Գիտական մեծարժեք նոր ու ստվարածավալ գիրք է հրատարակել բանագիտության դոկտոր Վերժինե Սվազլյանը: Հավանաբար նախախնամությունը նրան մանուկ հասակից նախապատրաստել էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց սերունդների հիշողության մեջ պահպանված ազգային աղետների, նաեւ ազգային ձեռքբերումների ու թանկագին հուշերը մարդկությանն ի պահ տալու համար: «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» խորագրով գիրքը (904 էջ) բացվում է «Հայերի տեղաբաշխումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» քարտեզով (քարտեզը կազմել է Հ. Գ. Սարգսյանը): Հատորն ավարտվում է «Ամերիկահայոց շրջանում տարածված ժողովրդական կատարումներ» ձայներիզով:
Գիրքը երկլեզու է՝ հայերեն ու անգլերեն: Դրանում, բացի գիտական գրականության համար պարտադիր ու բազմատեսակ ցանկերից, կան նաեւ բանասացների լուսանկարները (էջ 836-850): Լուսանկարները՝ հայերեն ու անգլերեն, ներքեւում ծանուցում են լուսանկարի տիրոջ անուն-ազգանունը, ծննդյան թվականը, ապրելու բնակավայրը: Գրքի խմբագիրն է երջանկահիշատակ բանագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանը, ով «Խմբագրի կողմից» խոսքն ավարտում է հետեւյալ եզրահանգումով. «Սույն գիտական աշխատությունը մինչեւ օրս հայ բանագիտության պատմության մեջ առաջինն է, որ նվիրված է հայ սփյուռքի մեծագույն համայնքներից մեկի՝ ամերիկահայոց բանավոր ավանդույթի գիտական համակողմանի ուսումնասիրությանը, որն իր պատմաճանաչողական արժեքով հայ ժողովրդի արդի մշակույթի պատմության մեջ կարեւոր եւ բացառիկ արժեք է ներկայացնում»:
Գրքի առաջին բաժինը՝ «Պատմագիտական ուսումնասիրություն», ունի չորս ենթաբաժին: Երկրորդ բաժինը բաղկացած է սկզբնաղբյուրներից՝ վկայություններով ցեղասպանության ականատեսների ու նրանց ժառանգների, նաեւ բանահյուսական ժանրերի առանձին տեսակների նյութերի բաժանումով՝ հեքիաթներ, առակներ, զրույցներ, հայերը գաղթաշխարհում, հայերն Ամերիկայում, հայրենադարձներ, զավեշտական զրույցներ, նորեկողները խորհրդային հայրենիքում, հայաստանցիներն Ամերիկայում, ամերիկահայոց պատմական երգեր, որոնք Հայոց ցեղասպանությունն են (1915-1923 թթ.) ներկայացնում: Նաեւ՝ որբի ու որբանոցի, հայրենազրկումի, պանդխտության, հայրենադարձության, մանկության, սիրո եւ ընտանիքի, կենցաղի, խնջույքի, ազգահավաքի ու հայրենասիրական երգեր: Խիստ ուշագրավ է ամերիկահայերի իմաստախոսությունների բաժինը, որում կան առած-ասացվածքներ, իմաստուն մտքեր, հանելուկներ եւ նման դրսեւորումներ: Գրքում տեղ են գտել ամերիկահայերի տոները ներկայացնող բաժինը, նաեւ երգերի նոտագրությունը:
Ըստ ամերիկահայոց վկայությունների է շարադրված «Հայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներում» բաժինը, որը փաստավավերական հիմքով է ստեղծված ու տեղեկատվական յուրօրինակ հանրագիտարան է: Դրանից իմանում ենք, որ առաջին հայը, որը ոտք է դրել ներկայիս ԱՄՆ-ի հողի վրա, եղել է Ջոն Մարտին հայը՝ 1618-ին: Հետո 1653-ին երկու հայ վարպետների Վիրջինիայի գաղութի ղեկավարը հրավիրել է Ամերիկա՝ շերամաբուծությունն ու մետաքսագործությունը զարգացնելու նպատակով:
19-րդ դարի 30-ական թվականներին հայերը Կիլիկիայից ու Անատոլիայից Ամերիկա են մեկնել կաթոլիկ միսիոներների գործունեության արդյունքում: Հետագայում հայկական տարրը ստվարացել է համիդյան ջարդերի ու հատկապես Հայոց մեծ ցեղասպանության պատճառով: Այդ հայերը կրթվել են ու Միացյալ Նահանգներում դարձել հայտնի դեմքեր: Նրանցից մեկն է «քիմիկոս-գյուտարար Քրիստափոր Տեր-Սերոբյանը, որի հնարած կանաչ եւ սեւ ներկերի բաղադրությունը մինչեւ օրս անհնար է դարձնում ամերիկյան դոլարի նենգումը» (էջ 13): Սվազլյանը ներկայացնում է ԱՄՆ-ում բացված առաջին հայ եկեղեցիների ու դպրոցների համառոտ պատմությունը: Դրանց զուգահեռ շարադրվում է հայկական միությունների կազմավորումը այդ երկրում: Չափազանց հետաքրքիր են ամերիկահայեր Բարբարա Չուգասըզյանի ու Հարութ Սասունյանի ինքնակենսագրական հուշապատումները: Բազմաթիվ են Սվազլյանի գրառած՝ ցեղասպանությունը վերապրածների վկայություններն ու իրենց հայությունը պահպանած անհատների հարցազրույցները:
Հիմա մեր հայրենիքի այս ծանր օրերին՝ Շուշիի ու Հադրութի կորստից հետո, լսում ենք, որ թուրքական «Գորշ գայլեր» կոչվածի բռնություններ կատարող զինվորականները հայտնվել են Շուշիում: Սվազլյանի գրքում կա «Թուրքերուն ծագումը՝ գորշ գայլը» զրույցը: Նրանում ասվում է, թե թուրքերը մոնղոլական ծագում ունեն եւ եկել են Չինաստանի կողմերից: Այդ քոչվորները մի օր գորշ գայլ են տեսնում ու իրենց ձիերի վրա նստած հետեւում են նրան: Գորշ գայլը գալիս է Հայաստան, իրենք էլ նրա հետեւից գալիս են: Տեսնում են լավ երկիր է, մտածում են մնալ այդտեղ եւ հաստատվում են Հայաստանում: Դրանից հետո իրենց խորհրդանիշը դարձնում են Գորշ գայլը: Թուրքերը սկսում են ճնշել հայերին, ծանր հարկեր են դնում նրանց վրա, սպանում են, այրում տները: Հետո սկսում են փախցնել մինչեւ տասը տարեկան քրիստոնյա տղանեին, թլպատում են, իսլամացնում, փոխում նրանց լեզուն ու դարձնում ենիչերի:
Բանահյուսական որոշ միավորներ, ըստ երեւույթին, հայկական միջավայրում թափառող սյուժեներ են: Ինչպես, օրինակ, «Թագավորն ու աղքատը», որը կա հեքիաթի ձեւով տարբեր նահանգներից գրառված հյուսվածքներում: Աղքատը կարողանում է այնպիսի սուտ ասել, որ թագավորը աղքատի բերած տոպրակը լցնում է ոսկով (էջ 446): «Պատմական զրույցներ» բաժնում հետաքրքիր պատումներ կան Խրիմյան Հայրիկի, Անդրանիկ Զորավարի, Սողոմոն Թեհլիրյանի, Վիլյամ Սարոյանի, Նիկոլ Աղբալյանի, Գարեգին Նժդեհի, Վազգեն Ա կաթողիկոսի, Մոնթե Մելքոնյանի եւ այլ նշանավոր հայերի մասին:
«Անգլիագիր հայ գրող Վիլյամ Սարոյանը» զրույցում կարեւոր փաստեր են հաղորդվում աշխարհահռչակ հայ գրողի մասին: «Մարդկային կատակերգություն» (1942 թ.) գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի սցենարի համար Սարոյանն արժանացել է «Օսկար» մրցանակի: Բերվում է նաեւ Սարոյանի հետեւյալ հայտնի ինքնագնահատականը. «Թեեւ գրում եմ անգլերեն եւ ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ՝ անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ՝ ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու՝ հայկական է: Ուրեմն, ես հայ գրող եմ…» (էջ 473):
Հայերը գիտեն, որ իրենք դարերի ընթացքում աշխարհին տվել են հանճարներ: Եվ սնապարծ հայերի մի տեսակ, որն առանձնապես բարձր կրթական մակարդակ չունի, սիրում է աշխարհի շատ նշանավոր մարդկանց հայացնել: Գրքում զավեշտալի մի շարք նմանօրինակ մանրապատումներ կան: Դրանցից մեկը կոչվում է «Ջորջ Վաշինգտոնը եւ հայ տղաները»…: «1776-ին՝ Ամերիկայի անկախության համար մղված կռիվներուն ժամանակ, երկու խարբերդցի հայ տղաներ իրենց զինվորական պահակակետին մեջ, գիշերվա ցուրտեն սառելով, մեկը մյուսին կըսե.
-Սարգիս եղբայր, ինչ հիմար էինք, որ ձգեցինք մեր գեղեցիկ Խարբերդը եւ եկանք հոս, որ ցուրտեն մեռնինք:
Այդ պահուն Անգլիո դեմ ապստամբող ամերիկյան գաղութներու զինված ուժերու հրամանատար Ջորջ Վաշինգտոնը, որ ձիու վրա նստած կշրջեր, կլսե ադ խոսքերը եւ կըսե.
