Հայոց առածանու հանդեպ Հովհաննես Թումանյանի վերաբերմունքը լավագույնս բնութագրում է հանճարեղ գրողի կենսափիլիսոփայությունը: Քիչ է ասել, թե նրա ստեղծագործություններում բազում առածասացվածք է լիաբուռն սփռված. մեծ մտածողի համար առածանու իմացությունը եւ գործածությունը գրողական աշխատանքի պարտադիր հիմքերից մեկն է: Սա մի կողմից՝ նախնիների բանահյուսական վաստակի, ամբարած իմաստության գնահատականն է եւ մեծարանքի ու երախտագիտության արտահայտությունը, մյուս կողմից՝ հրամայական մեթոդաբանություն՝ այդ իմաստությունը հայազգիների անհատական եւ հավաքական կյանքում համարժեքորեն օգտագործելու՝ որպես վարքակարգավորիչ մշակութային միջոց:
Հիրավի, առածը կամ ասացվածքը ոչ միայն «երեւույթների բազմակողմանի ու բազմադարյան փորձերի վերջնական եզրակացությունն է», քանի որ հղկվել, անցել է «հազարհազար աչքերով, հազարհազար ականջներով, հազարհազար խելքերով», այլեւ բարոյական նորմի դեր է կատարում՝ խրատում, հորդորում, զգուշացնում, արգելում, պարտադրում… Ահա եւ Թումանյանը դա բարձրացնում է համակեցության կարգավորման կարեւորագույն փիլիսոփայական սկզբունքի մակարդակի. «Առածը, ինչպես հնոց խոսք, մեծանաց կամ մեծերի ասած, միշտ ժողովրդի բերանումն է եւ օրենքի ուժ ու նշանակություն ունի՝ առանձնապես Արեւելքում»:
Ժողովրդի հավաքական իմաստությունը՝ «պապական խոսքը», հայոց գրականության աղբյուրն է, շեշտում է Թումանյանը եւ կոչ անում հայ մտավորականությանը հատկապես այդ աղբյուրից խմել, նաեւ ցանկություն հայտնում, որ «ասողին ճշմարիտ լսող լինի»:
«Ճշմարիտ լսող»՝ սա ամենից առաջ իր հավատո հանգանակն է: Եվ ուշագրավն այն է, ասվել է Հովհաննես Թումանյանի առաջին գրավոր խոսքում (տպագրվել է անստորագիր 1887 թ. «ՆորԴար» օրաթերթում) եւ փաստորեն նրա յուրատեսակ ուխտն է՝ լինել ժողովրդի իմաստուն խոսքը «ճշմարիտ լսողներից» մեկը: Հասկանալի է՝ նաեւ ճշմարիտ մեկնաբանն ու քարոզիչը: Ահավասիկ մեկ պերճախոս օրինակ: 1913 թ. իր խմբագրած «Հորիզոն» օրաթերթի մի առաջնորդողում խոսում է հայոց գրերի գյուտի 1500ամյակի՝ համազգային մեծ տոնը նշելու միջոցառումների եւ դրանցում ամեն մեկի մասնակցության մասին. «Փույթ չի, թե փոքր կլինի մեզանից շատ շատերի տվածը: Մեր ժողովուրդը մի շատ իմաստուն առած ունի, որ ասում է. «Շատը ուժից, քիչը սրտից»: Քիչը տալով ամեն մարդ իր սիրտը բերած կլինի մեջտեղ, եւ միայն սրտով է, որ գեղեցիկ ու մեծ գործեր են կատարվում»:
Ասելիքն ագուցելով ժողովրդի սեղմ խոսքին՝ Թումանյանն ուժեղացնում է սեփական խոսքի պատկերավորությունը, նաեւ փաստորեն մեզ հիշեցնում մեր նախնիների իմաստուն ասույթները, այսկերպ մեզ էլ է հորդորում լինել «ճշմարիտ լսող»: Ինքն էլ տարիներ շարունակ ժողովել է հայ եւ օտար ազգերի առածներն ու ասացվածքները: Ահա մի քանիսը նրա գրառած առածասացվածքներից՝ «Աստված ազատի նապաստակի քացուց», «Գդալով տալիս է, կոթով աչքը հանում», «Բերնե բերան` դառնա գերան», «Դեռ չի մտել ավազան, ձեռք է առել գավազան», «Էսօրվա խոսքը էգուցվա կամուրջն է», «Ճամբի փոշին երկինքը չի սեւացնիլ», «Լեն փոր, նեղ օր», «Մեզ նեղ անենք, ձեզ տեղ անենք», «Վարը նստած վեր մի խոսիր», «Վատ օրը կլավանա, վատ մարդը չի լավանա», «Մուկը կատվի համար վատ երազ կտեսնի», «Շորերը հին, խոսքն անգին»:
Դիտարկենք (եւ ընդօրինակենք) Հովհաննես Թումանյանի առածանին «գործողության» մեջ:
Հարկադրված լինելով ձանձրալի բանավեճի մեջ մտնել տխրահռչակ Ռ. Դրամբյանի եւ «դրամբյանիզմով» ախտահարված այլ վայքննադատների հետ, որոնց տգիտությանը գումարվում էր գրողին անվանարկելու ստոր ձգտումը, Թումանյանն ասում է. «Իհարկե, էդ բոլորն ինձ ի՞նչ պետք է անեն, ոչինչ, եւ ժողովրդական առածի ասած՝ քոռամուկն ինչքան հող փորի, իր գլխին կածի, բայց երեւույթը, երեւույթը շատ է գարշելի, հոգին շատ է ցած ու վատ»:
Շրջելով գյուղերում եւ արձանագրելով կենցաղային խնդիրները, բարոյական եւ ֆիզիկական անկման երեւույթները՝ Թումանյանը հարկ է համարում միաժամանակ հավելել. «Մինչդեռ նույն գյուղերում մեզ պատահեցին հարյուր տարին անցկացրած առույգ ու վիթխարի հին մարդիկ: Այս ժիր ծերունիների զվարթ զրույցները, սուր հիշողությունը, կտրուկ խելքն ու դատողությունը, գործի աշխույժն ու եռանդը բարձր աղաղակում են հին առածի մասին՝ «առողջ մարմնի մեջ առողջ հոգի»»:
Թումանյանի աչքից չի վրիպում հասարակության կյանքում կատարվող սոցիալական խորքային վերափոխումներից մեկը՝ բուրժուազիայի վերելքը, եւ նախորդ իշխողների՝ ազնվականության աստիճանական անկումը: Սնանկանալով հանդերձ՝ ազնվականների մեծ մասը նախանձով էր լցված «երրորդ խավի» արագ հզորացման հանդեպ եւ շարունակում էր վերեւից նայել աշխատավոր մարդկանց՝ գյուղացիներին ու բանվորներին: Այդ «սնապարծ ու դատարկապորտ» խավի գնահատականը Թումանյանը տալիս է ասացվածքի միջոցով. «Այս դժբախտներին ժողովուրդը անմահացրել է, մի երկու խոսքով՝ «մեծմեծ տներ՝ սոված շներ»»:
Նամակներից մեկում, անդրադառնալով իր նյութական սուղ վիճակին, Թումանյանը սրտակից ընկերոջը եւ հովանավորին՝ Փիլիպոս Վարդազարյանին, բացատրում է, թե վստահում է նրան եւ գիտի, որ իր համար նա չի միջնորդի անարժան մեծահարուստի մոտ, որն էլ հետո լավությունը երեսովը տա: «Իհարկե, շատ մարդ կտանի այս «աղեն ձեթ տա՝ փեշըդ դեմ արա»ի աշխարհքում, բայց Աստծուն է հայտնի, որ ես հազիվ եմ տանում նույնիսկ լավերի ու մերձավորների լավությունը»:
Հետեւյալ պարբերության մեջ տեսնում ենք երկու ասացվածքի տեղին գործածություն՝ մեկը կռվազան հարեւանի հետ հարաբերությունների կարգավորման, մյուսը՝ սեփական մեծությունները չգնահատելու եւ անհարգալից վերաբերմունքի մասին. «Թուրքին մինչեւ չծեծես, խոնախա չի դառնալ: Հնուց պապական առած է եւ փորձով հաստատված. այդ է պատճառը, որ մինչեւ այսօր թուրքերը հարգում են, պատվում են Թումանյանց, ուխտ էին գալիս նրանց օջախը հայերի հետ անխտիր, չնայելով հայերը ոտնատակ են տվել, մոռացել, եւ այդ դեռ բավական չէ, բամբասում են իրանց երբեմն պաշտպան Թումանյան տանը. ծառը որ ընկնի, կացնավորը կշատանան»:
«Խոսող ձուկը» հեքիաթը դրվատում է մարդկային արժանիքներից մեկը՝ երախտագիտությունը, եւ այստեղ բարի մարդու գթասիրտ արարքը վարձահատուցվում է երեք տարի անց, հեղինակն էլ դա զարդարում է ժողովրդի խրատով. «Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ»:
Իսկ «Տերն ու ծառան» հեքիաթում ագահ ու խորամանկ հարուստը, որն այդպես դյուրին կարողացավ մոլորեցնել եւ թակարդը գցել երկու եղբայրներից ավագին, ոչ միայն չարաչար պատժվում է կրտսեր եղբոր ձեռամբ, այլեւ…. խելքի է գալիս: Իրոք, Թումանյանը լավատեսորեն ամփոփիչ խրատը դնում է հենց հարուստի շուրթերին. «Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»»: Ի դեպ, ուշադրություն դարձնենք այս խոստովանության ձեւակերպմանը. հարուստը, փաստորեն, գիտեր տվյալ ասացվածքը, բայց նոր է դրա իմաստը ըմբռնում՝ անձնական դառը փորձով:
Զարմանալի չէ, որ Թումանյանի լեզվի մեջ հանդիպում են առածասացվածք հիշեցնող (սեղմ, խորիմաստ, տպավորիչ, դյուրին հիշվող) բազում ձեւակերպումներ (որոնք վաղուց արդեն արմատավորվել են մեր մտածելակերպի մեջ). «Մահը մերն է, մենք մահինը» («Թմկաբերդի առումը»), «Փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը» («Պոետն ու մուսան»), «Էսօրն ինչ է որ՝ մի երեկ է նոր» («Դեպի Անհունը»), «Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես», «Մինը իր կամքին՝ ինչ ասես անի, մյուսը խոսելու իրավունք չունի» («Հառաչանք»), «Ո՞նց թե դու իմ շանը զարկե˜ս, դե, զարկելը հիմի դու տես» («Մի կաթիլ մեղրը»), «Բանը հասավ դիվանբաշուն» («Շունն ու կատուն»), «Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա» («Կիկոսի մահը»):
«Ճշմարիտ լսող», զգայուն եւ անխոնջ բանահավաք լինելու խորհուրդ է տալիս Հովհաննես Թումանյանը գավառներում տպագրվող թերթերին, որոնք ավելի, քան մեծ քաղաքների մամուլը, ընկղմված են հայ ժողովրդի կենդանի բարբառների մեջ. «Ձեր էջերում մշտական տեղ հատկացրեք հայրենի երկրի ժողովրդական բանավոր գրականությանը, նրա ամեն տեսակ ավանդություններին, հեքիաթներին, առակներին, առածներին, հավատալիքներին, սովորություններին, որ հեշտ ու միշտ կարող եք առատ ստանալ ձեր շրջապատից. եւ ժամանակի ընթացքում մեծ նյութ կդիզեք…. Ապագա սերունդը, մանավանդ գրականությունը, շնորհակալ կլինի ձեզանից ու ձեր հրատարակությունները կպահի իր գրադարանում լավագույն գրքերի հետ»: Պահանջելով լինել ժողովրդական խոսքի ուշադիր ունկնդիր, փաստորեն՝ նման պատվիրանպահանջը ուղղելով սերունդներին, Թումանյանը նաեւ նախազգուշացրել է ազգամշակութային այդ հզոր շերտի կորստյան վտանգի մասին. «Պետք է ասել, որ մեր ժողովուրդը զարմանալի արագությամբ մոռանում է իր հին զրույցները ու ավանդությունները»:
Բայց այս գործը բացառիկ խնամք ու բծախնդրություն է պահանջում: Ահա թե ինչու Թումանյանը պահանջում է հատկապես դպրոցական դասագրքերում ոչ միայն արժանի տեղ տալ առածասացվածքներին, այլեւ դա անել պատշաճ կերպով, բանիմացաբար` գիտակցելով ամենից առաջ առածանու՝ հայ մարդկանց լեզվամտածողությանը եւ աշխարհայացքին հարազատ գործածության կարեւորությունը: Ահավասիկ թումանյանական շտկումներից մի քանի օրինակ: Դասագրքերում գրված է՝ «Շան հաչալուն չեն հավատալ», բայց պետք է լինի «Շան կաղալուն չեն հավատալ», գրված է՝ «Ծառի տերեւը իր տակը կկաթի», պետք է լինի «Ծառի պտուղը իր տակը կկաթի», գրված է՝ «Սոխ ու հաց, պարզերես կաց», պետք է լինի «Սոխ ու հաց, սիրտը բաց», գրված է՝ «Ով որ փքանա, շուտով չքանա», պետք է լինի «Ով փքվի, նա չքվի», գրված է՝ «Ճանճն ինչ է, ճմուռն ինչ լինի», պետք է լինի «Ճանճն ինչ է, ճենճն ինչ լինի», գրված է՝ «Ահը լավ է, քան մահը», պետք է լինի «Ահը վեր է (վատ է), քան մահը»:
Հայ մեծ գրողի լեզվատրամաբանական պահանջկոտության եւս մեկ օրինակ: Դասագրքում տպագրված է «Զառի հարգը զարգյառն է իմանում»: Թումանյանը հանգամանորեն բացատրում է. «Զառը մենք դիպակին ենք ասում: Զարքարը դիպակի հետ ի՞նչ գործ ունի: Առածի իսկականը թուրքերեն է: Ասում է՝ զառ ղադրի՝ զարգար բիլար: Զառ՝ պարսկերեն կնշանակի ոսկի: Ուրեմն պետք է լինի «Ոսկու հարգը ոսկերիչը կիմանա»»:
Գաղտնիք չէ, որ ինչպես Հովհաննես Թումանյանի օրոք, այնպես էլ այժմ գրավոր խոսքում առածասացվածքների գործածության հանդեպ կա վերապահ վերաբերմունք, թե իբր դրանց բառապաշարը եւ ոճը անհարիր են գրական հայերենի զարգացման պահանջներին: Թումանյանը հարկ է համարում պարզելու այդ թյուրիմացությունը` բացատրելով, որ բարբառների գործածությունը ոչ միայն չի խաթարում հայերենի անկաշկանդ ընթացքը, այլեւ, ընդհակառակը, դրա «գլխավոր աղբյուրը լինելու է հենց գավառական բարբառը, մեր ժողովրդի կենդանի լեզուն»:
Ընկալենք եւ ընդունենք սա որպես հայոց հանճարի պատգամներից մեկը: Նաեւ խոստովանենք, թե որքան վատ ենք կատարում այդ պատգամը: Մեր հրապարակային խոսքը, եթերի լեզուն, առավել եւս սոցիալական ցանցերի հիմնականում կցկտուր նյութերը, տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների հսկայածավալ տիրույթը գրեթե զուրկ են «պապական» խոսքից: Ավելին, որեւէ տպավորիչ խոսք ասելիս երբեմն օտարից պատճենվածն ենք գործածում՝ անտեսելով բնիկ հայերենը, հայոց լեզվամտածողությանը հարազատ առածասացվածքները, որոնք միայն կարող են հայ մարդկանց անհատական եւ հանրային կյանքում ունենալ վարքակարգավորիչ էական դերակատարում:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
փ.գ.դ., պրոֆեսոր