Հայկական գրատպության պատմությունը համաշխարհային մշակույթի ու քաղաքակրթության զարգացման պայծառ էջերից է` առանձնահատուկ տեղ զբաղեցնելով «Գուտենբերգյան գալակտիկայում»: Դարեր շարունակ ենթարկվելով բարբարոս ժողովուրդների գերիշխանությանը եւ զանգվածային կոտորածների, հայ ժողովրդի զգալի մասը ստիպված էր հեռանալ մայր երկրից` սփռվելով աշխարհով մեկ: Տարբեր երկրներում ստեղծելով գաղթօջախներ, ամենուր նրանք հիմնեցին տպարան, դպրոց, եկեղեցի, զարգացրին հարուստ մշակույթ` ձգտելով պահպանել իրենց ազգային դիմագիծը:
Աղբյուրները վկայում են, որ տպագրական արվեստի հետ հայերի ամենավաղ առնչությունը գալիս է 14-րդ դարից: Այսպես, Չինաստանում 17-րդ դարի ռուսական դեսպան (ծագումով՝ մոլդովացի) Նիկոլայ Գավրիլովիչ Սպաֆարին (1636-1708) տպագրության «չինական գաղտնիքը» Արեւելքից Եվրոպա տարածելու գործում հիշատակել է նաեւ հայազգի Անտոնին: Իր «Сибирь и Китай» (Кишинев, 1960) գրքի «Աշխարհի` Ասիա կոչվող առաջին մասի նկարագրությունը» գլխում նա գրել է. «…երբ կալմիկները (մոնղոլներ.-Գ. Ս.) եւ թաթարները գրավեցին Չինաստանը, նրանց հետ Չինաստան եկան հայր Օդերիկը, Անտոն հայը եւ Մարկո Պավել (Պոլո.-Գ. Ս.) վենետիկցին եւ, ճշմարիտ, նրանք Չինաստանից Եվրոպա բերեցին այդ արվեստները» (էջ 184):
Իսկ ֆրանսիացի գիտնական Պ. Գյուսմանը 1916 թ. կարծիք է հայտնել, թե տպագրությունը Եվրոպա կարող էին բերել փոքրասիական եւ կովկասյան ժողովուրդները, օրինակ` հայերը, թուրքերի եւ մոնղոլների ճնշումներից նահանջելով Արեւմուտք (Владимиров Л.И. Всеобщая история книги. М., 1988, էջ 95): Ըստ Գյուսմանի` մի խումբ հայեր ույղուրների մոտ սովորելով տպագրության ամենակատարյալ ձեւերը` մեկնում են Նիդերլանդիա, ուր ապրում էր Լաուրենս (Լավրենտի) Յանսզոն Կոստերը (1405-1484)` եվրոպական գրատպության ենթադրվող հիմնադիրներից մեկը (Գուտենբերգից առաջ): Սակայն գրքագիտության նորագույն տվյալները հաստատում են, որ Նիդերլանդիայի Հառլեմ քաղաքի վանական Կոստերը տպագրական տեխնիկայի գաղտնիքն իմացել է Արեւելքից եկած հայ գաղթականներից (տես` История книги. М., 1998, էջ 50): Սա, մեր կարծիքով, ցնցող փաստ է համաշխարհային հայագիտության եւ արդի գրքագիտության զարգացման համար: Պատմատեղեկատվական աղբյուրներից կարելի է նաեւ եզրակացնել, որ գրատպության զարգացման ընթացքում միավորվում են տարբեր ժողովուրդներ ու մշակույթներ, դրսեւորվում են նրանց փոխադարձ կապերը: Այս օրինաչափությունը կրում է նաեւ հայ գիրքը:
…Հայ գրատպության օրրանը Վենետիկն է (Իտալիա), որտեղ 1512 թ. Հակոբ Մեղապարտը հիմք դրեց մեսրոպատառ առաջին տպագիր հրատարակությանը` «Ուրբաթագիրք» վերնագրով: Այս հազվագյուտ գրքի մի օրինակը Հայաստանի ազգային գրադարանում է, մյուսը` Մխիթարյան միաբանների մատենադարանում: Այնուհետեւ (1512-1513 թթ.) լույս է տեսել եւս չորս գիրք. «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատոմար» եւ «Տաղարան»: Այսպիսով` հայերը ոչ միայն եվրոպացի շատ ազգերից առաջ, այլեւ նախկին Խորհրդային Միության ժողովուրդներից ու ներկայիս ԱՊՀ երկրներից առաջինն էին, որ իրականացրին ազգային լեզվով տպագրություն: 16-րդ դարի հայկական տպագրության կարեւոր օջախներ էին նաեւ Կ.Պոլիսը (1567 թ.), որի հիմնադիրը Աբգար Դպիր Թոխատեցին էր (հետագայում` Գրիգոր Մարզվանեցին), Հռոմը (1584 թ.), որտեղ տպագրվել են բազմաթիվ գրքեր:
17-րդ դարում հայկական տպագրությունը թեւակոխում է նոր շրջան: Հայկական տպագրական արվեստի զարգացման մյուս կենտրոնները դարձան Լվովը (1616թ.), Միլանը (1621թ.), Փարիզը (1633թ.), Լիվոռնոն (1643թ.), Լայպցիգը (1680թ.): 1638թ. Նոր Ջուղայում Խաչատուր Կեսարեցին հիմք է դնում հայ տպագրական օջախի, որն առաջինն էր ոչ միայն Իրանի հողում, այլեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի ժողովուրդների կյանքում: Նոր Ջուղայում են տպագրվել «Հարանց վարք» (1641թ.), «Ժամագիրք Ատենի» (1642թ.) գրքերը: Այս դարաշրջանի հայկական տպարաններից ամենահայտնին Ամստերդամինն էր (1660թ.), ուր Ոսկան Երեւանցու ջանքերով 1666թ. տպվեց առաջին հայերեն ամբողջական «Աստվածաշունչը», որը մեծ անկյունադարձ էր հայ տպագրության համար: Հետագայում ամստերդամյան գրահրատարակչության զարգացնողները եղան Թովմաս, Ղուկաս եւ Միքայել Նուրիջանյանները (պատմական Հայաստանի Վանանդ գավառից): Վանանդեցիները 1695թ. Հոլանդիայում հրատարակեցին առաջին հայագիր քարտեզը` «Համատարած աշխարհացույցը», 5-րդ դարի հայ նշանավոր պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»: Հայ մատենագիտության ժամանակակից հրատարակություններում առանձնահատուկ տեղ ունի Պետրոս Հովհաննիսյանի հեղինակած Մովսես Խորենացու ամբողջական մատենագիտությունը (2013թ.)՝ նվիրված «Հայոց պատմության» անդրանիկ տպագրության 320-ամյակին:
18-րդ դարում հայերեն գրքերի հրատարակման գործում աչքի ընկնող դեր են խաղում Մխիթարյանները, երբ 1701-ին հաստատվեցին Վենետիկում: Նրանք սկսեցին հրատարակել հայագիտական բնույթի բազմաթիվ գրքեր, ինչպես նաեւ հունա-հռոմեական գրականությունից արված թարգմանություններ: Հարկ է հիշել Մ. Սեբաստացու «Բառագիրք հայկազյան լեզվի» երկհատոր բառարանը (1749-69 թթ.), Մ. Չամչյանի եռահատոր «Հայոց պատմությունը» (1784-86 թթ.) եւ այլն: Նշված դարում հայկական տպագրական օջախներ են ստեղծվում Լոնդոնում (1736 թ.), Հնդկաստանի Մադրաս (1772 թ., այստեղ 1794 թ. լույս է տեսնում հայերեն առաջին պարբերական մամուլը` «Ազդարարը») եւ Կալկաթա (1796 թ.) քաղաքներում: Անհրաժեշտ է նշել, որ 2019 թ. նոյեմբերի 28-29-ը Հայաստանի ազգային գրադարանում կայացավ գիտաժողով` նվիրված «Ազդարարի» 225-ամյակին, որտեղ գիտական զեկուցումներով հանդես եկան գիտության, կրթության եւ մշակույթի բազմաթիվ գործիչներ: 1781 թ. Գ. Խալդարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ ռուսական հողում` Սանկտ Պետերբուրգում, հայկական տպարանի հիմք է դրվում: Այնուհետեւ` Նոր Նախիջեւանում (1786 թ.), իսկ տասը տարի անց` Աստրախանում (1796 թ.): Այստեղ 1815 թ. լույս է տեսնում առաջին արեւելահայ շաբաթաթերթը` «Արեւելյան ծանուցմունք»:
18-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանում` Էջմիածնում, առաջին անգամ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 1771 թ. հիմնվում է տպարան, որին կից 1776 թ. գործել է թղթի գործարան: Այստեղ են սկսել լույս տեսնել «Արարատ» (1868 թ.), 1944-ից` «Էջմիածին» հայագիտական ամսագիրը (Հայ եկեղեցու պաշտոնական օրգան), Ս. Երեւանցու «Ջամբռը» (1873 թ.) եւ այլ գրքեր:
Տպագրական կենտրոնների աշխարհագրական ընդգրկմամբ եւ տպագիր հրատարակությունների բազմազանությամբ ամենից բեղունը եղավ 19-րդ դարը: Այս դարում հայոց վերազարթնումի կենտրոնը մնում էր Իտալիան: Սակայն Մխիթարյանների մի մասը, որոնք 1772 թ. Ս.Ղազարից հեռացել էին Տրիեստ քաղաք, 1810 թ. տեղափոխվում են Վիեննա (Ավստրիա), ուր 1812 թ. հիմք են դնում տպագրական մի նոր օջախի: Վենետիկի եւ Վիեննայի հայ գաղթօջախները մինչեւ օրս էլ անգնահատելի դեր են խաղում հայկական մշակույթի վերածննդի հարցում: Այս քաղաքներում են հիմնադրվել հայագիտական երկու արժեքավոր հանդեսներ` «Բազմավեպը» (Վենետիկ, 1843 թ.) եւ «Հանդես ամսօրյան» (Վիեննա, 1887 թ.), որոնք լույս են տեսնում ցայսօր եւ ունեն ընթերցողական մեծ հետաքրքրություն: Վերջապես` եվրոպական այդ կենտրոնների հայկական մատենադարաններում է հիմնվել հայ ազգային մատենագիտական իսկական դպրոցը, որը սկզբնաղբյուր դարձավ եվրոպական հայագիտության ու նրա մատենագիտության զարգացման համար: Ըստ գերմանացի հայագետ Պ. Ֆեթթերի` «Առանց Մխիթարյանների եվրոպական հայագիտությունը եւ հայ մտքի եվրոպականացումը 200 տարի պիտի ուշանային»:
19-րդ դարում հայ տպագրական կենտրոններ են առաջ գալիս ինչպես Եվրասիայի, այնպես էլ Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրներում: Գրատպության զարգացման գործում կարեւոր նշանակություն ունեցան Բոմբեյի (1810 թ.), Երուսաղեմի (1833 թ.), Կահիրեի (1865 թ.), Ալեքսանդրիայի (1888 թ.), Ժնեւի (1891 թ.), Աթենքի (1892 թ.), Թեհրանի (1894 թ.) հայկական տպարանները: 1857 թ. հայկական տպագրությունը մուտք է գործում Նյու-Յորք, իսկ 1899-ին` Բոստոն: Այս շրջանին է վերաբերում Շուշիի (1828 թ.), Մոսկվայի Լազարյան ճեմարանի (1828 թ.) եւ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի (1823 թ.) հայկական տպարանների հիմնումը, որոնց դերը նույնպես մեծ էր գրահրատարակման եւ տպագիր մշակույթի զարգացման մեջ: Ս. Նազարյանցի խմբագրությամբ եւ Մ. Նալբանդյանի եռանդուն աջակցությամբ 1858-1864 թթ. Մոսկվայում լույս է տեսել «Հյուսիսափայլ» ամսագիրը: Նրանում տպագրված հոդվածների մասին տեղեկատվություն ստանալու համար կարելի է օգտվել համանուն ամսագրի մատենագիտությունից (1978 թ.): Իսկ Շուշիում լույս տեսած առաջին գիրքը Հարություն Ջուղայեցի Դավթյանի «Պատմություն Սուրբ Գրոցն» է (1828 թ.)։ Բազմաթիվ տպագիր գործերից ու բազմանուն պարբերականներից բացի, Շուշիում են առաջին անգամ տպագրվել Րաֆֆու «Խենթը» (1881 թ.), Բայրոնի «Շիլոնի կալանավորի» (1837 թ.), Գոգոլի «Տարաս Բուլբայի» (1886 թ.), Ֆիրդուսու «Ռոստամ եւ Սոհրաբ» («Շահնամե») վեպի (1893 թ.) հայերեն առաջին թարգմանությունները։ 19-րդ դարի 2-րդ կեսին Հայաստանի թե՛ արեւելյան մասում` Երեւանում եւ Ալեքսանդրապոլում (1876 թ.) եւ թե՛ արեւմտյան մասում` Վանում (1858 թ.) եւ Մուշում (1863 թ.), ստեղծվեցին գրատպության նոր կենտրոններ: Վանում (Վարագա վանքում) 1858 թ. քաղաքական, հոգեւոր եւ մշակութային մեծ գործիչ Մ. Խրիմյանի (1820-1907 թթ.) խմբագրությամբ լույս է տեսնում «Արծիվ Վասպուրականի» ամսագիրը, իսկ Մուշում Գ. Սրվանձտյանի (1840-1892 թթ.) խմբագրությամբ հրատարակվեց «Արծվիկ Տարոնո» պարբերականը (1865 թ.):
Գրքամատենագիտական հետազոտությունը ցույց է տվել, որ մինչեւ 1920 թ. աշխարհում գործած 460 հայկական տպարաններում տպագրվել է այնքան հայերեն գիրք ու պարբերական, որը կազմում է համաշխարհային ամբողջ գրքային արտադրանքի 14,5 տոկոսը (Գ. Ա. Սուքիասյան, 1990 թ.): Սա լուրջ փաստ է տպագրական քաղաքակրթության զարգացման պատմության մեջ:
Մայր Հայաստանը գրքի եւ տպագրական արվեստի զարգացման ծաղկուն կենտրոն դարձավ խորհրդային եւ հետխորհրդային շրջաններում, երբ Երեւանում սկսեցին հիմնադրվել տասնյակ հրատարակչություններ` «Հայպետհրատ» (1921 թ.), «Գիտություն» (1936 թ.), «Լույս» (1964 թ.), «Հայկական հանրագիտարան» (1967 թ.), «Տիգրան Մեծ» (1968 թ.), «Խորհրդային գրող» (1976 թ.), «Արեւիկ» (1986 թ.), «Էդիթ Պրինտ» (1993 թ.), «Զանգակ-97» (1997 թ.) եւ այլն: Հայալեզու եւ օտարալեզու գրականության տարածման գործում կարեւոր նշանակություն սկսեցին ձեռք բերել նաեւ բուհական տպարաններն ու ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիական միջոցները:
Ըստ աղբյուրների` հայկական ձեռագրերի եւ տպագիր գրքերի բազմաթիվ հուշարձաններ անհետ կորել են, բայց զգալի մասը «ապաստան» են գտել Հայաստանի եւ արտասահմանի, ներառյալ հայկական սփյուռքի գրադարաններում, մատենադարաններում ու թանգարաններում: Այդ են վկայում Հայաստանում ու հայկական սփյուռքում լույս տեսած բազմանուն տպագիր ձեռագրացուցակներն ու գրացուցակները: Օրինակ` Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակած «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի» (Հ.Ա, 1984; Հ.Բ, 2004; Հ.Գ, 2007; Հ. Դ, 2008; Հ.Ե, 2009; Հ.Զ, 2012; Հ.Է, 2012; Հ.Ը, 2013; Հ.Թ, 2017; Հ.Ժ, 2019)` ընդգրկելով մինչեւ 3400 ձեռագրերի մատենագիտական նկարագրություն եւ Հայաստանի ազգային գրադարանի հրատարակած «Հայ գրքի մատենագիտությունը» (Հ.1, 1988; Հ.2, 1967; Հ.3, 1999; Հ.4, 2007; Հ.5, 2012; Հ.6, 2018)՝ ընդգրկելով 1512-1940 թթ. տպագրված գրքերը: Համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ արժեքավոր մատենագիտությունները օժտված են նյութերի ընդգրկման անչափելի խորությամբ ու բազմազանությամբ, մատենագիտական նկարագրման առանձնահատկություններով, որոնք աղբյուրագիտական, գրադարանային-տեղեկատվական եւ գրքագիտական տեսանկյուններից ունեն մեծ նշանակություն: Նրանցում խստորեն պահպանված է նաեւ ժամանակագրական կարգը, ինչը չափազանց կարեւոր է: Բացի դրանցից, հայ գրքին ու պարբերական մամուլին նվիրված մատենագիտական նորանոր աշխատանքներ են կատարվել ու հրատարակվել Հայաստանում, Արցախում եւ հայկական սփյուռքում, որոնք վերոնշյալ ցանկերի հետ միասին ընթերցող հասարակության, կրթական եւ գիտական հաստատությունների համար տեղեկատվության եւ գիտելիքի անսպառ աղբյուր են:
Ինչպես հայտնի է, 2012 թ. նշվեց հայկական տպագրության 500-ամյակը, որի առիթով ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հարկ է նշել, որ 2010-12 թթ. Հայաստանում, Արցախում (Շուշի) եւ հայկական սփյուռքում կայացան մի շարք միջոցառումներ ու 500-ամյակին նվիրված գիտաժողովներ: Լույս տեսան արժեքավոր հրապարակումներ, այդ թվում` «Հայ գրատպություն եւ գրքարվեստ» եզակի հանրագիտարանը (2015 թ.):
Տեղին է նաեւ նշել, որ 2018 թ. հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում` Ժուռնալիստների միության դահլիճում նշվեց Շուշիի գրատպության 190-ամյակը` վերարժեվորելով Շուշիի պատմական դերը ազգային մշակույթի զարգացման մեջ: Ցավոք` Շուշիի ապագա զարգացումը 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի պատերազմի հետեւանքով ընդհատվեց… Արցախյան նոր պատերազմի հետեւանքով հայկական մշակութային ժառանգության պատկառելի մասը` 2000 հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանք-համալիր, 52 ամրոց, 536 խաչքար եւ 12 թանգարան (այդ թվում` 10 պետական, 2 մասնավոր) հայտնվել են ադրբեջանա-թուրքական զավթիչների ձեռքում, որոնք ակնհայտ եւ բարբարոսաբար ոչնչացվ(ել)ում են:
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել նաեւ 124 գրադարաններ, այդ թվում` Շուշիի եւ Հադրութի կենտրոնական եւ Բերձորի քաղաքային գրադարանները՝ 68400 գրքային ֆոնդով։ Ինչպես նաեւ՝ 121 դպրոցական գրադարաններ, այդ թվում` Ասկերանի շրջանի 8, Մարտակերտի շրջանի 7, Մարտունու շրջանի 7, Շուշիի շրջանի 4, Հադրութի շրջանի 28, Քարվաճառի շրջանի 15 եւ Քաշաթաղի շրջանի 52 գրադարաններ, որոնց գրքային ֆոնդը կազմել է 548600 միավոր։ Բոլոր ֆոնդերի ընդհանուր գումարը կազմել է 617000 միավոր գրականություն։ Մի խոսքով՝ կրթության, գիտության, պատմության եւ ընդհանուր մշակույթի վերաբերյալ տեղեկատվական հսկայածավալ ռեսուրսներ, որոնց ճակատագիրն առայժմ անհայտ է, թալանվել կամ ոչնչացվել են։ Այս ամենը հաստատում են Ադրբեջանի հակահայկական ու հայատյաց քաղաքականությունը, ինչը խստորեն դատապարտելի է: Մեր կարծիքով, համաձայն միջազգային օրենքների (ներառյալ հեղինակային) ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումների, հայկական մշակութային ժառանգությունը ենթակա է վերադարձման, իսկ այդ խնդիրը պահանջում է հրատապ լուծում:
2022 թ. լրանում է հայկական գրատպության 510-ամյակը: Պատմամշակութային այդ մեծ իրադարձությունը պետք է նշվի պետական ու համահայկական մասշտաբներով եւ արժանանա նոր գնահատականների` որպես հայ գրքի բազմադարյա պատմության, հայագիտության ու քաղաքակրթության զարգացման նվաճումներից մեկը: Հայ գրքի մեջ մեր սերունդը պիտի տեսնի հայ ժողովրդի փառավոր անցյալը, նրա մտքի հրաշալի ստեղծագործությունը, վերջապես` այն հավաքական ճիգը, որ նպատակաուղղված է ազգապահպանման, գիտական ու կրթական գործի ապագա զարգացմանը:
Գագիկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պրոֆեսոր,
մանկավարժական գիտությունների դոկտոր