Ասուպներ եւ երկնաքարեր։ Գիշերային երկնքի դիտարժան երեւույթներից մեկը «վայր ընկնող աստղերն» են։ Երեւույթը, իհարկե, ոչ մի կապ չունի աստղերի հետ եւ տեղի է ունենում մեր մոլորակի մթնոլորտի սահմաններում` մոտավորապես 70-130 կմ բարձրության վրա։ Բանն այն է, որ մեր համակարգի սահմաններում, բացի մինչ այժմ թվարկված երկնային մարմիններից, գոյություն ունեն անթիվ-անհամար մանր բեկորներ, փոշու հատիկներ, որոնք եւս, ենթարկվելով Կեպլերի օրենքներին, պտտվում են Արեգակի շուրջը։ Քանի որ դրանք չափազանց շատ են, ուստի Երկիրն իր շարժման ընթացքում շարունակ բախվում է դրանց։ Այդ բեկորները, իսկ առավել հաճախ` ավազի եւ փոշու հատիկները մթնոլորտ են ներխուժում վայրկյանում 11-72 կմ արագությամբ։ Շփվելով օդի մոլեկուլների հետ` շիկանում են եւ իոնացնում օդի ատոմները։ Երկնքում լուսե գիծն առաջանում է ինչպես նշված բեկորների այրումից, այնպես էլ իոնացած ատոմների վերականգնումից։ Երեւույթը կոչվում է ասուպի երեւույթ։
Մեկ գիշերվա ընթացքում կարելի է արձանագրել -3 աստղային մեծության 28000 ասուպ։ Այդպիսի պայծառության լուսահետք է թողնում 4-5 գրամ զանգվածով բեկորը։
Բացի պատահական ասուպներից, տարվա ընթացքում մի քանի անգամ կարելի է դիտել նաեւ ասուպային հոսքեր կամ սովորական անձրեւներ։ Եթե սովորական պայմաններում մեկ ժամվա ընթացքում արձանագրվում է 5-10 ասուպ, ապա ասուպային անձրեւի ժամանակ դրանց թիվը հասնում է հարյուրների եւ հազարների։
Եթե ասուպի երեւույթն առաջացնող բեկորն ամբողջությամբ չի այրվում, ապա հասնում է օդի ավելի խիտ շերտերին, դանդաղում եւ ընկնում Երկրի վրա։ Երկրի վրա ընկած այդպիսի բեկորները կոչվում երկնաքարեր։