«Ես այլեւս չէի կարող շարունակել իմ ամենօրյա հարաբերություններն այն մարդկանց հետ, ովքեր թեպետ սիրալիր են ու բարեկիրթ, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել».
Հենրի Մորգենթաու
1913-16 թթ. Մորգենթաուն ԱՄՆ դեսպանն էր Օսմանյան կայսրությունում. հենց այդ ժամանակ հայկական կոտորածներն առավել զանգվածային բնույթ ստացան։ Մորգենթաուն չէր հավատում, որ այդ աստիճան բացահայտ, ողջ աշխարհի գիտությամբ ու թողտվությամբ հնարավոր է այնպիսի նախճիր իրականացնել, որպիսին թուրքերն էին անում հայ ժողովրդի հանդեպ։ Ավելին՝ Օսմանյան կայսրությունն անմիջական օգնություն ու խրախուսանք էր ստանում նացիստական Գերմանայի կողմից. նրանք միասին էին անմարդկային փորձեր անում հայ գերիների վրա։ Մորգենթաուն ազդված էր. համատարած անտարբերության մթնոլորտում, այնուամենայնիվ, հավատում էր, որ իր ձայնը տեղ կհասնի եւ վճռորոշ նշանակություն կունենա։ Նա հանդիպեց Էնվերի ու Թալեաթի հետ եւ դառնությամբ ու զայրույթով նետեց նրանց դեմքին. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը»։ Բայց մի՞թե խոսքը կարող է ազդել այնպիսի արյունարբու գազանների վրա, որպիսին թուրք պարագլուխներն էին։ Թալեաթը ցինիկորեն հեգնում է. «Ի՞նչ կարիք կա խոսելու նրանց մասին։ Մենք լուծել ենք նրանց հարցը։ Ամեն ինչ ավարտված է»։ Այնուհետեւ «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում Հենրին նշում է. «Թալեաթն ինձ վրա մի մարդու տպավորություն թողեց, ով ուզում է ոչնչացնել բոլոր հայերին։ Նա ինձ հայտնեց, որ «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեն հարցն ուսումնասիրել է ամենայն մանրամասնությամբ, եւ տարվող քաղաքականությունը պաշտոնապես ընդունված է նրանց կողմից։ Ասում էր, որ չպետք է կարծեմ, թե տեղահանության մասին որոշումը հապճեպ է ընդունվել. իրականում այն երկար եւ լավ մշակված ծրագրի արդյունք է»։ 1915-16 թթ. հայերի զանգվածային տեղահանությունը Մորգենթաուն համարում է մինչ այդ երբեւէ չկիրառված թուրքական նոր մեթոդ, որի գաղափարը միանգամայն գերմանական էր։
Հենրի Մորգենթաուն փորձում է միջնորդի դեր կատարել եւ հանդիպում է գերմանական դեսպանի ու թուրք ղեկավարության հետ. այստեղ նույնպես նրան հիասթափություն ու հեգնանք էր սպասվում. «Քեզ համար մեկ չէ՞. դու հրեա ես, սրանք՝ քրիստոնյա»։ Մորգենթաուն չէր նահանջում. նա դեռ հավատում էր, որ բարոյականությամբ կարող է ազդել բարբարոսների վրա։ «Գիտե՞ք ինչ,- ասում է նա,- ես Միացյալ Նահանգների դեսպանն եմ, իսկ այն 90-95 տոկոսով քրիստոնյա երկիր է։ Այնպես որ՝ հենց հիմա ձեզ հետ խոսելիս ես 90 տոկոսով քրիստոնյա եմ։ Բայց ամենակարեւորն այն է, որ ձեր արածը սխալ է, եւ անպատիժ չեք մնալու։ Ու չպիտի՛ մնաք։ Եվ ես հնարավոր ամեն բան կանեմ ձեզ կասեցնելու համար»։ Թե որքանով նրանք պատժվեցին ու ինչ պատասխան տվեցին պատմության առջեւ, Մորգենթաուն վկա եղավ եւ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, իսկ թուրք պարագլուխների կատարած ոճրագործություններն անհամեմատելի են նրանց պատժի հետ, որ իրականացրին հայ վրիժառուները…
Ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ նրա պաշտպան Հենրի Մորգենթաուն մնաց մենակ Օսմանյան բարբարոս կայսրության դեմ պայքարում։ Վուդրո Վիլսոնի կառավարությունն էլ էապես չարձագանքեց սեփական դեսպանի մտահոգություններին ու անհանգստություններին։ Մնում էր հեռանալ այն երկրից, որտեղ այնքան էլ սրտանց ոտք չէր դրել ամերիկյանը դեսպանը։ 1916 թ. Մորգենթաուն հրաժարվում է դեսպանի պաշտոնից եւ լքում Թուրքիան. նա այդտեղ այլեւս անելիք չուներ… Դրանով, սակայն, Մորգենթաուի մարդասիրական գործունեությունը չի ավարտվում։ Ի թիվս շատ բարեգործությունների` զանազան ազգերի ու համայնքների կարիքները հոգալու հարցում, նա կազմակերպել է նաեւ 1923 թ. Զմյուռնիայի կոտորածներից հետո կենդանի մնացած հազարավոր հայերի փրկությունն ու տեղափոխումը։ Բացի այդ, Հենրի Մորգենթաուի կարեւորագույն ավանդը հայ ժողովրդի համար Մեծ եղեռնի վավերագրումն ու փաստավորումն են, որոնք հրապարակված են նրա մի շարք գրքերում ու հոդվածներում, որտեղ նկարագրված է Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունների ու տեղահանությունների վերաբերյալ ողջ ճշմարտությունը։ Հայտնի են նրա` «Հայկական ջարդերի առթիվ» (1918 թ.), «Ինչու պետք է կործանել Օսմանյան կայսրությունը» (1918 թ.), «Հայաստանը կանչում է» (1918 թ.), «Կոչնչանա՞, արդյոք, Հայաստանը» (1920 թ.), «Հայերի կոտորածները 1915-ին» (1922 թ.) հոդվածները, «Հայաստանի ողբերգությունը» (1918 թ.), «Բոսֆորի գաղտնիքներ. 1913–1916» (1918 թ.), «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» (1918 թ., հայերեն՝ 1919 թ.) եւ այլ գրքեր։
Իրեն հուզող հարցերի վերաբերյալ աջակցություն չգտնելով զանազան տերությունների եւ սեփական իշխանությունների կողմից՝ Մորգենթաուն դիմում է ընկերներին, մասնավորապես` Քլիվլանդ Դոջին գրում է. «Հայերն անխնա կոտորվում են, իսկ Միացյալ Նահանգները չի միջամտում։ Մենք պետք է օգնենք»։ Դոջը, որ ժամանակին օգնություն էր տրամադրել Ստամբուլի ամերիկյան «Ռոբերտ քոլեջին», որտեղ սովորում էին այլազգիներ` հայեր, հույներ, բուլղարացիներ եւ այլն, անմիջապես կազմակերպում է ամերիկացի գործարարների հավաք, որտեղ հիմնադրվում է Մերձավոր Արեւելքի նպաստամատույցը. հավաքված հսկայական գումարը տրամադրվում է տեղահանված հայերի օգնությանը, մի մասն էլ հատկացվում փրկության նավեր վարձակալելուն։ Նպաստամատույցը գործում է մինչ օրս` հօգուտ հայության եւ տեղահանված այլ համայնքների։ Այժմ դրանով զբաղվում է Քլիվլանդ Դոջի ծոռը` Ջոնսոն Գարետը։ Մորգենթաուն, ինչպես տեսանք, ոչ միայն ինքն էր ակտիվորեն նվիրված մարդասիրական գործունեությանը, այլեւ դրանում ներգրավում է ընկերներին ու հարազատներին։ Մորգենթաուների տասնյակից ավելի ժառանգներ 2015 թ. ապրիլի 24-ին ժամանեցին Երեւան` մասնակցելու Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի արարողությանը։
Հենրի Մորգենթաուն ծնվել է Բադենի Մեծ Դքսության` Հռենոսի եւ Նեքարի ափերին բազմած Մանհայմ քաղաքում` 1856 թ. ապրիլի 26-ին. նա ընտանիքի 11 երեխաներից իններորդն էր։ Երբ հոր` Լազարուս Մորգենթաուի բիզնեսն սկսեց անկում ապրել, 1865 թ. ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ արդեն իսկ գերմանահրեական մեծ համայնք էր ձեւավորվել։ Հենրիի համար դժվար չէր ո՛չ անգլերեն սովորելը, ո՛չ էլ ինտեգրվելը ամերիկյան կյանքին։ Նա հրաժարվում է անգամ գերմաներեն Մորգենթոու հնչող ազգանունից եւ ընտրում Մորգենթաուն։ Հենրիի գործերը հաջողվեցին անշարժ գույքի շուկայում, նրա վերահսկողությանն էին ենթարկվում մի շարք ձեռնարկություններ, նա դարձավ անգամ աշխարհում առաջին արդիական տպագրամեքենաներ արտադրող «Underwood Typewriter» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, սակայն հետագայում նվիրվեց իրավաբանությանը եւ 1911 թ. անցավ պետական ծառայության, նախագահական ընտրություններում օգնեց Վուդրո Վիլսոնին, իսկ երբ նրան առաջարկեցին դեսպանի պաշտոնը Օսմանյան կայսրությունում, Հենրին իր համար այնքան էլ պատվաբեր չհամարեց այն, սակայն այդ ժամանակ ընտրությունը մեծ չէր. ԱՄՆ-ն ընդամենը 9 դեսպանություն ուներ։ Հենրին ստիպված ընդունեց առաջարկը, սակայն կանխազգացումը, ինչպես տեսանք, չխաբեց նրան. 3 տարի անց նա հիասթափված թողեց պաշտոնն ու վերադարձավ։
Հենրի Մորգենթաուն ապրեց 90 տարի։ Հայ ժողովրդի մեծ բարեկամ, մարդասեր, նվիրյալ դիվանագետը վախճանվեց Նյու Յորքում, 1946 թ. նոյեմբերի 25-ին` մեկընդմիշտ մնալով հայ ժողովրդի սրտում…