Վերականգնող ճարտարապետ Ստեփան Ժորայի Նալբանդյանը հաճախ էր գալիս Արցախ, հատկապես` Քաշաթաղի շրջան, եւ աջակցում դպրոցական շենքեր կառուցելուն։ 1997 թ. ծանոթացանք, եւ այդուհետ ճանաչեցի իսկական հայրենասեր հայի, ում նպատակներից մեկն էլ Քաշաթաղի շրջանի վերահայացումն էր։ Վերջին անգամ Ստեփանին հանդիպեցի 2020 թ. նոյեմբերի վերջին՝ Քաշաթաղի տարածքի պատմական հուշարձանների լուսանկարների հետ կապված։
Նոյեմբերի 4-ին լրացավ Ստեփանի ծննդյան 63-ամյակը. ավաղ, նա այլեւս մեզ հետ է հոգեպես, իր թողած ժառանգությամբ, իր գործով, իր նվիրումով։ 2021 թ. հունվարի 24-ին հանկարծամահ եղավ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում պատմության, մշակույթի մի շարք անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման գիտանախագծերի հեղինակ, Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի համանախագահ, ՀՀ ճարտարապետների միության անդամ, ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը։ Ուսանել եւ ավարտել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ) ճարտարապետության ֆակուլտետը։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո եղել է «Երկիր եւ մշակույթ» հայաստանյան մասնաճյուղի նախագահը եւ այդ կազմակերպության միջոցներով իրականացրել Հայաստանի տարածքում գտնվող մի շարք հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներ։
2015 թ. «Երկիր եւ մշակույթ»-ը նախաձեռնել է Մեղրիի Անապաստանաց վանքի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները՝ Հայկ եւ Հիլդա Մանջիկյանների մեկենասությամբ։ Վերականգնման աշխատանքներին նախորդել են եկեղեցու տարածքի ուսումնասիրման եւ պեղումների աշխատանքները՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագետներ Արման Նալբանդյանի, Հարություն Բադալյանի եւ Տիգրան Ալեքսանյանի համատեղ ղեկավարությամբ։ Աշխատանքներում ընդգրկված են եղել մեղրեցիներ եւ կամավորներ ՀՀ տարբեր մարզերից, սփյուռքից։ Եկեղեցու տարածքի բարեկարգումն ու վերականգնումն իրականացրել են ճարտարապետներ Գեւորգ Գուլամիրյանը, Լեւոն Վասիլյանը եւ Ստեփան Նալբանդյանը՝ շինարարներ Արշավիր Հովհաննիսյանի, Արթուր Ենգիբարյանի եւ այլոց հետ։ Նոյեմբերի 4-ին Երեւանում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Մեղրիի Անապաստանաց վանքի հնագիտական գտածոները» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Ստ. Նալբանդյանի ծննդյան 63-ամյակին։ Ցուցադրությունը կայացավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ Մինչ ցուցադրության դիտումը՝ «Էրեբունի» թանգարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Ստեփանի հարազատները, ընկերները, նրան ճանաչողներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, հնագետներ։ Ընթացքում Ստեփան Նալբանդյան ճարտարապետ-վերականգնող, հայրենասեր-հայրենագետ, կրթական համակարգի բարեկամ, հուշարձանագետ մարդուն ներկայացրին նրա ընկերները, որդին՝ Արման Նալբանդյանը։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ողջունեց ներկաներին եւ անդրադարձավ նոր ցուցադրությանը։ Տեղեկացրեց՝ երջանկահիշատակ Ստեփան Նալբանդյանը եղել է իրենց թանգարանի լավ բարեկամը։ Հանձն է առել եւ իրականացրել Կարմիր բլուր հնավայրում որոշ վերականգնողական աշխատանքներ, ցավոք, վաղաժամ մահը բազում ծրագրերի հետ կիսատ թողեց նաեւ այդ աշխատանքները։ Տեղեկացրեց նաեւ, որ Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման եւ տարածքում իրականացրած պեղումներից հայտնաբերված նյութերը վերականգնվել են իրենց թանգարանում, ստացել նոր կյանք եւ այսօր ցուցադրվում են հանրությանը։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն հայերեն իր ելույթում կարեւորեց նման միջոցառումները։ Ասաց՝ իր համար պատիվ է լինել այս թանգարանում։ Նշեց նաեւ, որ Ֆրանսիայի դեսպանատունը սիրով է աջակցել այս աշխատանքներին, եւ ապագայում եւս կշարունակեն համագործակցել։ Ըստ ֆրանսիացի դիվանագետի՝ նաեւ պարտավորություն է օժանդակել մշակութային ժառանգության պահպանմանը։
