«Ես հաճախ ստիպված եմ լսել նույն եւ միեւնույն հարցը.
-Ի՞նչն է կարեւոր ավիակոնստրուկտորի աշխատանքում։ Ո՞րն է ինքնաթիռ ստեղծողի արարչության հիմքը։
Ես դրան պատասխանում եմ.
-Կարողանալ երազե՛լ։
Երբ դժվարությունները թվում են անհաղթահարելի, եւ բազմապատկվում են խոչընդոտները, նշանակում է` հաջողությունը մոտ է»:
Արտեմ Միկոյան
Միկոյանի վերոհիշյալ միտքը հաստատում է ավիացիայի մարշալ, Խորհրդային Միության եռակի հերոս Ա. Ի. Պոկրիշկինը. «Միկոյանի եւ նրա ղեկավարած կոնստրուկտորական բյուրոյի առջեւ բազմաթիվ խոչընդոտներ են ծառացել։ Մշտական, տարատեսակ արգելքներում ամփոփվում էին վիթխարի աշխատանքի միաժամանակյա դժվարությունն ու բերկրանքը։ Հաղթանակի, համաշխարհային ճանաչման ճանապարհը Միկոյանին տրվում էր մեծ աշխատանքի շնորհիվ»։ Այնպես որ, երազանքը ինքնին դեռ հաջողություն չէ. այն իրականացնելու համար պետք է պայքարել ողջ ներուժով, անգամ եթե ճանապարհը թվում է անհաղթահարելի, իսկ Միկոյանի համար անհաղթահարելի ճանապարհ չկար, քանզի այն սիրելի էր, ինչպես որ փոքրիկ Անուշավանի համար, երբ դեռ Արտեմ անունով նրան չէին ճանաչում, երեխաների մեջ միակն էր, որ համարձակվում էր ընկույզ քաղելու համար մագլցել վիթխարի ընկուզենիների վտանգավոր գագաթները` երկնքին մոտիկ։ Ի՞նչ իմանաս, թե հենց այդ ժամանակ փոքրիկի հոգում չի ծնվել կապույտը գրավելու մեծ երազանքը։
Այն ժամանակ, իսկապես, դա կարող էր շատերի համար սոսկ երազանք թվալ, քանզի այն իրականացնելու համար նախադրյալներ չկային։ Ատաղձագործ Հովհաննես Միկոյանի տանը մեծանում էին հինգ երեխա. միջոցները սուղ էին, հազիվ էին ծայրը ծայրին հասցնում։ Անուշավանը տան կրտսերն էր, փորձում էր նմանվել հորը. հայրը նրան ընդունում էր ընկերոջ պես, իսկ մայրը` հակառակը. աշխարհահռչակ, արդեն արծաթավուն մազերով ինժեները նրա համար դեռ մնում էր «բալիկ ջան»։ Յոթ տարեկան Անուշավանին` իր տարիքի համեմատ, հանձնարարում են չափազանց պատասխանատու գործ` ուշի-ուշով հետեւել ու հսկել երկու այծերին, որ չմտնեն հարեւանների բանջարանոցները, այլապես կտուգանվեին 20 կոպեկով, որն այն ժամանակվա համար շոշափելի գումար էր։ Ահա այս տարիքից էլ նա սկսում է կիսել ընտանիքի հոգսը։ Այնուամենայնիվ, որքան էլ ծանր էր կյանքը, Միկոյանները կարողանում են հաղթահարել դժվարություններն իրենց համառ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ, կրթություն ստանալ ու դառնալ հանրաճանաչ, լուրջ գործիչներ։
Աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, «ՄիԳ» ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանը ծնվել է 1905 թ. օգոստոսի 5-ին, Սանահինում, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն։ Գյուղական դպրոցում ստանում է երկամյա նախնական կրթություն, այնուհետեւ` հոր մահից հետո, 1918 թ. մայրը որդուն ուղարկում է Թիֆլիս` զարմուհու` Վերգինե Թումանյանի մոտ, որտեղ էլ հայկական դպրոցում շարունակում է ուսումնառությունը։ Անուշավանը ինը տարեկան էր, երբ սկսվեց Առաջին համաշխարհայինը. հորը բանակ չտարան, իսկ ավագ եղբայրը` Երվանդը, մասնակցեց պատերազմին՝ խիզախության համար արժանանալով Գեորգիեւյան խաչի։ 1918-ին թուրքեր եկան Սանահին. բնակչությունը թաքնվեց լեռներում, նրանց հետ էլ` տասներեքամյա Անուշավանը։ Թուրքերին հետաքրքրում էր Ալավերդու գործարանը, որտեղ ռազմարդյունաբերության համար ձուլում էին պղինձ։ Այդ տարի Սանահինի հարթավայրում` գրեթե զառիթափի վրա, հարկադիր վայրէջք կատարեց «Ֆարման» սավառնակը, որն ավելի շուտ շարժիչով օդապարուկ էր հիշեցնում։ Տղաներն արագորեն հավաքվեցին շուրջը։ Հենց այդ ժամանակ էլ Անուշավանը որոշեց, որ պետք է թռչել։
Բայց մինչ այդ երկար ճանապարհ կար անցնելու։ Թիֆլիսում` հենց Թումանյանների տանն էլ առնչվեց հեղափոխական ընդհատակի հետ, իսկ երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, Անուշավանը հարազատ գյուղում 1921 թ. կոմերիտական բջիջ կազմակերպեց ու դարձավ նրա ղեկավարը. համագյուղացիները հավատում եւ ուշադրությամբ ունկնդրում էին նրան։ Սակայն դա երազանքի իրականացման ճանապարհը չէր. անհրաժեշտ էր շարունակել ուսումը։ 1923 թ. տեղափոխվեց Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ էր աշխատում գյուղատնտեսական մեքենաների «Красный Аксай» գործարանում, իսկ երեկոները` հաճախում ՊՏՈՒ երեկոյան դպրոց։ 1924 թ. տեղափոխվում է Մոսկվա, 1925-ին անցնում կուսակցության շարքերը, նախնական շրջանում ապրում Ստ. Շահումյանի այրու` Եկատերինա Սերգեեւնայի տանը, իսկ երբ «Դինամո» գործարանում անցնում է խառատագործի աշխատանքի, այլեւս չի ցանկանում նեղություն պատճառել հոգատար տանտիրուհուն, մի անկյուն է վարձում բակապանի խոհանոցում, մերժում անգամ միասին ապրելու եղբոր` Անաստասի առաջարկը` հավատացնելով նրան, թե ապրում է հարմարավետ հանրակացարանում, իսկ ծանր կենցաղը պատճառ է դառնում թոքախտի, որը թեեւ բուժվում է, բայց անհետեւանք չի անցնում։
Գործարանի կուսկոմը հոգ է տանում, որ Միկոյանը տեղափոխվի բուլղարացի վտարանդի, ինժեներ-կոնստրուկտոր Դոդեւի բնակարան։ Գործարանն արդեն քթի տակ էր։ Բակապանի խոհանոցային անկյունը Միկոյանն այնուհետեւ` մինչեւ մահ, հիշում է որպես սարսափելի երազ. «Գործարանից գալիս ես հոգնած, պառկում քնելու, իսկ իմ անկյունը ջրի ծորակի մոտ է։ Բակապանն ուշ է գալիս, հետն էլ` հարբած։ Բացում է ծորակը` ջուրը ցայտում է։ Անսպասելի ցնցուղ ես ընդունում, արթնանում ես, էլ ոչ մի կերպ չես քնում, իսկ առավոտյան հինգին պետք է վեր կենալ, գնալ աշխատանքի…»: Աշխատանքային ընկերները երիտասարդ Միկոյանին մեծ ջերմությամբ ու համակրանքով էին վերաբերվում. հենց նրանք էլ Անուշավանին վերանվանեցին Արտեմ, որն էլ սիրով ու պաշտոնապես ճանաչեց Միկոյանը։ 1928 թ. դեկտեմբերին նրան զորակոչեցին ԲԳԿԲ շարքեր։ 1929 թ. օգոստոսին Միկոյանը տեղափոխվեց Օրյոլ քաղաքի Իվանովո-Վոզնեսենսկի զինվորական դպրոց, 1931-ին ուսումնառության ուղարկվեց Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա՝ վերջապես ոտք դնելով երազանքի առաջին աստիճանին։ 1935 թ. Արտեմը գործուղվում է արտադրական պրակտիկայի` Խարկով։ Ակադեմիայի այլ ուկնդիրների հետ կառուցում է իր առաջին ինքնաթիռը՝ թեթեւ «Октябрёнок»-ը, որն արժանանում է գլխավոր աէրոակումբի բարձր գնահատականին։ 1936 թ. գարնանը Միկոյանն սկսում է դիպլոմային նախագիծ, որը պաշտպանում է 1937 թ. հոկտեմբերի 22-ին. նրան շնորհվում է ԲԳԿԲ ՌՕՈՒ-ի ռազմական ինժեներ-մեխանիկի կոչում։ Ակադեմիան ավարտելուց հետո Միկոյանը նշանակվում է Պետական № 1 ավիագործարանի (ГАЗ № 1) ռազմական ներկայացուցիչ։
1939 թ. փետրվարին № 156 գործարանից № 1 գործարան տեղափոխվեց Ն. Ն. Պոլիկարպովի ԿԲ-ն (կոստրուկտորական բյուրո), ում էլ նշանակեցին գործարանի գլխավոր կոնստրուկտոր։ Ինժեներ Միկոյանին` որպես առաջնակարգ մասնագետի, շուտով հանձնարարեցին վերահսկել И-153 կործանիչի մշակումը։ 1939 թ. մայիսին ГАЗ № 1-ին փոխանցեցին И-180 արագաթռիչ կործանիչի աշխատանքները։ Շուտով Պոլիկարպովը գործուղվեց Գերմանիա։ Նրա բացակայությամբ գործարանի տնօրեն Պ. Ա. Վորոնինը եւ գլխավոր ինժեներ Պ. Վ. Դեմենտեւը ԿԲ-ի կազմից առանձնացրին լավագույն կոնստրուկտորներին, այդ թվում` Գուրեւիչին, կազմակերպեցին նոր փորձարարակոնստրուկտորական բաժին (ОКО), ըստ էության` նոր ԿԲ, որի ղեկավար էլ նշանակվեց երիտասարդ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։ Միկոյանին տրվեց նաեւ И-200 (ՄիԳ-1) նոր կործանիչի նախագիծը։ 1939 թ. դեկտեմբերի 8-ին ավիացիոն արտադրության ժողկոմի հրամանով Միկոյանը նշանակվեց ԿԲ-1-ի ղեկավար եւ ГАЗ № 1-ի գլխավոր կոնստրուկտորի տեղակալ։ Այդ օրը համարվում է Արտեմ Միկոյանի անվան ԿԲ կազմավորման օր։ Միկոյանի ղեկավարությամբ (Մ. Ի. Գուրեւիչի եւ Վ. Ա. Ռոմոդինի հետ համատեղ) ստեղծվել են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած «ՄիԳ-1» եւ «ՄիԳ-3» կործանիչները։ Պատերազմից հետո Միկոյան-Գուրեւիչի ԿԲ-ում ստեղծվել են «ՄիԳ-9», «ՄիԳ-15», «ՄիԳ-17», «ՄիԳ-19», «ՄիԳ-21», «ՄիԳ-23», «ՄիԳ-25», «ՄիԳ-27», «ՄիԳ-29», «ՄիԳ-31» եւ «ՄիԳ-35» կործանիչները։ Այդ ինքնաթիռներով գրանցվել է 55 համաշխարհային ռեկորդ։ Արտեմ Միկոյանի նախագծած շուրջ 60 հազար «ՄիԳ»-եր արտահանվել են աշխարհի մոտ 40 երկիր:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արտեմ Միկոյանը պարգեւատրվել է բազում շքանշաններով ու մրցանակներով։ Դեկտեմբերի 9-ը մեծ երազողի հիշատակի օրն է. նա վախճանվել է 1970 թ., Մոսկվայում, հուղարկավորվել Նովոդեւիչի գերեզմանատանը։ Արտեմ Միկոյանի կյանքի ու գործունեության մասին հրաշալի գիրք է գրել ռուս գրող, լրագրող, սցենարիստ Մ. Ս. Արլազորովը, որն ընթերցվում է մեծ բավականությամբ։