության հատվածում, հնչում էին Շառլ Ազնավուրի երգերը: Այդ շքեղությունն, անշուշտ, ապահովել էր Հայաստանի դեսպանը՝ Աշոտ Հովակիմյանը, ով առաջինը հանդես եկավ բացման խոսքով: Հավաքվածներին ջերմորեն ողջունեց Վեսնա Պեշիչը, որի «Պեշիչ եւ որդիներ» հրատարակչությանն ենք պարտական գրքի թարգմանության եւ հրատարակման համար: Հիանալի սերբերենով ելույթ ունեցավ Բաբկեն Սիմոնյանը, ով անդրադարձավ թարգմանության ընթացքում իր ունեցած դերին, այնուհետեւ խոսեց թարգմանության առաջաբանի հեղինակ Ա. Դոլուխանյանը: Ամփոփման խոսքով հանդես եկավ Աշոտ Մելքոնյանը, որի խոսքին դահլիճը արձագանքեց բուռն ծափահարություններով:
Ուշագրավ էր, որ սկզբում երիտասարդ ու գեղեցիկ սերբ դերասանուհին թատերականացված ձեւով հատված ներկայացրեց «Հայկ եւ Բել» առասպելից: Ողջ երեկոն ընթացավ հայ եւ սերբ մտավորականների անկեղծ ջերմության ու փոխըմբռնման մթնոլորտում:
Վեսնա Պեշիչը եւ Բաբկեն Սիմոնյանը այնպես էին կազմակերպել, որ Երեւանից ժամանած երեք մտավորականները ծանոթանային Բելգրադի տեսարժան վայրերին, նաեւ մասնակցեին Հայաստանի մշակույթի օրերին Բելգրադում: Հոկտեմբերի 7-ին մասնակցեցինք միջազգային կինոփառատոնի, որի ժամանակ անվանի կինոբեմադրիչ Գարեգին Զաքոյանը ներկայացրեց Սերգեյ Փարաջանով հանճարին՝ դրվագներ պատմելով նրա կյանքից: Գորբաչովյան վերակառուցման մասին Փարաջանովն ասել է. «Ես պերեստրոյկայի ցուցափեղկն եմ»:
Մենք եղանք Բելգրադի հին ամրոցում, որտեղ տեսանք 17-18-րդ դարերի երեք հայկական գերեզմանաքարեր եւ մեկ 17-րդ դարի խաչքար: Շատ տպավորիչ էր, որ ընդամենը մի քանի տարի առաջ կառուցված Սուրբ Սավայի անվան շքեղաշուք տաճարի մետաղյա դռան վրա կար հայատառ մեծ արձանագրություն, որը դիմում էր առ Աստված: Այդ տաճարը Բալկանների ամենամեծ եկեղեցին է:
Բելգրադի հին ամրոցում կանգնեցված է «Հաղթանակ» հսկա արձանը, որը պատկերում է գեղեցիկ մերկ տղամարդու՝ մի ձեռքին սուրը, մյուս ձեռքին՝ խաղաղության աղավնին: Դիտելով այդ արձանը՝ հիշեցի անմահ Թումանյանի՝ սերբ ժողովրդի մասին ասված հետեւյալ խոսքերը. «Բոլոր սլավոն ժողովուրդների մեջ սերբերն ամենաազատատենչն են»:
Բաբկեն Սիմոնյանը մեզ հանդիպման տարավ Սերբիայի Նորին սրբություն պատրիարք Պորֆիրիի հետ: Վերջինս վարժ խոսում էր ռուսերեն եւ հիանալի գիտեր Հայաստանի անցյալ ու ներկա պատմությունը: Խոսեց ցեղասպանության մասին, ասաց, որ շատ է սիրում Ջիվան Գասպարյանի դուդուկի նվագը եւ հատկապես հայկական կոնյակը: Նրան ուրախություն պարգեւեց Խորենացու «Հայոց պատմության» թարգմանությունը, որը Վեսնա Պեշիչը նվիրեց նրան:
Զարմանահրաշ էր Բելգրադի ծայրամասում գտնվող Գրքի թանգարանը, որն ուներ 15 սենյակ: Հավաքածուն, իրոք, եզակի էր, եւ այն սկսել էին հավաքել Լազիչ ընտանիքի անդամները 1882-ից: Հավաքածուում կային Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի տարբեր երկրների հին ու նոր գրքեր: Հատկապես հետաքրքիր էին եթովպական ձեռագիր մատյանները, որոնց տառերը նման էին մաշտոցյան այբուբենին:
Հայկական գրքերի բաժնում առանձին շարքով դրված էր Բաբկեն Սիմոնյանի հայերեն ու սերբերեն գրքերի հարուստ հավաքածուն: Ծխախոտի տուփի չափով գրադարակում կային հայ ժամանակակից հեղինակների՝ Պարույր Սեւակի, Սիլվա Կապուտիկյանի եւ այլոց մատնոցի չափ գրքերի հատորները: Գրադարանն ուներ չափազանց մեծ եւ չափազանց փոքր գրքերի հավաքածուներ, եզակի փաստաթղթեր, հրովարտակներ, ինչպես օրինակ՝ Նապոլեոն Բոնապարտի մի հրովարտակը:
Եղանք նաեւ Բելգրադ քաղաքի թանգարանում, որը տեղավորված էր քաղաքի կենտրոնում գտնվող իշխանուհի Լյուբիցայի ապարանքում: XIX դարասկզբին կառուցված ապարանքում որոշակի երեւում էր արեւելյան ու եվրոպական ոճերի խառնուրդը: Երեւան քաղաքի թանգարանի փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը Բելգրադ քաղաքի թանգարանի տնօրենի հետ պայմանավորվեց հետագա համագործակցության մասին:
Եղանք նաեւ Սերբիայի պատմության ազգային թանգարանում, որտեղ պատմական ցուցանմուշներից բացի, առանձին սրահներում ներկայացված էին Սերբիայի հին եւ նոր մշակույթի նմուշները, ինչպես նաեւ եվրոպական նկարիչների, օրինակ՝ Պիկասոյի կտավները: Ազգային պատմական թանգարանի շենքը ճարտարապետական ուշագրավ կառույց էր: Ի դեպ, մեզ օդանավակայանում դիմավորեցին Բաբկեն Սիմոնյանը եւ «Համի ատելյեի» տնօրեն Զդրավկո Յովիչը, որոնք մեզ տարան ուղիղ իրենց «ատելյե», ուր մի խումբ սերբ մտավորականների հետ եղավ առաջին ջերմ հանդիպումը եւ ընտիր հյուրասիրություն: Մենք միանգամից մեզ զգացինք Հայաստանում՝ մեր տանը:
Գեղեցիկ քաղաք է Բելգրադը: Նախավերջին օրը Բելգրադի հեռուստատեսությունը հարցազրույց ունեցավ ինձ եւ Աշոտ Մելքոնյանի հետ: Մենք պատմեցինք մեր տպավորությունների մասին: Հարցազրույցը վարում էր հայ ժողովրդի մեծ բարեկամ Վեսնա Պեշիչը, ով գիրք է գրում Հայաստանի ու հայերի մասին:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