«Դա մի տաղանդավոր գրողի արձան չէ, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձանն է, որը կանգնելու է այնտեղ՝ Արարատի սրբազան դաշտում՝ սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն, թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ ու ցավ: Պետք է կանգնի հավիտյան, անլռելի պատմի աշխարհին հայի տանջանքն ու տենչանքը…»:
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Խաչատուր Աբովյան՝ թանկ ու պաշտելի անուն, որին իր որդեպաշտ ազգը մեծարել ու անմահացրել է բանաստեղծ զավակների երգերում ու գրքերում, գեղանկարիչները՝ իրենց կտավներում, քանդակագորները՝ քարակերտ իրենց արարումներում: Իսկ ով է հեղինակը մեծ լուսավորչի այն արձանի, որը քաղաքամայր Երեւանին է նայում Քանաքեռի բարձունքից:
Հիրավի, ոդիսականանման է այս կոթողի պատմությունը, որին արժի ծանոթանալ: Ինչպես հավաստի աղբյուրներն են հուշում, արձանը կառուցելու համար հայտարարվում է մրցույթ, որի հաղթողները պետք է ստանային դրամական պարգեւներ՝ 500, 300 եւ 100 ռուբլի առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Մրցույթին մասնակցում են տարբեր երկրներում ապրող անվանի քանդակագործներ Միքայել Միքայելյանը՝ Թիֆլիս, Անդրեաս Տեր-Մարուքյանը՝ Փարիզ, Հայկ Բադիկյանը՝ Բոստոն, Հակոբ Արապյանը՝ Պոլիս, վիպասան Մուրացանի դուստր Ե. Ռուզան Մուրացանը՝ Բեռլին, Հակոբ Գյուջյանը՝ Փարիզ: Ներկայացրած ութ նախագծից ժյուրին նախընտրում է Անդրեաս Տեր-Մարուքյանի նախագծերից երկրորդը: Վճիռը կայացված էր: Մրցույթում հաղթող ճանաչված քանդակագործը Փարիզից գալիս է Երեւան, ճշտում արձանը տեղադրելու վայրը, քանդակը պատրաստելու համար հավաքում անհրաժեշտ նյութեր: Երկու տարի անց արձանը պատրաստ էր, սակայն պարզվում է, որ այն հայրենիք տեղափոխելու համար չկա անհրաժեշտ գումար: Շուտով՝ 48 տարեկան հասակում, վախճանվում է քանդակի հեղինակը՝ այդպես էլ չտեսնելով արձանը նախատեսված վայրում: Ավելին՝ տարաբախտ արվեստագետն անգամ չի հասցնում ստանալ խոստացված հոնարարը…
Ժամանակներ են անցնում, եւ միայն 1925 թ. փոխանցվում է պահանջվող 12.000 ռուբլին, եւ քանդակը Փարիզից ուղարկվում է Երեւան: Սակայն, ո՛վ զավեշտ, այն սխալմամբ հասնում է… Թիֆլիս: Միայն ութ տարի անց՝ 1933-ի հուլիսին արձանը տեղափոխվում եւ հուլիսի 6-ին տեղադրվում «Մոսկվա» կինոթատրոնին կից՝ Աբովյանի անվան հրապարակում (այժմ՝ Շառլ Ազնավուրի անվան): Անցնելու էր շուրջ երկու տասնամյակ, վերակառուցվելու էր Աբովյան փողոցը, որի պատճառով արձանն այլ հանգրվան էր ունենալու՝ երեւանյան կրկեսի մոտ, մի անշուք վայր՝ թեպետ նույն թվականին անմահ լուսավորչի անունը կրող պուրակում հառնելու էր նրա մեկ այլ՝ քանդակագործ Սուրեն Ստեփանյանի կերտած եւ այսօր մեզ հմայող արձանը:
Իսկ Տեր-Մարուքյանի քարակերտ արարումին նույն տեղում մնալու բախտ չէր վիճակված՝ կրկին տեղափոխվում եւ այս անգամ հայտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա: Բայց այս հանգրվանն էլ նրա մշտատեղին չէր լինելու: 1957-ին քաղաքային իշխանությունները նպատակահարմար են համարում Մանկական երկաթուղուն հարող տարածքը, ներկայիս թունելների մոտ: Եվս յոթ տարի այստեղ, ու Քանաքեռում ծնված գրողը վերջապես վերադառնում է կարոտալի միջավայր եւ հառնում այսօր ուխտատեղիի վերածված իր տուն-թանգարանի մոտ: Այսպես ավարտվում է Փարիզում ստեղծված արձանի ոդիսականը: Իսկ ով էր, որտեղի ծնունդ էր անվանի քանդակագործների՝ 1908 թ. կայացած մրցույթում հաղթած Անդրեաս Տեր-Մարուքյանը, որի ծննդյան օրն է այսօր:
Հայկական նոր՝ ռեալիստական քանդակագործության հիմնադիր համարվող արվեստագետը ծնվել է 1871 թ. Երեւանում: Գրասենյակային աշխատող հայրը վաղ է հեռացել կյանքից՝ կնոջ հոգածությանը թողնելով իրենց հինգ որդու եւ երկու դստեր ճակատագիրը: Ապագա քանդակագործը սովորել է տեղի արական գիմնազիայում, այնուհետեւ ավարտել Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանը: Քսաներեք տարեկանում տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, ապա՝ Փարիզ: Որոշ ժամանակ քանդակագործ Ֆալգերի ստուդիայում աշխատելուց ու պատրաստվելուց հետո չորս տարի սովորել է մայրաքաղաքային՝ Կերպարվեստի բարձրագույն պետական դպրոցում:
1899-ին Փարիզում ցուցադրել է «Հայ գրողներին դափնեպսակ նվիրաբերող մուսան» քանդակը՝ Խ. Աբովյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Պեշիկթաշլյանի, Գ. Արծրունու բարձրաքանդակներով, իսկ վերեւում՝ դափնեպսակ կրող կանացի ֆիգուր: Այժմ այդ քանդակի տեղն անհայտ է: Այդ տարիներին ստեղծել են հայ մշակույթի երեւելի շատ այլ դեմքերի, պատվիրատուների կիսանդրիներ, մահարձաններ: Ստեղծագործել է նաեւ հայրենասիրական թեմաներով, կերտել հայ գեղջուկ կանանց դիմաքանդակներ: Այս ամենից առանձնացողը, սակայն, նվիրական հայրենասերի՝ անմահ «Վերք Հայաստանի» կոթողային վեպի հեղինակ Խաչատուր Աբովյանի արձանն է, որը կանգնելու է հավիտյան՝ աշխարհին անլռելիորեն պատմելու «հայի տանջանքն ու տենչանքը»…
Իսկ մենք փորձենք ճանաչել մեր մեծերին բրոնզաձույլ կամ քարակերտ հավերժի կյանք պարգեւած արվեստագետներին, որոնցից մեկն էլ նա է՝ Անդրեաս Տեր-Մարուքյանը…