Ստեփան Նալբանդյանի ընկերը՝ ճարտարապետ-վերականգնող Ամիրան Բադիշյանն ասաց՝ դժվար է խոսել ընկերոջ մասին, ով ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն հոգեպես միշտ ներկա է։ Ասաց՝ Ստեփանը դեռ 20-ամյա հասակից է սկսել ուսումնասիրել մեր ճարտարապետական ժառանգությունը, եւ նրա հայրենասիրությունը տարիների ընթացքում վերածվել էր հայրենապաշտության։ Ծանոթ լինելով Նժդեհի գաղափարներին՝ դրանք իր մեջ էր կրում։ Ստեփանը նաեւ բնության սիրահար էր եւ լավ էր ճանաչում հայրենիքի ծառն ու թուփը, գետն ու լիճը։ Ընկերոջը ներկայացնելուց հետո Ամիրանը շնորհակալություն հայտնեց նրա ծնողներին, հատկապես` մորը, ով ներկա էր միջոցառմանը, որ նման զավակ են պարգեւել մեր ժողովրդին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը նույնպես բարձր գնահատեց Ստեփանի դերն առանձնապես ճարտարապետության, դպրոցաշինության, պատմական հուշարձանների, մշակութային ժառանգության բնագավառներում։
Ստեփանի որդին՝ Արման Նալբանդյանը, իր խոսքում ներկայացրեց հորը, համատեղ կատարած աշխատանքները։ «Բացի իմ հայրը եւ առաջին ուսուցիչը լինելուց Ստեփան Նալբանդյանը շատերին սովորեցրեց՝ ինչպես պետք է սիրել եւ ուսումնասիրել մեր մշակութային ժառանգությունը։ Նա իր ամբողջ կյանքը նվիրեց դպրոցներ, հուշարձաններ նախագծելուն, դրանք վերականգնելուն, պաշտպանելուն»,- ասաց նա եւ ցավ հայտնեց, որ Մեղրիի Անապաստանաց վանքի վերականգնումը հոր վերջին աշխատանքներից է։ Շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, առավել կարեւորեց Ֆրանսիայի դեսպանության, «Էրեբունի» թանգարանի, Երեւանի Մատենադարանի աշխատանքները։ Այնուհետեւ անդրադարձավ պեղումների աշխատանքներին, որոնք հեշտ չեն եղել։ Տեղեկացրեց` վանքի Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ Պեղումների ժամանակ այն եղել է կիսավեր, խոնարհված վիճակում։ 4 տարվա ընթացքում իրականացվել է համալիր ծրագիր։ Մեծ գոհունակություն հայտնեց հատկապես մեղրեցի բանվորներին, ովքեր ամենադժվար աշխատանքն են կատարել։ Նշեց՝ պեղումների ընթացքում հայտնաբերվել են արձանագիր եւ խաչաքանդակ շիրմաքարեր՝ ամբողջական ու բեկորված, որոնք եղել են եկեղեցու արեւմտյան պատի մեջ ագուցված, մետաղական իրեր՝ հիմնականում ծիսական ամանեղեն, որոնց թվում են արձանագիր ծնծղա, պնակ, աշտանակ եւ այլն։ Եկեղեցու հարավային ավանդատան ավերակի գաղտնարանից գտել են սրբապատկերով կտավ, կրաքարե խաչաքանդ սալիկ, մատյանների պատառիկներ, միջնադարյան խեցեղեն իրեր՝ փոքր աղամաններից սկսած մինչեւ մեծ կարասներ եւ այլն։ Սակայն առավել կարեւորեց այն, որ հայտնաբերվել է այրված գիրք, որը Երեւանի Մատենադարանում վերականգնվել է։
Ելույթների ընթացքում էկրանին Ստեփանի մասին պատմող լուսանկարներն էին։ Ցուցադրվեց նաեւ ֆիլմ, որը պատմում է պեղումների ընթացքի մասին։ Այնուհետեւ ներկաները թանգարանի ցուցասրահում ծանոթացան պեղումներից հայտնաբերված նյութերին՝ ջնարակված թասեր, խեցեղեն, այլ իրեր, նաեւ այրված գրքի վերականգնված պատառիկներ եւ այլն։