Հայ առաքելական եւ առհասարակ քրիստոնյա բոլոր եկեղեցիների կարեւոր տոներից է Մեծ Զատիկը, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը։ Այս տարի Մեծ Զատիկը՝ Հարության տոնը, նշվելու է ապրիլի 17-ին։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչեւ ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։ Վարկածներ կան, որ նախաքրիստոնեական շրջանում Զատիկը եղել է անշարժ տոն եւ համընկել է Հայ հեթանոսական նոր տարուն՝ մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով։ Տոնն սկսվում էր գարնան գիշերահավասարին, այդ ժամանակ եւս մեր նախնիները ներկում էին հավկիթներ եւ ուտում էին թարխունով, աղով եւ լավաշով։ Հետագայում, ինչպես նաեւ շատ հոգեւոր ծեսեր, վերածվել են քրիստոնեական տոների։ Քրիստոնեություն ընդունելուց հետո մեր ժողովուրդը չմոռացավ իր ազգային ծեսերը, եւ Հայ առաքելական եկեղեցին Զատիկը դարձրեց ամենակարեւոր տոնը, որը շարժական է։
Ապրիլի 15-ին՝ ուրբաթ օրը, Զատկի տոնի արարողություն կայացավ Երեւանի Դավիթաշենի վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվ. թիվ 199 հիմնական դպրոցում։ Անցած տարի Դավիթաշենի վարչական շրջանի օժանդակությամբ հիմնանորոգվեց այս կրթօջախի մարզադաշտը, որտեղ էլ կայացավ դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտների համատեղ տոնական հանդեսը։ Ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու սպասավորներ, Երեւանի քաղաքապետարանի կրթության բաժնի համակարգող Նունե Մխիթարյանը, Դավիթաշենի վարչական շրջանի կրթության պատասխանատու Մարիամ Մկրտչյանը, հարակից դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, ծնողներ, հյուրեր։ Հանդեսն սկսվեց տեր Խորեն քահանայի օրհնանքի խոսքով եւ Տերունական աղոթքով։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ Խորեն քահանան ասաց. «Զատկի հետ առնչվող գլխավոր արարողություններն սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի Հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած Մեծ պասի շրջանը։ Ժամերգություն է տեղի ունենում եւ պատարագ մատուցվում բուն զատկական կիրակի օրը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը»։ Հոգեւոր հայրը ներկաներին եւ մեր ժողովրդին մաղթեց Աստծո զորությունը, ներկա իրավիճակում կարեւորեց միասնությունը։ Այնուհետեւ ելույթ ունեցան դպրոցականները՝ ներկայացնելով Զատկի ժողովրդական ծեսերից։ Նշեցին այդ տոնի կարեւոր ուտեստները, սովորույթները։ Ներկայացրին դրվագներ ավետարանիչներից՝ նվիրված Մեծ պահքից հետո յուրաքանչյուր կիրակի եկեղեցիներում կատարվող արարողություններից, ինչպիսիք են «Անիրավ դատավորինը», «Անիրավ տնտեսինը» եւ այլն։ Աշակերտները հանդես եկան նաեւ ազգագրական պարերգերով։ Պարին միացան նաեւ միջոցառմանը ներկա ուսուցիչներ, հյուրեր։ Հուզիչ ու գեղեցիկ էր հարյուրավոր մանուկների համատեղ պարը։
Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանը հանդեսից հետո շնորհակալություն հայտնեց ներկաներին, կազմակերպիչներին։ Անդրադառնալով տոնի խորհրդին՝ ասաց՝ այն մեզ ներշնչում է անգործունեությունից դառնանք գործուն, համահավաք ու տեր կանգնենք մեր արժեքներին, սովորություններին ու պահենք-պահպանենք մեր սուրբ երկիրը։ Բացօթյա հանդեսից հետո հոգեւոր հայրերը եւ հյուրերը, դպրոցի տնօրենի ուղեկցությամբ, ծանոթացան Զատկին նվիրված ցուցադրությանը։ Վ. Բեջանյանը նշեց, որ իրենց շրջանավարտները հետագայում ուսումը շարունակում են ավագ դպրոցներում, քոլեջներում, ինչպես նաեւ «Այբ», «Քվանտ» եւ նման այլ կրթօջախներում։ Իններորդ դասարանցի Արմենն այժմ Սրբոց Նահատակաց եկեղեցու սպասավոր է։ Կայացած հանդեսը նա համարեց ընդհանուր աշխատանք, այնուամենայնիվ նշեց 5-րդ Բ դասարանի դասղեկ Հասմիկ Ենգիբարյանի անունը, ով մեծ աշխատանք է կատարել։ Անդրադարձավ կրթօջախի խնդիրներին, որոնցից կարեւորեց շենքային պայմանները։ Տեղեկացրեց, որ վերջերս հիմնանորոգվել է 2 դասասենյակ, փոխվել են 5 դասասենյակի պատուհաններ ու դռներ։ Այս դպրոցի շրջանավարտներից Վարդան Ամալյանը՝ երգիչ Դավիթ Ամալյանի որդին, եւ Կարեն Կարապետյանը նահատակվել են 44-օրյա պատերազմում։ Նախատեսված է՝ մոտ ժամանակներս դասարաններ կկոչվեն անմահ հերոսների անուններով։