Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-1999 թթ.՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ 1996 թ. մարտի 3-ին եկեղեցու հիմքը դրվել է փոքրիկ բարձրության վրա։ Գմբեթի խաչի օծումը կատարվել է 1998 թ. մայիսի 31-ին։ Եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվել են 1998-ին (նախագծի հեղինակ եւ վերահսկող ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան, քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, սրբապատկերների նկարիչ՝ Կարո Մկրտչյան, շինարարների ղեկավար՝ Գեորգի (Մենուշ) Առաքելյան)։
Մուտքի բարավորի Աստվածածինը Մանկան հետ է, արեւելյան ճակատին՝ յաթաղան կոտրող է, որի տակ գրված է Գրիգոր Նարեկացու խոսքը՝ «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք»։ Գմբեթի թմբուկի 12 նիստերի վրա տեղադրված են վարդյակներից երեքը։ Զարդաքանդակներ են կատարել նաեւ Հովհաննես Մկրտչյանը եւ այլ քանդակագործներ։ Սուրբ սեղանի Տիրամոր առաջին նկարի հեղինակն է Կարո Մկրտչյանը։ Դուռը փայտագործ Վանո Դադոյանի գործն է։ Սրբատունը կառուցվել է Սիսիանի բազալտե սրբատաշ քարով եւ ցեմենտ-ավազի շաղախով։ Իր ճարտարապետական հորինվածքով կենտրոնագմբեթ կառույց է՝ երկու ավանդատներով, մկրտության ավազանով եւ փոքր զանգակատնով։ Ներքին պատերին ունեն որմնանկարներ, իսկ արտաքին պատերին փորագրված են նաեւ արեւի ժամացույց, նվիրատվական խաչքարեր եւ երկու ընդարձակ արձանագրություն։ Դրանցից մեկը շինարարական արձանագրությունն է, որը փորագրված է 6 տողով` հյուսիսային պատի արեւմտյան հատվածում, իսկ երկրորդը փորագրված է հարավային պատի արեւելյան վերին հատվածում եւ ներկայացնում է է բոլոր երեք տասնյակ շինարարների անունները։ Եկեղեցու բակում կանգնեցված են մի քանի խաչքարեր եւ հուշակոթողներ՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 90-ամյակին, Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին եւ այլն։ Սուրբ Համբարձում եկեղեցու արձանագրության խմբագրած բնագիրն է. «Յուսովն Աստուծոյ՝ Քաշաթաղի նորաբնակ ժողովուրդս շինեցաք զՍուրբ Համբարձման եկեղեցիս (ի յիշատակ վասն Հայրենեաց նահատակեալ բիւր եղբարց մերոց։ Հիմնարկեցաւ տաճարս Սուրբ) Համբարձում անուն յաւանս Բերձոր յամի Տեառն ՌՋՂԶ (1996) եւ օծեցաւ յամի ՌՋՂԸ (1998) յաւուր Սուրբ Հոգոյ (Գալստեան ի հայրապետութեանն Տէր Տէր Գարեգին Ա կաթողիկոսին ամենայն Հայոց, յառաջնորդութեանն) Արցախ աշխարհիս Տէր Պարգեւ եպիսկոպոսին եւ ի հովւութեանն գաւառիս Տէր Աթանաս վարդապետին։ Եղեւ ի թուին Հայոց ՌՆԽԷ (1447 = 1998)-ի փառս ամենագութ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յաւիտեանս. ամէն»։
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցի
Գտնվում է Աղավնո գյուղում՝ համանուն գետի աջափնյա լանջին։ Կառուցվել է 2000-2002 թթ.։ Կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված բազալտե սրբատաշ քարով եւ ցեմենտի շաղախով։
Աղանուսի քանդված մատուռը
Աղանուս գյուղը Բերձորից հեռու է մոտ 10 կմ հարավ-արեւելք։ Գյուղից մոտ 4-5 կմ հարավ-արեւելք գտնվում է ավերակ Հունանով-Ունանով գյուղը, որի մոտ է ավերակ մատուռը։ Մոտ 10 մ երկարություն, 5 մ լայնություն ունեցող եկեղեցին (մատուռ) բազիլիկ ոճի է եւ ըստ ճարտարապետական հորինվածքի՝ 17-րդ դարի կառույց է: Հավանաբար, եղել է թաղակապ: Այդ են վկայում պատերի մեջ պահպանված սյուները, որոնք պահել են կամարները: ՙՄիակ մուտքը, որի մոտ ընկած է մի տապանաքար՝ մարդու քանդակով, եղել է հարավից: Դուռը մոտ է եղել արեւմտյան պատին, որից 2,5 մ հեռու կամարը պահող առաջին սյուներն են, որոնցից մոտ 2 մ հեռավորությամբ երկրորդ կամարի սյուներն են: Արեւելյան պատը՝ Սուրբ խորանը, ինչպես ընդունված է, կիսակլոր է, ավանդատներ չկան: Շինությունը կառուցված է կոպտատաշ քարերով ու կրաշաղախով: Սուրբ խորանի ձախ կողմում Մկրտության ավազանի տեղն է, որտեղ մոմեր են վառվում։
Քանդված կամուրջ` Հակարիի վրա
Հակարի գետի աջափնյա բարձրադիր լանջին՝ Կոռնիձոր եւ Տեղ գյուղերի մեջտեղում է Խորյա գյուղատեղին, որի մոտ պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավերակներ։ Ամրոցի արեւելյան կողմում՝ ձորի մեջ է Սրիեղցի կոչվող 5-րդ դարի եկեղեցին, որը, ըստ ավանդության, կառուցվել է Մովսես Խորենացու դամբարանի վրա։ Կա վարկած, որ այստեղ՝ Խորեա գյուղում է ծնվել, հասակ առել եւ նույն գյուղում Մաշտոցի հիմնած դպրոցում նախնական կրթություն ստացել Խորենացին։ Եկեղեցու մոտով դարեր շարունակ` մինչեւ 19-րդ դարավերջ, անցել է Սյունիքից դեպի Արցախ տանող հիմնական ճանապարհներից մեկը: Ներքեւում՝ Հակարի գետի վրա, կանգուն է եղել միաթռիչք կամարակապ կամուրջը, որից այժմ մնացել են միայն խելերը: Պատմությունից հատկապես հայտնի է Կոռնիձոր-Հարար առեւտրային ուղին, որն անցել է նշված ձորով ու կամրջով: