Հայոց միջնադարը հարուստ է մեր վաղնջական պատմության էջերը զարդարող լուսապսակ անուններով: Այդ անուններն ամենատարբեր բնագավառներում անկորնչելի վաստակ ունեցող երեւելի դեմքեր են, որ ուղեկցել են սերունդներին ժամանակների հոլովույթում եւ չեն խունացել երբեւէ: Նման երախտավորներից է Մխիթար Հերացին, ով իրավամբ համարվում է հայկական դասական բժշկության նախակարապետն ու հիմնադիրը: Նա նաեւ գիտնական էր, բնագետ ու փիլիսոփա:
Ներսես Շնորհալի ազգանվեր կաթողիկոսի բնութագրմամբ՝ Հերացին ոչ միայն մեծահամբավ բժիշկ էր, այլեւ աստղագետ: Նա տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին: Կիլիկյան Հայաստանում մասնագիտական կրթություն ստացած Հիպոկրատի երդվյալը՝ ծնունդ առած Իրանի Խոյ քաղաքում, բժշկական գործունեություն է ծավալել Սիս մայրաքաղաքում, կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու եւ Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ: 12-րդ դարի 60-ականներին նա արդեն վայելել է բացառիկ բժշկապետի համբավ, թեեւ նրա գիտելիքներն ու ուսումնասիրությունների ոլորտը ավելի լայն են եղել ու ներառել են գիտության ամենատարբեր ճյուղեր ու ոլորտներ:
Բժշկապետի գրի առած ու գրած աշխատություններից սերունդներին, ցավոք, միայն մասունքներ են հասել: Միակ գիրքը՝ «Ջերմանց մխիթարությունը» մագաղաթագրվել է 1184 թվականին՝ Գրիգոր կաթողիկոսի առաջարկությամբ: Գիրքն այդպես է անվանել, որպեսզի այն մխիթարի բժշկին՝ ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ: Աշխատության էջերում նա անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճուտ վայրերում աղետալիորեն տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման եւ բուժման խնդիրներին: Խորիմաց բժշկապետը տենդային հիվանդությունները բաժանել է երեք խմբի՝ միօրյա, բորբոսային եւ հալեւմաշ անող: Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես բորբոսային տենդի մասին, ըստ որի՝ այդ տենդը վարակիչ է, իսկ դրա պատճառը մարդու արյան եւ մյուս հեղուկների մեջ գոյացող բորբոսն է, որը, կուտակվելով որեւէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Ժամանակակից բժշկության պատկերացումներով՝ դա վարակական շարժընթացի դիպուկ նկարագրություն է, ինչը Հերացին տվել է մանրէների հայտնագործումից շատ ու շատ առաջ: Բորբոսային տենդերի խմբում միջնադարի հանճարը նկարագրել է դողէրոցքը, տիֆային եւ արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը: Իսկ տենդային հիվանդությունների նրա դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլեւ կլինիկական տեւական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա:
Մխիթար Հերացին մշակել է նաեւ բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության, հատկապես բուսաբուժության, սննդաբուժության եւ ֆիզիկական եղանակների վրա: Լուրջ ուշադրություն է դարձրել պսիխոթերապիայի՝ հոգեբուժման եղանակներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաեւ… երաժշտությունը:
Բժշկապետի «Ջերմանց մխիթարությունը» դարեր շարունակ լավագույն ձեռնարկ-դասագիրքն է եղել հայ բժիշկների, բժշկություն ուսումնասիրողների ու սովորողների համար: Իսկ նրա ստեղծած բժշկական տերմինների առավել մասը հայ բժշկության մեջ կիրառվում է նաեւ այսօր:
Մխիթար Հերացու ոչ ծննդյան, ոչ մահվան թվականները ճշգրտորեն հայտնի չեն: Դրանք տատանվում են տասնամյակների սահմաններում: Իրանական Խոյ քաղաքում ծնված մեծանուն հայի հավերժական կացարանը Հռոմկլայում է, իսկ նրա անունը՝ հայ մեծերի դասում: