Հեծանիվ՝ անիվներով տրանսպորտային միջոց, որը շարժվում է մարդու մկանային ուժի շնորհիվ՝ ոտնակների միջոցով։ Առավել տարածված են երկու ակնանի հեծանիվները, սակայն կան նաեւ մի ակնանի, երեք ակնանի, ինչպես նաեւ բազմաթիվ ակներով հեծանիվներ։
Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում։ Առաջին երկանիվ հեծանիվները երեւացին 19-րդ դարի սկզբներին։ 1817 թ. բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը, հետո 1818-ին իրագործեց առաջին ինքնագնացը, որն անվանեց՝ «մեքենա վարելու համար» (Laufmaschine)։ Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ, առաջին անվին ամրացված շարժաթեւ եւ ոտնակ։ Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր եւ ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ-ի)։ Մեր ժամանակների հեծանիվներին նման առաջին հեծանիվը ստեղծվեց անգլիացի Ջեյմս Քեմպ Ստարլիի կողմից, 1884 թ., այն կոչվում էր «Ռովեր»։