Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինն իր որդուն վերաբերվում էր որպես սովորական խորհրդային զինվորի: Յակով Ջուղաշվիլին Հայրենական մեծ պատերազմում հայտնվեց առաջնագծում, սակայն նրան չհաջողվեց երկար կռվել: Արդեն 1941 թ. հուլիսին գերմանացիներն ավագ լեյտենանտին գերի վերցրեցին:
Իոսիֆ Ստալինի հարաբերություններն իր ընտանիքի անդամների հետ բարդ են եղել: Մանկության օրերին նա ստիպված էր հանդուրժել հարբեցող հորը, ով ծեծում էր մորը: Բացի այդ, «ազգի առաջնորդը» հիասթափեցրել էր իր մորը. վերջինս երազում էր, որ որդին քահանա դառնա: 1899 թ. Ստալինին հեռացրել են Թիֆլիսի հոգեւոր սեմինարիայից՝ «անհայտ պատճառով քննություններին չներկայանալու համար»: Հավանաբար, հեռացման փաստացի պատճառը նրա գործունեությունն էր. Ստալինը սեմինարիստների շրջանում մարքսիզմ էր քարոզում, արգելված գրքեր կարդում սոցիալիզմի ու հեղափոխության մասին:
Ստալինն ամուսնական կյանքում նույնպես բազմաթիվ խնդիրների է բախվել: Առաջին կնոջ մահից հետո ամուսնացել է երկրորդ անգամ՝ Նադեժդա Ալիլուեւայի հետ, ով ինքնասպանություն է գործել 1932 թ.: Կարծիք կա, որ ինքնասպանության պատճառը Ստալինի հետ վեճն է եղել: Բացի այդ, խորհրդային առաջնորդը լարված հարաբերություններ ուներ առաջին կնոջից՝ Եկատերինա Սվանիձեից ծնված ավագ որդու՝ Յակով Ջուղաշվիլու հետ:
Յակով Ջուղաշվիլին ծնվել է 1907 թ. մարտի 18 (31)-ին, վրացական Բաջի գյուղում, որն այդ ժամանակ Ռուսական կայսրության կազմում էր: Մոր մահվան ու հոր փախուստի պատճառով (վերջինս ստիպված էր թաքնվել ցարական ոստիկանության հետապնդումներից) Յակովը մնում է մորաքրոջ մոտ մինչեւ 14 տարեկան դառնալը: 1921 թ. Յակովին տեղափոխում են Մոսկվա, որտեղ նա առաջին անգամ տեսնում է իր հորը՝ Իոսիֆ Ստալինին, ում իսկական անունն է Իոսիֆ Վիսարիոնովիչ Ջուղաշվիլի:
Հոր եւ որդու հարաբերությունները լարված էին: Խորհրդային առաջնորդը դեմ էր, որ Յակովն ամուսնանա սիրած կնոջ հետ: Հորից գաղտնի նա 21 տարեկանում ամուսնանում է քահանայի դստեր՝ Զոյա Գունինայի հետ: Ամուսնությունը հաջող չի դասավորվում, բացի այդ, Յակով Ջուղաշվիլու հոգեբանական վիճակի վրա ազդում է իր փոքրիկ դստեր մահը: Արդյունքում Ստալինի որդին փորձում է ինքնասպանությամբ վերջ տալ իր կյանքին եւ միայն կրեմլյան բժիշկների ջանքերի շնորհիվ է ողջ մնում: Այդ միջադեպից հետո Ստալինը կատաղության է հասնում. «Մեր միջեւ ոչ մի ընդհանուր բան չկա եւ չի կարող լինել: Թող ապրի, ինչպես եւ ում հետ ուզում է»:
Խորհրդային առաջնորդի ավագ որդին ամեն ինչում չէ, որ դիմադրում էր հորը: Ստալինի պահանջով նա 1941 թ. մայիսին ավարտում է Աշխատավորա-գյուղացիական կարմիր բանակի հրետանային ակադեմիան: Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակումից ընդամենը մեկ ամիս առաջ ավագ լեյտենանտ Յակով Ջուղաշվիլին նշանակվում է հրետանային մարտկոցի հրամանատար:
Երբ 1941 թ. հունիսի 22-ին սկսվում է պատերազմը, Յակով Ջուղաշվիլին մնում է ռազմաճակատում որպես շարքային զինվոր: Այդ ժամանակ կուսակցական վերնախավում անպարկեշտություն էր համարվում, որ չափահաս տղան չկռվի: Կռվում էին Ստալինի, Միկոյանի, Խրուշչովի ու այլոց որդիները…
1941 թ. հուլիսի 16-ին Յակով Ջուղաշվիլին գերի է ընկնում գերմանացիներին, որոնք ճանաչում են նրան ու հարցաքննության ենթարկում…
…Ռազմական գործողություններ էին ընթանում Վիտեբսկի մարզում՝ Չեռնոգոստնիցա գետի երկայնքով: Ավագ լեյտենանտ Յակով Ջուղաշվիլին հաուբիցային 14-րդ մարտկոցի հրամանատարն էր: Մարտիկները գլխի են ընկնում, որ գործերը լավ չեն, գունդը շրջապատվում է… Յակովը դիվիզիայի հրամանատարին սպասում է շտաբի մոտ՝ իրավիճակը ճշտելու եւ հրաման ստանալու համար: Կապ չկար: Բայց հրամանատարը նույնպես չկար: Նրա մոտ շուտով հայտնվում են մի խումբ զինվորներ, ովքեր ինքնուրույն են փորձում դուրս գալ շրջափակումից: Ջուղաշվիլին ընդունում է հրամանատարությունը եւ նետվում մարտի: Միայն այն պատճառով, որ ուրիշ ոչինչ չէր մնում անելու:
Այդ հուսահատ գրոհից հետո Յակովը հանկարծ նկատում է, որ մենակ է մնացել: Ավագ լեյտենանտն այլեւս չէր կարող վերադառնալ իր մարտկոց, քանի որ ականանետային հրետակոծություն էր սկսվել: Յակովը քայլում է ճանապարհով՝ հուսալով հանդիպել յուրայինի, սակայն միայն թափառող ու ինքնատիրաապետումը կորցրած մարդկանց է հանդիպում, հիմնականում՝ քաղաքացիական անձանց: Այլ տարբերակ չունենալով՝ սպան քայլում է նրանց հետ: Հետո բոլորն սկսում են հանել զինվորական շորերը ու քաղաքացիական հագուստ հագնել: Յակովը չէր ցանկանում, բայց նրա պատահական ընկերները պահանջեցին նույնը անել՝ վախենալով, որ ինքնաթիռներից իրենց ուղղությամբ կրակոցներ կլինեն: Յակովը գյուղում հագուստ է գտնում ու փոխվում…
Գերի ընկնելով՝ Յակովը չի թաքցնում, որ Ստալինի որդին է: Այնուհետեւ նա հայտնվում է Հարավային Բավարիայի ճամբարում, ապա՝ Գոմելսբուրգում, որտեղ պահվում էին տարբեր բանակների գերիներ՝ խորհրդային, ֆրանսիացի, անգլիացի եւ նույնիսկ բելգիացի սպաներ:
Նույն ճամբարի ռազմագերի մայոր Մինոսյանը 12.04.1945 թ. իր զեկուցման մեջ հետեւյալն է գրում. «Կարճ ժամանակ Գոմելսբուրգի ճամբարում նա (Յակով Ջուգաշվիլին.- հեղ.) իրեն հաստատակամ դրսեւորեց, իսկ իր պահվածքով խիզախ եւ անսասան խորհրդային սպա էր, Մեծ հոր արժանի զավակը… Նույն սնունդն էր ստանում, ինչ մնացած խորհրդային սպաները, այսինքն՝ 150 գ հաց, օրական մեկ անգամ՝ շաղգամով ապուր, առանց համեմունքների։ Ամեն օր նրա մոտ էին գալիս ֆաշիստական թերթերի ֆոտոլրագրողներ գեստապոյի սպաների հետ՝ Յաշային ստիպելու եւ նրանից շահեկան տեղեկություններ ստանալու համար, բայց միշտ վճռական մերժում էին ստանում. «Ես սիրում եմ իմ հայրենիքը, երբեք վատ բան չեմ ասի իմ հայրենիքի մասին»:
Յակով Ջուղաշվիլին հրաժարվում է համագործակցել գերմանացիների հետ: Բայց դա նրանց չի կանգնեցնում: Երրորդ ռեյխի քարոզչական մեքենայի ջանքերով Ստալինի որդու գերման մասին լուրը հայտնի է դառնում բոլորին: Ավելին՝ գերմանացիները պնդում էին, որ այդ միջադեպը կդառնա Խորհրդային Միության անկման սկիզբը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Ստալինգրադի ճակատամարտից ու գերմանական 6-րդ բանակի ջախջախումից հետո Ադոլֆ Հիտլերը Շվեդիայի միջնորդությամբ դիմում է Ստալինին՝ առաջարկելով Յակով Ջուղաշվիլուն փոխանակել ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսի եւ գերմանացի մի շարք գեներալների հետ, որոնք գերվել էին խորհրդային զորքերի կողմից:
Ստալինը մերժում է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ զինվորին չի փոխանակում ֆելդմարշալի հետ: Նա նաեւ ավելացրել է, որ իր որդին ոչնչով չի տարբերվում խորհրդային միլիոնավոր այլ զինվորներից, ովքեր տանջվում են գերմանական համակենտրոնացման ճամբարներում:
1943 թ. ապրիլի 14-ին Յակով Ջուղաշվիլին նետվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբարի՝ էլեկտրական լարման տակ գտնվող փշալարերի վրա եւ սպանվում ժամապահի կողմից: Գերմանական փաստաթղթերում նշվում է, որ Ստալինի որդին սպանվել է փախուստի պահին, սակայն Խորհրդային Միությունը հայտարարել է, որ Յակովին սպանել են այն բանից հետո, երբ Ստալինն իր որդուն չի փոխանակել գերմանացի մարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսի հետ:
1945 թ. դաշնակիցները ձերբակալում են համակենտրոնացման ճամբարի հրամանատար գնդապետ Քայնդլին եւ անվտանգության գումարտակի հրամանատար փոխգնդապետ Վեգներին։ Հենց նրանք էլ պատմել են Յակով Ջուղաշվիլու մահվան մասին։ Վեգները հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ 1943 թ. մարտին կարմիր բանակի երկու ավագ լեյտենանտներ, որոնցից մեկը Ստալինի որդին էր, իսկ երկրորդը՝ Մոլոտովի ազգականը, համակենտրոնացման ճամբարի բանտից տեղափոխվել են հատուկ խստության ռեժիմի թիվ 2 բարաք: Ջուղաշվիլին «միշտ իրեն անկախ է պահել է եւ որոշակի արհամարհանք ցուցաբերել ճամբարի ղեկավարության նկատմամբ»։
Ըստ Քայնդլի՝ 1943 թ. ապրիլի 14-ին թիվ 2 բարաքի գերիներին հանում են զբոսանքի: Հրամանից հետո բոլորը վերադառնում են, իսկ Ջուղաշվիլին հրաժարվում է ենթարկվել հրամանին. շարունակում է առաջ ընթանալ: Ժամապահը գոռում է՝ կանգնիր, կկրակեմ: Յակովը բացում է կուրծքը ու ասում՝ կրակիր: Ժամապահը կրակում է նրա գլխին… Քայնդլը, Հիմլերի առաջ արդարանալու համար, հաղորդել է, որ Յակով Ջուղաշվիլին նախ ընկել է էլեկտրական բարձր լարման տակ գտնվող փշալարի վրա, եւ միայն դրանից հետո է ժամապահը կրակել նրա վրա: Բայց, դատելով ամեն ինչից, իրադարձությունները միանգամայն հակառակ ընթացքն են ունեցել…
«Կրկնակի դավադրություն: Ստալին եւ Հիտլեր. ձախողված հեղաշրջումներ», «Ստալին. երկրորդ սպանություն» եւ այլ գրքերի հեղինակ Ելենա Պրուդնիկովան մի առիթով, պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցի հարցերին, նշում է, որ Յակովը կարող էր սպանված լինել նաեւ 1941 թ., մարտի դաշտում: Նա համարում է, որ երկու վարկածն էլ ճշմարտանման են, բայց գերության մեջ փաստը հաստատվում է փաստաթղթերով: «Հիտլերը Ստալինին փոխանակում չի առաջարկել: Եվ «զինվորին մարշալի հետ չեն փոխում» արտահայտությունը ոչ ոք չի լսել: Հիտլերի համար Յակովին Պաուլյուսի հետ փոխարինելը ոչ մի իմաստ չուներ: Ֆյուրերը չէր էլ ցանկանում ֆելդմարշալին վերադարձնել գերությունից, քանզի, որպես կանոն, խաչ էր քաշում նրանց վրա, ովքեր չէին արդարացնում իր սպասելիքները»,- շեշտել է Պրուդնիկովան:
…1977 թ. հոկտեմբերի 28-ին ԽՍՀՄ-ում գաղտնի հրամանագիր ստորագրվեց Յակով Ջուղաշվիլուն հետմահու Հայրենական պատերազմի շքանշանով պարգեւատրելու մասին…