Երբեմն հնչում են այսպիսի խոսքեր. «Մեր պապերը, փոխանակ ամրոց ու բերդ կառուցեին, հիմնականում եկեղեցիներ են կառուցել…»։ Ինչ խոսք, մարդկության պատմության ողջ ընթացքում տարբեր ցեղեր ու ազգեր, ժողովուրդներ, երբեմն՝ նույն ցեղեր միմյանց դեմ պայքարել են, որ մեկը տիրի մյուսի հող ու ջրին։ Այս առումով ամրություններ են կառուցվել՝ դիմակայելու նպատակով։
Հայոց երկիրը, գտնվելով մի տարածաշրջանում, որտեղով երկրներ են կապվում իրար, մշտապես է եղել թշնամու թիրախում, նույնն է նաեւ այսօր։ Եվ նույն հայոց երկրում էլ քիչ չեն ամրոցներ ու բերդեր կառուցվել։ Այսօր այդ ամրություններն ընդամենը պատմական հուշարձաններ են եւ ընդամենը կարիք ունեն պահպանվելու: Հաճախ պետք է գրվի հայոց ամրոցների մասին, որոնք քիչ չեն եւ իրենց թվով երեւի նույնն են, ինչ եկեղեցիներն ու վանքերը։ Այնպես որ, պետք չէ դատապարտել մեր պապերին, այլ պետք է ներկայացվեն նրանց կառուցած ամրությունները:
Թղիթ ամրոց. կա նման պատմական հուշարձան, որը ՀՀ Կոտայքի մարզի Թեղենիք գյուղից 2.5 կմ արեւմուտք է, Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ մի բլրին, ծովի մակերեւույթից 2050-2090 մ բարձրության վրա, C40, 26, 12, 5 7 B44, 33, 17, 75 աշխարհագրական կոորդինատներում։ Հնագետ Գագիկ Սարգսյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ այս հրաշք վայր այցելեցինք դեկտեմբերի 6-ին. պայծառ ու արեւոտ օր էր՝ հարմար հատկապես դրոնային նկարահանումների համար։ Գագիկն այս հնավայրում եղել էր 1975 թ., երբ ՀԽՍՀ ԳԱԱ արվեստի, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ հնագիտության կենտրոնի միացյալ արշավախումբն առաջին անգամ ուսումնասիրություն է կատարել այստեղ։
Թեղենիք գյուղը Կոտայքի մարզկենտրոն Հրազդանից 26 կմ հարավ-արեւմուտք է` Երեւան-Աղվերան ավտոճանապարհի ձախ կողմում։ Թղիթը Թեղենիք է վերանվանվել 1980 թ. հուլիսի 30-ին։ Այն, որ Թեղենիքը (պատմական անունը հայտնի չէ) նույնպես ունի հազարամյակների պատմություն եւ եղել է տարածքի կարեւոր բնակավայրերից մեկը, հուշում են գյուղի տարածքում մինչ օրս պահպանված հնավայրերը՝ գյուղատեղիներ, միջնադարյան գերեզմանոցներ, նախաքրիստոնեական շրջանի դամբարաններ եւ, վերջապես, ուշ բրոնզե եւ վաղ երկաթե դարերի հզոր ամրոցը՝ թառած գյուղի արեւմտյան բլրաշարքի ամենահարմար գագաթին։ Գյուղի մուտքի մոտ է Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին, որի մոտով ճանապարհն անցնում է գյուղի միջով եւ բարձրանում դեպի անտառապատ լանջեր։ Գյուղի վերջում հանդիպեցինք մի մարդու, ով որոշակի բացատրեց ճանապարհը՝ ինչպես հասնել ամրոց՝ այն անվանելով «Աշոտ Երկաթի բերդ»։ Անցնելով գյուղամերձ արտերի մոտով՝ հասանք անտառապատ լանջերին։ Ասֆալտապատ չէ, սակայն զգացվում էր՝ մեքենաներ հաճախ են անցնում այստեղով. մտածեցինք՝ ամրոց են բարձրանում։
Սակայն պարզվեց, որ ճանապարհը հասնում է մի հնամյա սրբավայր՝ փոքր մատուռ է, մուտքը՝ հարավից։ Նախկին ծածկը չկա, եւ տեղացիները ժամանակավոր ծածկել են ազբեստյա շիֆերներով։ Մոտ 1 մ հաստությամբ պատեր ունի սրբատունը։ Սուրբ խորանի մոտ հնադարյան խաչքարերի կտորներ են։ Զգացվում է՝ այստեղ նաեւ այսպես կոչված գուշակության մոմապատ խաչքար կա, որի վրա փոքր քար են փորձում կպցնել՝ պահելով մի երազանք։ Եթե փոքր քարը կպավ խաչքարին, ուրեմն երազանքը կիրականանա։ Նման քարեր Հայոց տարբեր վայրերի նմանատիպ մատուռներում նույնպես կան։ Այդ մատուռները հիմնականում կոչվում են Թուխ Մանուկներ։ Ժամանակին Թեղենիքի այս սրբավայրի տարածքում այլ կառույց է եղել, բայց այժմ միայն հիմքն է մնացել։ Մատուռի մոտով շարունակում ենք ճանապարհը՝ համոզված, որ այն կբարձրանա դեպի ամրոց, որը հեռվից պարզ երեւում է։ Ողջ բլրաշարքում աչքի է ընկնում՝ բոլոր կողմերից կտրված լինելով, երեւում են նաեւ պարսպապատերը։ Մնում է՝ գտնենք ճանապարհը։ Պարզվեց՝ ճիշտ չենք եկել, սակայն հանդիպեցինք մեկ այլ հնավայրի։
Միջնադարյան հանգստարան է՝ գրեթե ամբողջությամբ քանդված։ Միայն մի մեծ ժայռ է կանգուն՝ վերեւում միջնադարյան խաչքար կա։ Ժայռի վրա գեղեցիկ խաչեր են քանդակված։ Զգացվում է, որ տարբեր ժամանակներում են մեր նախնիներն այս ժայռի վրա թողել իրենց հետքերը։ Հետաքրքիր ու գեղեցիկ են քանդակված առավել հները, որոնք ունեն 11-13-րդ դարերի ոճական տեսք։ Գերեզմանոցի տարածքում նույն դարերի ոճական հորինվածքով մի խաչքար կար կոտրված, մյուսը կիսով չափ հողի մեջ էր։ 2 տապանաքար էլ ընկած են ժայռի արեւելյան կողմում։ Վերադարձանք եւ վերջապես գտանք դեպի բլուրներ բարձրացող ճանապարհը, որի եզրերին դամբարաններ կան։ Արդեն վերեւում, որտեղ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են, նախրապանների հանդիպեցինք՝ Երնջատափ գյուղից էին։ Ցույց տվեցին բերդի ճանապարհը, իրենք նույնպես Աշոտ Երկաթի բերդ կոչեցին։ Հասանք բերդի ստորոտ։ Ձախ կողմից անտառապատ է, սակայն պարիսպները երեւում են ու հզոր են։ Ինչպես հաճախ, այս անգամ էլ մեզ խանգարողը հիմնականում ծառերն էին ու թփերը, որոնք փակել էին արահետները, պատմական ճանապարհը։ Ամրոցն արեւմտյան կողմում եռաշերտ պարիսպ է ունեցել, դրանցից կարելի է ասել միջնաբերդինը, որ բլրի վերեւում է՝ ունի մոտ 6-7 մ հաստություն, որոշ տեղերում՝ նույնքան բարձրություն։ Իհարկե, ժամանակին ավելի բարձր են եղել։ Ամրոցի հիմնական մուտքը նույնպես արեւմտյան կողմից է։ Մուտքից աջ՝ մոտ 25 մ հեռու, պարսպի մեջ ուղղանկյուն գաղտնուղի է եղել։ Ամրոցի արեւմտյան հատվածում, պարիսպներից մոտ 110 մ արեւմուտք ավելի բարձր ուղիղ եզրագծով բլուր է ձգվում, որի արեւելյան անտառապատ լանջի վերին մասը բավականին թեք է եւ ժայռապատ։ Զգացվում է, որ այդ մասում էլ ժամանակին պատեր են կառուցել՝ դարձնելով ամրոցի առաջին պաշտպանական, չորրորդ պարսպաշարքը։
Ամրոցը պահող բլրի հյուսիսային կողմում մոտ 30 մ բարձրությամբ գրեթե անմատչելի ժայռեր են, որոնց միջով ժամանակին գաղտնուղի է գործել՝ դեպի ներքեւում գտնվող բնակավայր, որտեղ այժմ միայն տների հիմքերն են մնացել եւ դամբարաններ։ Արեւելյան կողմում թեք ու անտառապատ լանջ է, որտեղով գործել է ամրոց բարձրացող 2 ճանապարհ։ Այս կողմում նույնպես հզոր պարսպապատ է անցել, որի հարավային եւ հյուսիսային կողմերին մոտ 5 մ լայնությամբ մուտքեր են եղել։ Հարավային կողմում նույնպես ժայռակերտ է բլուրը։ Այս հատվածում որոշ մասեր ամրացվել են պարիսպներով։ Հարավային պարիսպը ձգվում է դեպի արեւելք՝ մոտ 50 մ եւ վերջանում ուղղանկյունաձեւ աշտարակով։ Այնուհետեւ լանջը պատված է մեծ-մեծ ժայռերով, որոնց հնարավոր մասերում գաղտնուղի է գործել։ Պարիսպների պահպանված հատվածներում զգացվում է տարբեր ժամանակների շունչը։ Սկզբում կառուցված պարիսպների արտաքին պատաշարքերը բավականին մեծ ու կոպտատաշ բազալտե քարերով են շարվել։ Զգացվում է, որ հզոր իշխանի, հնարավոր է՝ թագավորի ամրոց է եղել Թղիթը։ Այս ծավալի աշխատանք միայն հզորը կարող էր կատարել։
«Պետականության շունչ է զգացվում այս ամրոցից»,- ասում է հնագետ Լեւոնը, ով դրոնային նկարահանումներ էր կատարում։ Տարածքում գտնվեցին խեցիների բեկորներ, որոնք, ըստ հնագետների երկաթե դարի են պատկանում։ Գտնվելով կարեւոր դիրքում եւ լինելով բավական ամուր եւ անառիկ՝ Թղիթ ամրոցը, հնարավոր է, երկար դարեր է ծառայել մեր ժողովրդին։ Հնարավոր է՝ նաեւ Աշոտ Երկաթ թագավորն է այստեղ ինչ-որ ժամանակ ամրացել, եւ ժողովուրդը դրա համար այն կոչում է «Աշոտ Երկաթի բերդ»։ Ամրոցի գլխավոր մուտքի 2 կողմում կլոր հիմքով 2 շինության հիմքեր են պահպանվել։ Հնագետ Գագիկ Սարգսյանի կարծիքով՝ դրանք ավելի նոր շրջանում են կառուցվել՝ միջնադարում։ Պարսպի որոշ հատվածներում նույնպես զգացվում են վերականգնման հետքեր. քարերն արդեն ավելի փոքր են, շարված են այլ ձեւով։ Բուն միջնաբերդն ունի մոտ 135-75 մ չափերով մակերես։ Ներսում պահպանվել են շինությունների պատեր, հիմքեր։ Ամրոցի հյուսիսարեւմտյան կողմում կա արհեստական ջրամբար, որի ջրերն առաջանում են ձնհալքից եւ անձրեւներից։ Իհարկե, ջրամբարը մշտապես ջրով ապահովված չէ։ Բայց ժամանակին այն օգտագործվել է, հնարավոր է այլ միջոցներ են օգտագործել՝ անընդհատ ջուր ունենալու համար։ Ամրոցի արեւելյան կողմում՝ ավելի ներքեւում, կան բնական աղբյուրներ։
Կարծում եմ՝ այս հզոր ամրոցը պետք է լավ ուսումնասիրվի գիտնականների կողմից, հնարավոր է՝ գրավոր աղբյուրներում լինեն տեղեկություններ։ Կարելի է նաեւ դարձնել ճանաչելի եւ՛ մեր բնակչության, եւ՛ զբոսաշրջիկների համար։