Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գիտնականի գրիչով ու բրիչով հրամանատարը

Թանգարանի բացում՝ դպրոցում

Նոյեմբերի 9, 2021
Այլք
Գիտնականի գրիչով ու բրիչով հրամանատարը
20
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատմաբան, հնագետ-գիտնական, նաեւ զինվորական էր Եսայի Արտաշեսի Ասատրյանը՝ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից։ Հայրենի գյուղի դպրոցը (1972-ից միջնակարգի կարգավիճակ ստացած), որտեղ սովորել, նաեւ դասավանդել էր Ե. Ասատրյանը, 1999-ից կոչվում է իր անունով։

Նոյեմբերի 5-ին բազմամարդ էր Ներքին Բազմաբերդի դպրոցը։ Եռահարկ շենքի երրորդ հարկում լուսավոր ու ընդարձակ մի սենյակ նորոգվել է եւ «Համայնքային հուշարձանապահպանություն» գիտակրթական եւ գործնական ծրագրի շրջանակներում այսուհետ ծառայելու է որպես «Թանգարան-հայագիտական լսարան»։ Այս մշակութային օջախի կայացումը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» («Պահպանության ծառայություն») ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի եւ Եսայի Ասատրյանի ընտանիքի նախաձեռնությամբ է։ Բացման արարողությանը ներկա էին Ե. Ասատրյանի հարազատները՝ կինը, զինվորական 2 որդիները՝ Վարդանն ու Վահանը, բարեկամները, համակուրսեցի եւ նրա հետ աշխատած, ճանաչող հնագետներ, այդ թվում՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, գլխավոր ֆոնդապահ, պ.գ.թ. Լիանա Գեւորգյանը, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանը, գիտաշխատող Սուրեն Հոբոսյանը, ԵՊՀ հնագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. Հայկ Ավետիսյանը, երիտասարդ հնագետներ, ինչպես նաեւ՝ Ներքին Բազմաբերդի համայնքային կենտրոնի աշխատակիցներ, դպրոցի անձնակազմը, հյուրեր Երեւանից, տարածքի բնակավայրերից։

Թանգարանի կայացման գործը նախաձեռնողներից` ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Արտավազդ Զաքյանի հետ մեկնեցինք Ներքին Բազմաբերդ։ Մինչ արարողության սկսվելը՝ դպրոցի աշխատակիցների, աշակերտների, Ե. Ասատրյանի թոռան՝ կրտսեր Եսայիի հետ Ա. Զաքյանը վերջին շտկումները կատարեց թանգարան-հայագիտական լսարանում կազմակերպվող ցուցադրությունում։ Ցուցափեղկերում տեղադրվեցին ճանաչված գիտնական ու զինվորական Եսայի Ասատրյանի անձնական իրերը, գիտական աշխատանքների օրագրերը, տետրերը, հնագիտական պեղումներից հայտնաբերված իրեր, խորհրդային տարիներին հռչակված «ԿԻԵՎ TTL» մակնիշի լուսանկարչական խցիկը եւ դրանով կատարված լուսանկարներ։ ԵՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, Արցախյան գոյամարտի տարիներին Թալինի կամավորական ջոկատի հրամանատարներից Եսայի Ասատրյանը նաեւ հեղինակել է 2 գիրք՝ «Զաքարի բերդ» եւ «Թալինի պատմական հուշարձանները»։ Ցուցափեղկերում այդ գրքերն էլ գտան իրենց տեղերը։ Դրանք լույս են տեսել հեղինակի մահվանից հետո՝ կնոջ ջանքերով։ Արցախյան գոյամարտի ժամանակ եւ հետմահու ստացած մեդալները, փոխգնդապետի ուսադիրները, զինվորական գլխարկն առանձին ցուցափեղկում են։  Սենյակում կան այլ իրեր եւս, որոնք պատմում են գիտնականի ու տարածքի մասին։ Ե. Ասատրյանը վախճանվել է 1998-ին։ 1999 թ. դպրոցի բակում կանգնեցվել է գիտնականի հուշարձանը։

Հանդիսավոր արարողությունը բացեց Արտավազդ Զաքյանը, ով ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի ողջույնի խոսքը փոխանցեց միջոցառման մասնակիցներին եւ անդրադարձավ թանգարանի կայացման գործընթացին։ Տեղեկացրեց, որ կապը դպրոցի հետ վաղուց է սկսվել, բացի այդ անցած տարի այս կրթօջախի սաները մասնակցել են «Յոթը սարի ետեւում» մրցույթ-փառատոնին, որը կազմակերպվել էր Երեւանի Հովհ. Թումանյանի թանգարանի հետ։ Մրցույթի մասնակիցները պատմել էին գյուղի տարածքում գտնվող Զաքարի բերդի մասին, այն ամրոց-հնավայրի, որը ժամանակին ուսումնասիրել եւ որտեղ պեղումներ է իրականացրել Ե. Ասատրյանը։ Այս տարվա հոկտեմբերին «Յոթը սարի ետեւում» ծրագրի շրջանակներում դպրոցում տեղի ունեցավ «Հայկական Քաշաթաղը» լուսանկարների ցուցահանդեսը։ Եվ ահա` հերթական մշակութային միջոցառումը դպրոցում։ Բացվող թանգարան-հայագիտական լսարանում գիտնականները հաճախակի դասախոսություններ կկարդան աշակերտների, ուսուցիչների, ինչու չէ՝ նաեւ բնակիչների  համար։ Նման միջոցառումներին կարող են մասնակից լինել նաեւ տարածքի բնակավայրերի բնակիչները։

«Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագրի միջոցով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նպատակ ունի ամրապնդել դպրոց-համայնք-հուշարձան կապը, նոր լուծումներ ներդնել հուշարձանների պահպանության, ուսումնասիրության, հանրահռչակման ու օգտագործման բնագավառում։ Կրթամշակութային նոր կենտրոնի նպատակը մեկն է՝ աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, հայագիտական խոր գիտելիքներ…։ Ե. Ասատրյանի դուստրը՝ դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Եսայանը ողջունեց ներկաներին, ասաց, որ օրը պատահական չէ ընտրված 1948 թ. նոյեմբերի 5-ին է ծնվել հայրը։ Դպրոցի տնօրեն Անդրանիկ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՊՈԱԿ-ի տնօրինությանը, Ա. Զաքյանին, աշխատակիցներին, Ե. Ասատրյանի կնոջը՝ Աստղիկ Պողոսյանին եւ բոլոր նախաձեռնողներին, որ իրենց դպրոցում է բացվել նման մշակութային օջախ։ Շնորհակալություն հայտնեց նաեւ իր սաներին, ովքեր, Հասմիկ Եսայանի գլխավորությամբ, 2020 թ. մասնակցել էին «Յոթը սարի ետեւում» մրցույթին, դարձել մրցանակակիր եւ ճանաչելի դարձրել իրենց դպրոցն ու գյուղը: Կարեւորեց ծրագիրը, որը, բացի գեղագիտական նշանակությունից, ունենալու է ճանաչողական, մասնագիտական ընտրության հնարավորություն դպրոցականների համար։ Հույս հայտնեց, որ թանգարանը կծառայի իր նպատակներին։

Համակուրսեցուն ու երկար տարիների ընկերոջը ներկայացրեց հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Հոբոսյանը։ Ասաց, որ շատերը Եսայիին գիտեն որպես լավ գիտնականի, հնագետի, զինվորականի, սակայն պետք է իմանան նաեւ, որ նա մեծ մարդ էր, լավ ընկեր, հումորով լեցուն։ Նշեց՝ դեռ ուսանողական տարիներին է Եսային ունեցել առաջնորդի ջիղ, եւ նրան են ընտրել կուրսի ավագ։ Պատմեց, թե ինչպես են կարողացել հայ-ադրբեջանական սահմանին իրականացրել դամբարանների պեղումներ դեռ ուսանողական տարիներին։ Թուրքերը եկել եւ փորձել են արգելել պեղումները՝ պատճառաբանելով, որ այդ դամբարաններն իրենց նախնիներին են պատկանում։ Ե. Ասատրյանը կարողացել է ապացուցել, որ թուրքերը սխալվում են։ Իր ամուսնուն՝ որպես հատկապես հայրենասեր գիտնականի ու զինվորականի, ներկայացրեց Աստղիկ Պողոսյանը։ Ողջունելով թանգարանի բացումը՝ հույս հայտնեց, որ այստեղ այցելողները երեւի կմտածեն Շուշին հետ բերելու, Տիգրանակերտում պեղումներ կատարելու, Դադիվանք անարգել ուխտի գնալու մասին։ «Եսային այն գիտնականներից էր, որ Արցախյան գոյամարտի առաջին օրերից զենք վերցրեց, ընկերների հետ կազմակերպեց ու ստեղծեց կամավորական «Սասուն», «Թալին» ջոկատները եւ որպես հրամանատար մասնակցեց մարտական գործողությունների Արցախի Բերդաձորում, Մեղրիում եւ այլուր»,- ասաց Ա. Պողոսյանը եւ հավելեց, որ այդ օրերին Եսային գրել է. «Հնագետս դարձա զինվորական, որ վաղվա խաղաղ օրը գիտնականի գրիչով ու բրիչով աշխատելիս չամաչեմ»։

Ելույթներից հետո իրենց երկրացուն ու գիտնական-հնագետին, զինվորականին ներկայացրեցին դպրոցի աշակերտները, հանդես եկան նաեւ երգերի ու ազգագրական պարերի կատարումներով։ Դպրոցի շրջանավարտ, Երեւանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի երգարվեստի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Պետրոսյանի կողմից հնչեցին «Լաճ, տնավեր…» եւ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը, որոնք ժամանակին շատ է սիրել Ե. Ասատրյանը։ Սուսաննայի քույրը՝ 12-րդ դասարանցի Մարգարիտան, «Յոթը սարի ետեւում» մրցույթի մասնակիցներից է, որոշել է բժշկուհի դառնալ։ Նույն մրցույթի մասնակից 10-րդ դասարանցի Մհեր Թորոսյանը նույնպես հանդես եկավ՝ ներկայացնելով Ե. Ասատրյանի կենսագրական տվյալներից։ Որոշել է դիվանագետ դառնալ, սակայն երկմտում է. հնարավոր է՝ հնագետ։ Ելույթներից հետո եղավ ցուցասրահի բացումը։ Առաջինը ներս մտան գիտնականի կինը, ընկերները։ Ներկաները ծանոթացան ցուցադրությանը։ Հատկապես ուրախ էին այն գիտնականները, ովքեր աշխատել են Եսայու հետ։ Ցուցադրությունում նաեւ նրանց՝ տարիներ առաջվա լուսանկարներն էին։

Ընթացքում զրուցեցի Եսայու որդու՝ փոխգնդապետ Վարդան Ասատրյանի հետ։ Ասաց՝ գոհ է եւ ուրախ, որ բացվեց թանգարանը, հավելեց նաեւ՝ երեխա ժամանակ հոր հետ մասնակցել է հնագիտական պեղումների, սակայն ընտրել է նրա երկրորդ մասնագիտությունը, դարձել է զինվորական եւ այժմ էլ ծառայում է ՀՀ զինված ուժերում։ Զինղեկ Գնել Թովմասյանը 1991-ից է աշխատում դպրոցում։ Կարեւորում է նման միջոցառումները, որ աշակերտները ճանաչելով հայրենիքը, կսիրեն նաեւ այն, իսկ իր եւ բոլոր զինղեկների պարտքն է նույն աշակերտներին նաեւ զինվորական գործը սովորեցնել։ Այսօր, քան երբեւէ, մենք դրա կարիքն ունենք։         

Թեգեր: թանգարան
Կիսվել8Tweet5Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«…Իսկ դու սոված նկարիչ պիտի դառնաս»

«…Իսկ դու սոված նկարիչ պիտի դառնաս»

Արեւի ու լուսնի հայուհի «մայրը»

Արեւի ու լուսնի հայուհի «մայրը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist