Օրերս կրկին Արցախում էի եւ այցելեցի հերոսական Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում, որը ժողովուրդը նաեւ Մոնթեաբերդ է կոչում՝ լեգենդար զորավար Մոնթեի հիշատակին:
Շրջանային «Ամարաս» պաշտոնաթերթի խմբագրությունը տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում գտնվող երկհարկանի շենքում: 2017-ից թերթի գլխավոր խմբագիրը Կարինե Դադամյանն է, ով 2000-ից է աշխատում այստեղ: Մինչ այդ էլ, դեռ դպրոցական տարիներին, թղթակցել է թերթին: Ծնվել է 1973 թ. մայիսի 15-ին, Մուշկապատ գյուղում: 1990 թ. ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը, իսկ 1995-ին՝ Արցախի պետական համալսարանի հայոց լեզու եւ գրականություն բաժինը: 2 եղբայրներից երկվորյակը՝ Կարենը, 1993 թ. ապրիլի 2-ին մարտիրոսվել է Քարվաճառի ազատագրական մարտերում:
Ներկայացնելով շրջանային պաշտոնաթերթը՝ տեղեկացրեց, որ այն լույս է տեսնում 1935-ից` սկզբից «Բոլշեւիկյան հաղթանակ», իսկ 1952-ից՝ «Դեպի կոմունիզմ» անվանումներով: 1959 թ. Արցախում փակվել են շրջանային բոլոր թերթերը: 1966 թ. «Դեպի կոմունիզմի» փոխարեն թերթը նորից գործել է՝ արդեն «Աշխատանք» անվանումով: 1990 թ. սեպտեմբերի 12-ից, Մարտունու կուսշրջկոմի բյուրոյի եւ շրջխորհրդի գործկոմի համատեղ որոշմամբ, «Աշխատանքը» վերանվանվել է «Ամարաս»: Կ. Դադամյանի աշխատասենյակում թերթի՝ տարբեր ժամանակների օրինակներն են պահպանվում: Հպարտությամբ է նշում, որ Մարտունու շրջանի պատմությունն է այստեղ՝ անցած դարի 30-ականներից մինչ օրս: 30 տարուց ավելի է՝ թերթը մասնակից է անկախ Արցախի Մարտունու շրջանի կայացման գործին: Խաղաղ թե պատերազմական ժամանակներում թերթի էջերում լուսաբանվել է շրջանի առօրյան: Անկախ հասարակական ու քաղաքական իրավիճակներից, թերթն անցել է պատվաբեր ճանապարհ՝ հմուտ խմբագիրների ու լրագրողների աշխատանքի շնորհիվ, ձեռք է բերել հատկապես վստահություն: «Ամարասի» խմբագրությունում ծանոթացա նոր աշխատակիցների հետ: Պատասխանատու քարտուղար Նարինե Հայրապետյանը, թղթակից-լրագրող Լուսինե Դաշյանը, սրբագրիչ Քրիստինե Գրիգորյանն ունեն մանկավարժական բարձրագույն կրթություն, իսկ օպերատոր Ցողիկ Հակոբյանը մասնագիտությամբ իրավաբան է, սակայն արդեն հմտացել է այս գործում:
Կ. Դադամյանը տեղեկացրեց, որ հիմնականում լուսաբանում են Մարտունու շրջանում կատարվող իրադարձությունները՝ անկախ բնագավառներից: Առավել կարեւորում են գյուղատնտեսությունը, կրթությունն ու մշակույթը, սպորտը, շինարարությունը եւ այլն: Մշտապես համագործակցում են շրջանային զինկոմիսարիատի հետ՝ լուսաբանելով զորակոչը, այլ աշխատանքներ: Թերթը լույս է տեսնում 4 էջով, ամիսը 2 անգամ, 600 տպաքանակով: Տպագրվում է Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» տպարանում: Ժամանակին խմբագրությունն ունեցել է նաեւ տպարան: Անցած դարի 50-ականներին է կառուցվել խմբագրության շենքը ուստի հիմնանորոգման կարիք կար: Պատուհանները փոխվել են, արդեն սկսվել են նորոգման աշխատանքները: Գլխավոր խմբագիրը գոհ է շրջվարչակազմի հետ համագործակցությունից: Մշտապես աջակցում են՝ տրամադրելով մեքենա՝ համայնքներ այցելելու, այլ նպատակների համար: Թերթի եկամուտները հիմնականում առաջանում են բաժանորդագրությունից. 1 օրինակի (24 համար) տարեկան բաժնեգինը 2400 դրամ է: Շրջանում գործող դպրոցների աշակերտները, ուսուցիչները նույնպես թղթակցում են թերթին՝ ներկայացնելով իրենց դպրոցն ու բնակավայրը, գեղարվեստական գործեր: