Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Տանձուտի ժայռափոր եկեղեցին
Տանձուտ գյուղն Աղավնոյի ձախ ափին է՝ Ծիծեռնավանքից մոտ 5 կմ հյուսիս։ Գյուղի հյուսիսարեւելյան կողմում գեղատեսիլ ժայռեղեն պուրակ կա, իսկ հեղեղատներից առաջացած ձորակը ձգվում է մոտ 2 կմ, ունի բազում սնկաձեւ ժայռեր ու քարանձավներ, որոնցից մի քանիսը եղել են ճգնարաններ, հնարավոր է՝ բնակելի կացարաններ։ Միջնադարում մեր պապերը քարանձավներից մեկի ներսը մշակել եւ սրբատուն են դարձրել։ Միանավ բազիլիկ եկեղեցու ներքին չափերն են՝ 5.8×2.5 մ, բարձրությունը՝ 4.4 մ։ Ունի 1 մուտք եւ 2 փոքր պատուհան։ Սուրբ խորանից հանվել է վեմասեղանը, որի տեղն անհայտ է։ Եկեղեցու հարեւանությամբ միջնադարում գոյություն է ունեցել ջրաղաց. պահպանվել են ավերակներն ու աղաց-քարը։ Դիմացի ժայռերին ժամանակին խաչքարեր են եղել. պահպանվել են հիմք-փոսորակները։ Եկեղեցու արեւմտյան կողմում բնական կամար կա։ Պատերին քանդակներ ու արձանագրություն չկա։
Սթունիսի եռանավ եկեղեցին
Ծիծեռնավանքից մոտ 7 կմ հյուսիս-արեւմուտք ընկած պատմական Սթունիս գյուղը Աղավնո գետի աջակողմյան գեղեցիկ ձորակներից մեկում է, որտեղ կան եւ շատ են քարանձավները, որոնք ժամանակին եղել են բնակելի կամ օգտագործվել են որպես անասնագոմ ու պահեստ-ամբար-մառան։ Գյուղի արեւելյան եւ հարավային կողմերի աղբյուրներից է ծնունդ առնում Սթունիս գետակի հարավային ճյուղը, որը, մոտ 2 կմ հոսելով, միանում է հաջորդ ճյուղին, որը իր հերթին, սնվում է անտառապատ ու սնկաձեւ ժայռերով հարուստ ձորակների աղբյուրներով։
Սթունիս գյուղում կանգուն է 17 x 10.25 մ արտաքին չափերով եռանավ թաղակապ բազիլիկ եկեղեցին, որը ճարտարապետական կառույցով նման է 17-րդ դարում կառուցված տարածքի մի շարք եկեղեցիների։ Պատերն ունեն 1.15 մ հաստություն։ Այս եկեղեցու մասին հայկական աղբյուրներում հիշատակություն չկա (ամեն դեպքում՝ չեմ հանդիպել)։ Գյուղը, որի մի տան կտուրը մյուսի համար գրեթե բակ է ծառայում, ընկած է բավականին թեք սարալանջին: Առաջին հայացքից թվում է, թե եկեղեցին երկհարկանի է: Մուտքը հարավ-արեւելքից է՝ պայտաձեւ կամարով, սրբատաշ անկյունաքարերով: Վերեւում՝ դեպի աջ, կա մի փոքր պատուհան, իսկ երկրորդը, որն ավելի մեծ է, բացված է նույնանման փոքրի տեղում հետագայում` արդեն քուրդ-ազերիների կողմից, երբ եկեղեցին օգտագործել են, հավանաբար, որպես պահեստ: Այն գտնվում է ավելի աջ: Հյուսիսարեւելյան պատին կան 3 պատուհան. երկուսն ավանդատներին են, իսկ մեջտեղինը, որ դարձյալ իր չափերով մեծ է, բացված է սուրբ խորանից: Զգացվում է՝ սա էլ է հետագայում մեծացվել: Նույն պատի ձախակողմյան անկյունաքարերից երեքը տապանաքարերի բեկորներ են, երկուսը՝ խաչաքանդակներ, իսկ մեկը մարդապատկերով է: Նման քարեր կան նաեւ հարավարեւմտյան՝ մուտքին մերձակա անկյունում:
Սրանք հուշում են, որ մինչ եկեղեցին կառուցելը այս մասում գերեզմանատուն է եղել: Կառույցի միայն անկյուններն են սրբատաշ, իսկ մնացածը մշակված եւ համաչափ կապտավուն բազալտե քարեր են: Մի մեծ պատուհան էլ (1,5 մ բարձրությամբ, 1 մ լայնությամբ) կա արեւմտյան պատին: Պատուհանի վերեւի մասում տանիքը քանդված է: Ներսի կողմից թաղակապ տանիքը պահում են կամարներն ու սյուները: Սուրբ խորանի երկու կողմերում կան խորշեր, որոնցից մեկը ուղղանկյուն է, իսկ մյուսը վերեւում կամարաձեւ է: Խորանի եւ ձախ կողմի ավանդատան մեջտեղի սյան ներքեւում խաչ է քանդակված, որի մի մասը թաղված է հողի մեջ: Ընդհանրապես, հատակը լցվել է հողով: Մուտքի մոտ գտնվող սյունը եռաթեւ է. մեկին արձանագրություն կա՝ ծածկված կրասվաղով: Մյուսների վրա հետաքրքիր ոճի 2 խաչեր են քանդակված: Արձանագրության որոշ տառեր բացվել են: Կարելի է նաեւ ամբողջը բացել, բայց՝ զգուշությամբ, դրա համար հարկ է մասնագետների միջամտությունը:
Այսուամենայնիվ, սրբատունը բավականին լավ վիճակում է մեզ հասել, կարեւորը՝ արձանագրությունները եւ քանդակները վնասված չեն: Արեւմտյան պատի հարեւանությամբ կան քարանձավներ, որոնք ժամանակին բնակելի են եղել եւ, հավանաբար, ծառայել են որպես եկեղեցուն կից օժանդակ կացարաններ: Բազիլիկի 3 կողմում պատեր կան, որոնք պահում են բակը, իսկ հյուսիսային պատը կպած է հողին. այս կողմում տանիքը հարեւան տան բակին է հավասար, եւ հանգիստ կարելի է բարձրանալ եկեղեցու կտուրը, որը դրսից կավապատ է: Անցած տարի ամռանը Բերձորի եւ մոտակա բնակավայրերի երիտասարդներին ուղեկցեցի Սթունիսի հովիտ, որտեղ են Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին, Սթունիս գյուղի եւ մոտակա 2 եկեղեցիները, Աղավնո ամրոց-հնավայրը եւ այլ պատմական հուշարձաններ ու անկրկնելի գեղեցկությամբ բնություն: Նորից ցավով նշեմ՝ դա մեր երիտասարդներից շատերի համար առաջին ու վերջին այցն էր մեր սրբավայրերը, որոնք առավել էին սրբացել 1990-ական թվականներին:
Սթունիս-2
Մկնատամի Խաչ մատուռից մոտ 2 կմ արեւմուտք՝ Սթունիս գետակի սկզբնամասում, ձախակողմյան թեք լանջին կանգուն է հայոց միջնադարյան մեկ այլ սրբատուն՝ միանավ բազիլիկ եկեղեցի: Ըստ հնագետ-մասնագետների՝ սրբատունը կառուցվել է 9-րդ դարում: Կա կարծիք, որ այն ավելի հին է՝ հիմնադրվել է 4-րդ դարում: Եկեղեցու մոտակայքում եւ հարեւանությամբ ժայռերով ու քարանձավներով հարուստ ձորակում պահպանվել են վաղ շրջանի տների ու պարիսպների հետքեր: Սա խոսում է այն մասին, որ մեր պապերը շատ վաղուց են այստեղ բնակվել, եկեղեցի ու ջրաղաց կառուցել, խաչքար կերտել: Հարավից է եկեղեցու գլխավոր մուտքը՝ շինության ճակատային արեւմտյան կողմից: Մուտքի անկյունաքարերի մեծ մասը տեղում չէ, աջակողմյան անկյունաքարերից մեկի վրա խաչ է քանդակված: Նույն պատի վերնամասի միջին հատվածում գտնվում է պատուհանը, իսկ դռան վերին մասում 7 խորշ կա:
Հնարավոր է՝ շինության հարավային կողմում գավիթ է եղել, որը քանդվել է: Նշված խորշերը, որ գերանների համար են, եւ դիմացում պատի հիմքերը դա են վկայում: Մյուս մուտքը, որն արեւմտյան կողմից է, շարված է: Երեւի ժամանակին քրդաթրքերը սրբատունը որպես փարախ են օգտագործել, փակել են երկրորդ մուտքը: Արեւմտյան կողմում շինության թաղը քանդված է, իսկ պատին գեղեցիկ վարդակներով պատուհան կա: Թաղածածկ ու միանավ է՝ շարված կիսամշակված քարերով, կրաշաղախով: Եկեղեցին, հավանաբար, արձանագրություն չի ունեցել: Արտաքին չափերն են՝ 8.45×6 մ, պատերի հաստությունը՝ 1,2 մ: 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրութիւն»-ի հավելվածում հիշատակվում է Սթունիս պատմական գյուղը, որը 1600 պտղաչափով հարկ է տվել Տաթեւի վանքին: Եկեղեցու արեւելյան կողմում՝ ձորի թեք լանջին պահպանվել է մեկ այլ մատուռի ավերակ: Միայն հիմքերն են մնացել՝ կողքին մոտ 1.5×0.9մ չափերով խաչքար կա ընկած:
Սթունիս-3
Սթունիս գետակի 2 վտակների ջրբաժան ոչ բարձր հրվանդանի սկզբնամասում պահպանված է կառույցի ավերակ, որի արտաքին չափերն են 9×4.5 մ։ Զգացվում է, որ կառույցը եղել է բազիլիկ եկեղեցի։ Արեւելյան պատը կամարաձեւ է, որը վկայում է սուրբ խորանի` այստեղ լինելու մասին, հարեւանությամբ որմնասյան հետքերն են։ Մուտքը եղել է արեւմուտքից: Ավերված պատի մեջ պահպանվել է բարավորը։