Շախմատ կամ ճատրակ՝ երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ, որը խաղում են հաջորդաբար բաց եւ մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։ Աշխարհում ամենատարածված խաղերից է. միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, նամակագրությամբ եւ մրցաշարերում։
Ճատրակը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարուց ավելի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ եւ դասավորությամբ այն ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։
Ճատրակը, որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին մուտք գործեց Պարսկաստան։ Այնտեղ մեծ ժողովրդականություն էր վայելում այդ խաղը, որտեղ ,բանականությունը հաղթանակ է տանումե, ինչպես ասվում էր հնագույն ձեռագրերից մեկում։ 7-րդ դարում Իրանական միապետության նվաճողներ արաբները ծանոթացան ճատրակին։ Արաբները զարգացրին եւ փոքր-ինչ կատարելագործեցին խաղը։ Շախմատն արաբների մոտ իր առավելագույն զարգացմանը հասավ 9-10-րդ դարերում։ Ձեռագրերը վկայում են, որ արաբները հետաքրքրվում էին ոչ միայն գործնական խաղով, այլեւ շախմատային կոմպոզիցիայով եւ վերլուծությամբ։ Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետեւ նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։