-Տղանե՛ր, դո՞ւք էլ հայ եք» (էջ 508):
Բավականին մեծ թիվ են կազմում հրեաների՝ ֆրանսիացիների, ռուսների եւ հատկապես հայերի համեմատական բնութագրերը պարունակող զավեշտալի զրույցները: Դրանցից մեկն է «Հրեաները եւ հայերը». «Դժոխքին մեջ հրեաներուն եւ հայերուն կմտցնեն եռացող ջրով լիքը կաթսայի մը մեջը: Հրեաները իրար ուս ուսի բարձրանալով՝ դուրս կուգան կաթսայի մեջեն՝ կազատվին: Հայուն մեկը, երբ կփորձե դուրս գալ, անոր ոտքերեն կքաշեն, վար կբերեն, որ իրարու հետ խաշվին» (էջ 515):
Զավեշտալի մանրապատումներ կան՝ կապված Ստալինի, Ռուզվելտի, Լենինի, Չերչիլի, Խրուշչովի, Ջոն Քենեդու եւ այլոց հետ: «Խրուշչովին քննադատող մարդը» զավեշտում կարդում ենք. «Մարդուն մեկը Կրեմլ է գնացել, սկսել է պոռալ. «Խրուշչովը ապուշ է, Խրուշչովը էշ է»: Անոր կտանին բանտ կդնեն, երկու տարի կուտան՝ Խրուշչովի դեմ խոսելու եւ տասը տարի՝ պետական գաղտնիքը մեջտեղ հանելու համար» (էջ 519):
Հարուստ է առած-ասացվածքների բաժինը, որում դարավոր փորձի հիման վրա ստեղծված իմաստախոսություններ են, որոնք վերժամանակյա են՝ «Առյուծի մը հետ կռվե, քան թե՝ հազար հատ մուկի» (էջ 594), «Լավ է քու տունիդ չոր հացը, քան՝ ուրիշի խորովածը» (էջ 598), «Հրեային գլուխը կաշխատի, հայուն՝ ձեռքերը» (էջ 600), «Ով թուրքեն խեր տեսնա, Աստուծմեն շառ կտեսնա» (էջ 601), «Վատատեսը շուտ կհիասթափվի, լավատեսը ելք կփնտրե» (էջ 602), «Տալու հաճույքն ավելի մեծ է, քան՝ ստանալու» (էջ 602) եւ այլն: Բազմաթիվ են նաեւ բարոյախոսական խրատները՝ «Ամեն հաջողած տղամարդուն ետեւը միշտ խելացի կին մը կա, իսկ չհաջողածին ետեւը՝ մեկ ուրիշ կին» (էջ 604), «Աստուծմեն չվախեցողեն վախեցիր» (էջ 606), «Գործեն մի՛ վախեցիր, գործը թող քեզմե վախենա» (էջ 607), «Դուն հայ ես՝ պիտի հաղթե՛ս» (էջ 607), «Եթե հայու արյուն ունիս մեջդ, պիտի պայքարիս» (էջ 607), «Երբ լեզուդ կկորսնցնես՝ ազգդ կկորսնցնես» (էջ 608), «Հարգիր ծնողքդ եւ սիրիր» (էջ 610), «Մարդը կգնա, գործը կմնա» (էջ 611), «Մի՛ ըներ չարիք, չտեսնաս չարիք» (էջ 612), «Շատ չկռանաս, կհեծնեն վրադ» (էջ 613), «Ազգի մը հայելին իր պատմությունն է» (էջ 615), «Ազգի մը ուժը անոր ոչ թե քանակի, այլ որակին մեջ է» (էջ 615), «Ամեն մարդու բախտը իր ձեռքին է» (էջ 615), «Անիծվի այն հայը, որ կուրանա իր ազգը» (էջ 617), «Ծառը արմատով է զորավոր, հայը՝ իր ազգով» (էջ 620) եւ այլն:
Վերժինե Սվազլյանի «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» գիրքն ունի ուսուցողական խոր իմաստ: Այն մտահղացվել եւ արարվել է 40 տարի տեւած ստեղծագործական աշխատանքի շնորհիվ, երբ հեղինակը 1979, 1990, 2001, 2004, 2008 թթ. այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եղել է տարբեր քաղաքներում, հանդիպել ամենատարբեր զբաղմունքի ու տարիքի հայերի հետ, փշուր առ փշուր հավաքել ամերիկահայերի բանավոր ստեղծագործության հյուսվածքները՝ դրանք դարձնելով ընդհանուրի սեփականությունը եւ ավանդելով ապագա սերունդներին:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