Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»). մարզաձեւ, աշխարհի ամենատարածված եւ ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը եւ անառիկ պահել իրենցը։
Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են Ք. ծ. ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է Ք. ծ. ա. 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետեւյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։
Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաեւ այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց եւ այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա եւ Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։