«Իրանի եւ Հայաստանի երկու մեծ ժողովուրդների հարաբերությունների բազմադարյա պատմության մեջ, պատմություն, որն արմատներով խորանում է դեպի ընդհանուր մշակութային եւ քաղաքակրթական պատմական անցյալ, գրականությունը՝ իբրեւ արժեքավոր մշակութային կարողություններից մեկը, մշտապես կարեւոր դերակատարություն է ունեցել երկու ազգերի կյանքում: Իրանի եւ Հայաստանի պոեզիան եւ գրականությունը նման են կախարդական հայելու, որն ի զորու է ցույց դնել երկու երկրների հարուստ մշակույթի ողջ գունապնակը, եւ գիրքը, որը գտնվում է ձեր առջեւ, իբրեւ իրանցիների եւ հայերի գրական փոխհարաբերությունների խոր եւ լայնածավալ ծովի մի վտակ, կշոյի գեղեցկության եւ արվեստի սիրահարների քիմքն ու կհագեցնի նրանց ծարավը…»:
Սեյյեդ Հոսեյն ԹԱԲԱԹԱԲԱՅԻ
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական
Եվ ահա «քիմք շոյող ու ծարավ հագեցնող» այդ՝ «Իրանի արեւը» գրքի շնորհանդեսը՝ Հայաստանի գրողների միության կլոր սրահում: Բարեկամության ու անկեղծ խոստովանանքների ջերմ մթնոլորտում կայացած յուրօրինակ մի միջոցառում, որին մասնակցեցին Հայաստանում Իրանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, բազմաթիվ մտավորականներ, լրագրողներ:
ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալություն հայտնելով պատվարժան դեսպանին ժամանակ գտնելու եւ միջոցառմանը մասնակցելու համար, համառոտակի անդրադարձավ հայ-իրանական փոխհարաբերություններում մշակույթի ու գրականության դերակատարմանը, հայ դասական գրողների՝ իրանական թեմաներով ստեղծագործություններին, Արեւելքի պոեզիայի մարգարտագանձը մարդկությանը պարգեւած պարսիկ բանաստեղծներին: Ֆիրդուսի, Խայամ, Սաադի, Հաֆեզ, Նիզամի, այլ մեծեր, որոնց ստեղծագործությունները վաղուց են հայացվել ու դարձել մեր թարգմանական գրականության անբաժան մասը: Է. Միլիտոնյանը նշեց, որ վերջին երեք տասնամյակում հայ գրողներին ամենաշատն են թարգմանել ու հրատարակել պարսիկ եւ իրանահայ թարգմանիչներն ու հրատարակիչները եւ որ փոխադարձաբար Հայաստանում հրատարակվել են պարսիկ դասական եւ ժամանակակից գրողների գրքերը: «Աշխարհում տիրող պատերազմական դավադիր, սպառնալիքներով հագեցած մթնոլորտում, կարծում եմ, մշակույթն ու գրականությունն են լինելու այն շանթարգելները,- սույն գրքի նախաբան իր խոսքից հնչեցրեց ԳՄ նախագահը,- որոնք իրենց վրա կկրեն սարսափի ու նախնադարյան արյունռուշտ մոլուցքի կայծակները….»:
Այնուհետեւ երախտագիտության ու իրական բարեկամի սրտից բխած անկեղծ խոսք ասաց լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նա նույնպես կարեւորելով բարեկամ-հարեւան երկու ժողովուրդների մերձեցման գործում գրականության եւ մշակույթի ներգործող դերը, ընդգծեց, որ գրչի, մտքի, գիտության մարդիկ որոշակի առաքելություն ունեն սթափորեն անդրադառնալու հատկապես կովկասյան տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, պատմության ընթացքում կատարված եւ մեր ժամանակներում կատարվող դեպքերն ու իրողությունները ներկայացնեն ճշմարիտ վերլուծություններով, ազնիվ մոտեցումներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրում ենք խեղաթյուրումների ժամանակաշրջանում: Դեսպանը հույս հայտնեց, որ հայ-իրանական փոխհարաբերությունները, որ դարավոր պատմություն ունեն, կշարունակեն զարգանալ՝ ի շահ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:
Ասենք, որ «Իրանի արեւը» գրքում ներկայացված են դասական եւ ժամանակակից քսաներկու հեղինակների՝ իրանական թեմաներով ստեղծագործություններ. Րաֆֆի, Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Վ. Տերյան, Ե. Չարենց, Գեղամ Սարյան, Աթաբեկ Խնկոյան, Աբիգ Ավագյան, Խորեն Արամունի Քեշիշյան, Լեոնարդո Ալիշան, Արեւշատ Ավագյան, Հենրիկ Էդոյան, Էդվարդ Միլիտոնյան, Հակոբ Մովսես, Հովիկ Վարդումյան, Շանթ Մկրտչյան, Լեւոն Բլբուլյան, Էմմա Բեգիջանյան, Էդվարդ Հախվերդյան, Հովհաննես Գրիգորյան, Արտակ Վարդանյան: Գիրքն ընթերցողին կրկին տանում է դեպի հեքիաթային Արեւելք, որտեղ ապրող ժողովուրդը պաշտամունք ունի բանաստեղծների ու պոեզիայի նկատմամբ, որտեղ այսօր էլ խնկարկում են Խայամի, Հաֆեզի, Սաադիի, մյուս հանճարների գերեզմաններն ու աղոթք ասում: Իսկ մեզ համար վստահելի բարեկամ երկիրը շարունակում է մնալ իր բանաստեղծական կերպարի մեջ:
Շնորհանդեսին Իրանի, պարսիկ ժողովրդի, նրանց դարավոր մշակույթի, գրականության, զորավոր ազգային ավանդույթների, մեր երկու ազգերի խորացող բարեկամության մասին սրտի հուզառատ խոսք ասացին գրքում ներկայացված մտավորականներից շատերը: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ ծրագիր ունեն Իրանի դեսպանատան հետ համատեղ հրատարակված ժողովածուն թարգմանել եւ հրատարակել Թեհրանում: Պատվարժան հյուրերը ողջունեցին այդ գեղեցիկ մտահղացումը:
Հավելենք, որ «Իրանի արեւի» դիմերսը զարդարում է Մարտիրոս Սարյանի՝ արեւելյան թեմայով վրձնած հայտնի ստեղծագործությունը, դարձերեսը՝ աշխարհահռչակ «Շահնամեից» վերցված սյուժետային մի պատկեր: Գիրքը, որ լույս է տեսել «Աշխարհը եւ մենք» մատենաշարի շրջանակներում, իրոք, սքանչելի նվեր է հայ ընթերցողին եւ խորհուրդ ունի նորոգ բարեկամության, քանզի, բանաստեղծի խոսքերով ասած՝ «Մենք սիրտ ի սիրտ ենք մեր պարսիկ բարեկամների նկատմամբ…»: