Հայաստանի մարմնարզության հավաքականի անդամները ընտրանու հաջողությունները կապում են մարզիչների գրագետ աշխատանքի հետ:
«Շատ ուրախ ենք եւ հպարտ, որ ապրիլի 24-ին ոսկե մեդալ նվաճեցինք: Ուրիշ զգացողություն է, երբ մրցաշարերում` ապրիլի 24-ին Հայաստանի օրհներգն է հնչում: Ինձ մոտ հաջող ստացվեց նժույգ թափերը: Մենք շատ շնորհակալ ենք մեր մարզիչներից: Իսկ հենացատկերի վարժությունում ինձ մոտ պարզապես չստացվեց»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանի խոսքերով` վիրահատությունից հետո Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքն առավելագույնն է, որ կարող էր անել: «Մենք էլ շնորհակալ ենք մեր մարզիչներին, քանի որ նրանց շնորհիվ է, որ արդյուքների ենք հասնում: Մենք փորձեցինք անել այն ամենը, ինչ հնարավոր էր: Վարժությունս բարդ չէր, դրա համար 4-րդ հորիզոնականը զբաղեցրեցի: Ուսի շրջանում ցավեր ունեմ, դա անցնի, արդեն վարժությունս կբարդացնեմ»,-նշեց նա:
Ընտրանու նոր անդամ Գագիկ Խաչիկյանի խոսքերով՝ առաջին անգամն էր, որ ինքը մասնակցում էր Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: «Կատարած վարժությունիցս գոհ չեմ, քանի որ լարված էի: Սակայն հաջորդ անգամ` սխալներս շտկելուց հետո առավել հաջող հանդես կգամ»,-ասաց նա:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը:
Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր եւ դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր: