Սեղմ, ընդամենը մի քանի բառերով այսպես է բնութագրել հայ բեմի երախտավորին հայտնի թատերագետ, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը: Մի քանի բառ, եւ բարձրագույն գնահատականն ընկալելի է: Իսկ ամենապրոֆեսիոնալ մարդը ռեժիսոր էր ու դրամատուրգ, թատերական գործիչ, մանկավարժ, որի վաստակն արժեւորվել է ԽՍՀՄ պետական մրցանակներով, Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումը նվաճելով: Գուլակյանն առաջիններից է հայ թատրոնում նորովի բացահայտել ազգային բնավորություններն ու կենցաղը, նույն արտահայտչամիջոցներն օգտագործել հայկական կինոարվեստի գլուխգործոցներից մեկում՝ «Պեպո» կինոնկարում, որի համառեժիսորն է ու Դուդուլիի դերակատարը:
Կանցնե՞ր, արդյոք, Իջեւանի Խաշթառակ գյուղում ծնված նրա կոշկակար հոր մտքով, որ իր Արամ որդին օրերից մի օր հայտնի մարդ է դառնալու եւ ճանաչվելու է Արմեն Գուլակյան բեմական անունով: Դժվար թե: Իսկ որդին նախ ուսանելու էր քաղաքային տարրական կրթօջախում, ապա ավարտելու էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Ուսումնառության տարիներից էլ մասնակցելու էր աշակերտական ներկայացումների, հաճախելու էր հայկական դրամատիկական թատրոն եւ Զուբալովի թատերական սեկցիա: Բայց նրա վրա առանձնակի տպավորություն էր թողնելու Սեւումյանի բեմադրած Շ. Մերիի «Հիդրա» պիեսը: Իր ժամանակին անուն հանած Սեւումյանի ստուդիայում էլ ծանոթանում է ռեժիսորական արվեստի գաղտնիքներին՝ դառնալով ռեժիսորի ուշիմ եւ խոստումնալից սաներից մեկը: Ապագա արվեստագետն անցնում է նաեւ Ամո Խարազյանի «ձեռքի տակով»:
1921 թվական: Վրաց մայրաքաղաքում հիմնադրվում է Ստ. Շահումյանի անվան «Որոնումների թատրոնը»՝ Լեւոն Քալանթարի եւ Ստեփան Քափանակյանի նախաձեռնությամբ: Այստեղ Ա. Գուլակյանն աշխատում է իբրեւ դերասան եւ ռեժիսորի օգնական: Աշխատանքը՝ աշխատանք, սակայն լիարժեք ուսման ծարավը երիտասարդ դերասանին հասցնում է Մոսկվա՝ սովորելու հայկական դրամատիկական ստուդիայում: Մոսկվայում մասնավոր դասընթացներ է անցնում, աշակերտում Ռուբեն Սիմոնովին, Գեորգի Բուրջալովին, հանրահայտ այլ գործիչների, հետեւում Վախթանգովի ստուդիայի, Ա. Թաիրովի կամերային թատրոնի, Վ. Մեյերխոլդի թատրոնի ներկայացումներին: Իսկ Կ. Ստանիսլավսկու ուսմունքը Գուլակյանի համար դառնում է թատերական արվեստի անսասան հիմք:
Վերադառնալով Թիֆլիս՝ աշխատանքի է անցնում հայկական թատրոնում, փորձում ստեղծել ինքնուրույն թատրոն-ստուդիա, ինչը չի հաջողվում: Սակայն նրա ջանքերի շնորհիվ Հայկական թատրոնի խաղացանկում է հայտնվում Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»:
1926 թ. Արմեն Գուլակյանը Դիլիջանում էր. առողջական խնդիրներն էին այստեղ հայտնվելու պատճառը: Գավառական քաղաքում թեեւ գործում էր «Կապույտ բաճկոն» նորաոճ թատրոնը, Գուլակյանը, սակայն, եւ՛ այդտեղ, եւ՛ Երեւանում ստեղծում է «Երեւանի բանվորական շրջիկ թատրոնը», գրում սցենարներ, բեմադրում եւ ինքը բեմ բարձրանում որպես դերասան: Ու թեեւ գովասանքով էին ընդունվում ներկայացումները, այդուհանդերձ, նրա համար միջավայրը նեղ էր: Լավանալուն պես տեղափոխվում է Երեւան եւ ընդունվում առաջին պետթատրոնը: 1927-ից՝ մայր թատրոնի ռեժիսոր, այնուհետեւ, որոշակի ընդմիջումներով գլխավոր ռեժիսոր: Նույն թվականին էլ առաջին անգամ բեմադրում է Գ. Սունդուկյանի «Խաթաբալան», այնուհետեւ՝ «Պեպոն», հաջորդ վճռական քայլը Շեքսպիրի «Մակբեթն» էր: Սրանց հաջորդում են հնչեղ տասնյակ այլ բեմականացումներ՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», «Ինգա», «Ամպրոպ», «Քանդած օջախ», «Ցասում»: Ամենը չթվարկենք:
Արմեն Գուլակյանը, որպես գլխավոր ռեժիսոր, իր ձեռագիրն էր թողնելու նաեւ օպերայի եւ բալետի թատրոնում՝ իր առաջին իսկ բեմադրություններով կյանքի կոչելով անսամբլային ներկայացումներ՝ «Անուշ», «Օթելլո», «Աիդա», «Դիմակահանդես», «Կենդանի դիակ» եւ այլ գործեր:
Վաստակաշատ բեմադրիչը նաեւ գրչի մարդ էր, պիեսների հեղինակ: Այդուհանդերձ, անառարկելիորեն նա իր «վրանն» էր խփելու հայ բեմարվեստի մեծերի կողքին՝ անջնջելի թողնելով ասելիքի սեփական ոճն ու արվեստագետի սեփական ձեռագիրը: