«Ձայն Արցախական». այսպես է կոչվում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության (Նոր Նորքի մասնաճյուղ) հովանավորությամբ հրատարակված Արցախի գրողների անթոլոգիան, ուր տեղ են գտել ավագ, միջին եւ երիտասարդ սերնդի արձակ, չափածո ստեղծագործությունները:
Տարեգրքի, ուր գեղարվեստորեն ամփոփված են հայրենիքի, հարազատ եզերքի հանդեպ ունեցած սերն ու կարոտը, հեղինակներից շատերը ոչ միայն գրչով, այլ նաեւ զենքով են մարտնչում թշնամու դեմ, պայքարում վտանգված ինքնության, հոգեւոր եւ պատմամշակութային արժեքների փրկության ու պահպանման համար: Ժողովածուի մեջ տեղ են գտել երեք պատերազմի միջով անցած, անդառնալի կորստի ցավ ու զրկանքներ ապրած, սակայն վերջնական հաղթանակի նկատմամբ հավատը չկորցրած արցախցի բանաստեղծների եւ արձակագիրների գրական գործերը, որոնք ընթերցողներին հնարավորություն կտան վերծանել կոդավորված տողը, խոսքը, բառը…
Գիրքը կազմողները (Դ. Միքայելյան, Ա. Գրիգորյան եւ Հ. Ավագյան), բծախնդիր լինելով հանդերձ, ձգտել են հնարավորինս զերծ մնալ «խմբագրական միջամտություններից» եւ ստեղծագործությունների ընտրության հարցում չկաշկանդել հեղինակներին, նպատակ ունենալով նրանց ընթերցողների լայն շրջանակներին ներկայացնել հոգեկան տարբեր իրավիճակներում, երեւույթների ինքնատիպ ընկալմամբ, գեղարվեստական խոսքի զարգացման ներքին աղերսներով եւ գաղափարական շեշտադրումներով: Ինչպես «Արցախ. դաժան սեր»-ի, այնպես էլ «Ձայն Արցախականի» համադրման եւ հրատարակման գործը նախաձեռնել է ամերիկահայ գրող, դրամատուրգ, արվեստի եւ մշակույթի անխոնջ նվիրյալ Հրանտ Մարգարյանը:
Ազգային-ազատագրական պայքարը, իրար հաջորդած պատերազմները աստիճանաբար գրական նոր միջավայրի ձեւավորման, ազգային ոգու արթնացման շարժառիթ դարձան Արցախում, եւ ժամանակի բարդ, հակասական ընկալումները, բնականաբար, արտացոլվեցին գրողների արձակ, չափածո գործերում: Եվ սխալված չենք լինի ասել, որ լինելով ժողովրդի իղձերի եւ տրամադրությունների արտահայտիչը, պայքարի ողջ ընթացքում արցախցի գրողը հավատարիմ է մնում իր դավանանքին: Պատահական չէ, որ հրապարակումներից մեկում հայ անվանի բանաստեղծներից Բոգդան Ջանյանը խոստովանել է. «Արցախյան գրականությունը ստեղծվել է անասելի դժվար պայմաններում, նվիրյալ մարդկանց ջանքերի եւ զոհողությունների գնով: Հաճախ նրանք զոհ են դարձել խարդավանքներին, որոնց հեղինակները հանդիսացել են թուրք ազերիները»: Նրա համոզմամբ. «Ղարաբաղի գրողների բաժանմունքն ազերի ուժայինների համար նացիոնալիստներ որսալու նպատակադրված թիրախ էր, եւ թշնամին իր սեւ գործն էր անում»…
Արցախի գրական ընտանիքի ղեկավար, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն էլ իր հերթին հարցազրույցներից մեկում նշել է, որ «Արցախցի գրողը, դժբախտաբար, նախ հասարակական գործիչ է, ապա՝ գրող, ինչն ընդգծված զգացվում էր երկրի համար ամենաճակատագրական, ողբերգական պահերին, մասնավորապես՝ պատերազմի ողջ ընթացքում»:
Հատկանշական է, որ լեռնաշխարհում ապրող գրեթե բոլոր ստեղծագործողներն էլ իրենց գրքերում անդրադարձել են արցախյան ազատամարտին, գեղարվեստական խոսքի միջոցով արժեւորել նահատակված մեր հերոս հայորդիների մարտական ուղին, հավերժացրել նրանց դիմանկարը: Ազատագրական շարժման ակունքներում գտնվող Գուրգեն Գաբրիելյանը, Հրաչյա Բեգլարյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը, Վարդան Հակոբյանը, Սոկրատ Խանյանը, Արկադի Թովմասյանը, Նվարդ Ավագյանը եւ ուրիշներ պայքարի իրենց օրինակով ապացուցեցին Գարեգին Նժդեհի այն իմաստուն ձեւակերպումը, թե «Հայաստանն ինչ ցուցանակ էլ, որ կրելու լինի, առանց Ղարաբաղի եւ Զանգեզուրի չի կարող գոյություն ունենալ»: Արցախյան պատերազմներին իրենց ստեղծագործություններում արձագանքել են ինչպես գրական ընտանիքի ավագ, այնպես էլ միջին սերնդի ներկայացուցիչները: Հայրենիքի ազատության համար մղվող պայքարին զենքով եւ գրչով են մասնակցել բանաստեղծներ Ռոբերտ Եսայանը, Աշոտ Բեգլարյանը, Կոմիտաս Հակոբյանը, Արիս Գրիգորյանը, Գագիկ Բեգլարյանը, Դավիթ Շիրինյանը, Վիտալի Պետրոսյանն ու Հայասեր Հովսեփյանը: Ցավալիորեն, նրանցից տաղանդավոր բանաստեղծ Կոմիտասն արցախյան առաջին պատերազմում, հրադադարից ընդամենը ժամեր առաջ զոհվեց թշնամու գնդակից: Դաժան ճակատագրի արժանացավ եւ մարտիկ-բանաստեղծ Հայասեր Հովսեփյանը՝ արցախյան 44-օրյա պատերազմում:
Ամեն մի հեղինակ տարեգրքում յուրովի է ներկայացնում աղետյալ պատերազմի դեմքը, ողբերգական իրադարձությունների առանձնահատկությունները: Գերեվարված բերդաքաղաք Շուշիի, պատմական Դիզակ-հայրենիքի կարոտը ճաք է տալիս բանաստեղծ Վարդան Հակոբյանի հոգում, եւ նա «ինքնախոստովանության կարգով» բարձրաձայնում է.
Այն, ինչ ես գրել եմ գրքերում,
Բոլորը գիտեն,
Բայց ոչ բոլորը գիտեն այն
Ինչի մասին ես լռել եմ:
Դա գիտե իմ գրիչը…
Իսկ մեկ այլ ստեղծագործության մեջ պոետը մտախոհ քայլելով չհանգած մոխիրների միջով` անիծում է թշնամու սանձազերծած պատերազմը, որին զոհ գնացին դեռ սեր չվայելած 18-20 տարեկան պատանիները, եւ հայ մամիկների աչքերի արտասուքները չեն չորանում, ու հայացքով Դավթի ձին է որոնում…
Սահմանային փշալարերից այն կողմ,
Եվ այն կողմ փշալարերից.
Իմ տխուր Հայրենիքն է
Վերստին արյունաքամ ու բզկտված:
Ու երբ ոտքս դիպչում է Ղարաբաղի սրբազան հողին,
Ուզում եմ գոռալ ու մռնչալ
Տիեզերքով մեկ…
Ամենաթեժ կետը երկիր մոլորակի,
Ուր կանգնում եմ,
Ոտքիս տակ է…
Դաժան պատերազմների եւ տեղահանումների հետ է կապված Նորեկ Գասպարյանի «Մեծ տղան» պատմվածքը, որտեղ ալեհեր պապը փիլիսոփայում է կյանքի երեւույթների շուրջ եւ պնդում. «Ամեն մի ցեղ, ամեն երկիր իր հոտն ունի: Ֆրանկների հոտն ուրիշ է, հայերինը՝ ուրիշ, նեմեցինը՝ ուրիշ, բրիտանացունը՝ ուրիշ, թուրքինը` լրիվ ուրիշ»… Ֆրանսիայի հոտն էլ է ուրիշ, Հայաստանի հոտն էլ, Գերմանիայի հոտն էլ: Իմ այգու հոտը,- ասում է նա,- նույն Հայաստանի հոտն է: Այդպես թե չեղավ, այգիս պտուղ չի տա: Նշանակում է՝ ես սխալ ճանապարհի վրա եմ»…
Գրական ընտանիքի արժանավոր անդամներից մեկը՝ բանաստեղծ Սոկրատ Խանյանը, ով շուտով «կմոտենա» 95-ի ակունքներին, իր կյանքում արհավիրքներ, ողբերգություններ շատ է տեսել ու երբեմն էլ հաշտվել իրողությունների հետ: Սակայն այսօր տարիների բարձունքից խոր վիշտ է ապրում ծննդավայր Դիզակը «թշնամու ձեռքում տեսնելու համար»: Ու թախծի միջից դիմելով հայրենիքին, փորձում է սպեղանի լինել նրա վերքերին՝ չկորցնելո՛վ հավատը գալիք լուսավոր օրերի նկատմամբ:
Ե՛վ զինվորդ եղա, ե՛ւ մշակը հողիդ,
Ե՛վ ջրվորդ եղա, ե՛ւ ցոլանքը ցողիդ,
Աչքս դրսում չեղավ, եղա հացիդ տերը,
Լացիդ տերը կլինեմ, լուսաբացիդ տերը…
Որդեկորույս մյուս մայրերի պես բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը սգում է որդու՝ Վահագնի մահը, ով զոհվել է զինադադարից ընդամենը օր առաջ: Սակայն նա կարծում է, որ ազատված հողը ուժ կտա իրեն եւ «կթեթեւացնի» որդու կորուստը: Ահավասիկ.
Հող իմ,
Լեռդ եմ գրկում՝
Ծռված ողնաշարս կարգի բերելու համար:
Սիրիր ինձ
Ու կորցրած պարզությունս վերադարձրու…
Շուշիում տունուտեղ կորցրած բանաստեղծ Ռոբերտ Եսայանը փիլիսոփայական իր ընկալումներն ամբողջացնելով «Ցավի սահմանը» շարքի մեջ, գեղարվեստական մի ուրույն պատկեր է ստեղծում.
Ոտնահետքդ դաժան կայծակ է,
Երբ քո տունն է ավերված,
Սուր է ճամփադ,
Եվ զարկդ երկնքից է պահանջված:
Փրկելով գիր ու հավատ
Խիղճ ես փրկում մարդկության,
Վերծանելով անցյալդ՝
Ունենում ես դեմք ու ձայն:
Իսկ երիտասարդ մարտիկ-բանաստեղծ Վիտալի Պետրոսյանը, որ հեռուներում է թողել ծննդավայր Հադրութը, ցավով խոստովանում է.
Իմ տնկած ծառերն էլ իմը չեն,
Իմ երդիկի ծուխն արդեն հիշողություն է,
Օրերը՝ բաժանարար համբերություն:
Արյունը խեղդել է բառերը…
Չնայած ճակատագրի դաժան ալեբախումներին, այնուամենայնիվ, արցախցին չի վհատվում, չի կորցնում պապենական հողում ապրելու եւ արարելու, չարին դիմակայելու եւ հաղթահարելու կամքը՝ ապավինելով փխրուն խաղաղությանը: «Ամեն առավոտ խաղաղությունը գալիս է գյուղ, գնում է գյուղամեջ, շրջում է տներով, որպեսզի ոտքերը տաքացնի վառարանների մոտ, որովհետեւ ցուրտ տեղերից է գալիս: Երբ էլ, որ գա՝ գրկաբաց ենք ընդունելու, որովհետեւ ուրիշ ընկեր չունենք եւ միշտ ընտրում ենք նրան»,- իր «Այնտեղ ապրում է հիշողությունը» ստեղծագործության մեջ խաղաղության մասին՝ իր զգացումներն ու խորհրդածություններն է ընթերցողների հետ կիսում Հերմինե Ավագյանը:
Արցախում լավ գիտեն խաղաղության գինը: Բոլորն էլ կայունության կողմնակից են եւ անհամբեր պահում են ազատության, արդարության ու խաղաղության ճամփան: Դե, իհարկե, խոսքը արժանապատիվ խաղաղության մասին է…