Հոկտեմբերի 30-ից Երեւանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի դահլիճում բացվել է «Հայկական ասեղնագործությունը երեկ, այսօր, վաղը…» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որում ներկայացված են հայ ասեղնագործության 17-20-րդ դարերի նմուշներ: Դրանք տեղեկություն են տալիս հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում ասեղնագործության զարգացման եւ փուլերի մասին: Ցուցահանդեսը, լինելով բացառիկ, իրեն է ձգում շատերին: Արվեստի այս ժանրի սիրահարների թվում քիչ չեն նաեւ դպրոցականները, ուսանողները: Անկյունում Թումանյանի կնոջ՝ Օլգայի դիմանկարն է, որը 1969 թ. նկարել է Սալբի Մավյանը: Թումանյանական սեղանին Օլգայի ձեռքի աշխատանքներն են՝ փոքր չափերով ասեղնագործություններ, եւ լամպը, որի լույսով է աշխատել:
Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի ուղեկցությամբ ծանոթացա ցուցանմուշներին, դրանց պատմությանը: Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ ամենահին ցուցանմուշը ստեղծվել է 17-րդ դարում՝ Արցախում, հավանաբար, Ասկերանի տարածքում: «Շողշողուն խաչ» խաչկարը Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշներից է եւ հիացնում է իր տեսքով, գույների խաղով: «Կենաց ծառ» հարթակարը նույնպես Արցախից է՝ Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուից: Ստեղծվել է 19-րդ դարում՝ Թաղավարդ գյուղում: Հետաքրքիր նմուշ է «Հազարան բլբուլ» ստեղծագործությունը, որը հեղինակը նվիրել է Հովհաննես Թումանյանի թանգարանին՝ ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 100-ամյակի առթով: Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ հեղինակը՝ Սերիկ Դավթյանը, մտերիմ է եղել Հովհ. Թումանյանի հետ եւ այս գործը ձեռնարկել է դեռեւս բանաստեղծի կենդանության օրոք: Ստեղծագործության տակ մակագրված է. «Իմ մեծ բարեկամ Հ. Թումանյանի 100-ամյակին»: Ներկայացված են նաեւ ժամանակակից 9 ստեղծագործողների աշխատանքներ՝ սրբիչներ, բարձերի երեսներ, թաշկինակներ եւ այլն: Հալեպից Մարալ Շեոհմելյանը ներկայացրել է մոր՝ Լուսինե Մխչյանի «Տուտկապ-բոխչա» վերադիր ասեղնագործությունը: Հրազդան Թոքմաջյանի հավաքածուից ներկայացված է 6 աշխատանք՝ մահճակալի ծածկոց, փոքր չափերով ներքնակի երես եւ այլն: Նարեկ-Վան Աշուղաթոյանի հավաքածուից ցուցադրված են հիմնականում 19-րդ դարի 10 աշխատանք՝ ծիսական գոտի, սրբիչ, ծածկոց եւ այլն: Ա. Եղիազարյանը գոհ է, որ անհատները եւս ցուցադրության են ներկայացրել աշխատանքներ իրենց հավաքածուներից: Խոսելով ցուցադրության մասին՝ ասաց.
-Հայկական ասեղնագործության զարգացման բարձր աստիճանի մասին վկայում են մատենագրական բազում տվյալներ: Այս արվեստն իր ամբողջ հարստությամբ ու ոճով, ինչպես նաեւ պատկերագրության ներքին բովանդակությամբ հարազատություն ու նմանություն ունի հայ ճարտարապետական կառույցների, խաչքարերի, ինչպես նաեւ որմնանկարչության եւ մանրանկարչության զարդանկարային կառուցվածքի եւ գունային լուծումների հետ: «Հայկական ասեղնագործությունը երեկ, այսօր, վաղը…» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է հայկական ասեղնագործության ամենատարբեր դպրոցների նուրբ ձեւերն ու տեսակները: Ներկայացված են 17-20-րդ դարերի ասեղնագործության բացառիկ նմուշներ Շուշիի գորգերի թանգարանի, Հրազդան Թոքմաջյանի, Նարեկ-Վան Աշուղաթոյանի հավաքածուներից, ինչպես նաեւ ժամանակակից հայ վարպետների ինքնատիպ աշխատանքներ: Ցուցահանդեսը նվիրված է Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ցուցահանդեսի նպատակն է ծանոթացնել հայկական ասեղնագործության նմուշներին, ինչպես նաեւ փոխանցել գիտելիք ներկա սերնդին: Ուստի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել հայկական ասեղնագործության որեւէ տեսակ, ունեն բացառիկ հնարավորություն ծանոթանալ լավագույն վարպետների աշխատանքներին եւ գրանցվել նրանց մոտ ուսումնառության: Համերգային հատուկ ծրագրով հանդես կգա «Ցայգ» բենդը, խմբի ղեկավար՝ Արթուր Աթայան: Ժամանակակից վարպետներից ցուցադրված են Իսկուհի Սարգսյանի, Լուսիկ Մելոյանի, Ռուզան Գրիգորյանի, Հուրի Իփեքճյանի, Սալբի Իփեքճյանի, Մարալ Շեոհմելյանի, Ծովակ Գանթարջյանի, Աիդա Սանթուրյանի, Լալա Մնեյանի աշխատանքները:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Զարդ» մշակութային-հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: