Առկա փորձը ցույց է տալիս, որ հրապարակային խոսքի ներկայացման եւ ունկնդրելու մշակույթը մեզանում դեռեւս անկատար է: Մեր մոտեցումներով ու մտահոգություններով` ներքո շարադրյալով կաշխատենք կիսվել տվյալ խնդրի շուրջ:
Հաղորդակցման տարատեսակներից մեկը` մեծ կամ փոքր լսարանի առջեւ հրապարակային խոսքով հանդես գալն է: Հրապարակային խոսքը ոչ «փայլուն», ճոխ, գեղեցիկ բառերով լեցուն ճարտասանություն է, այլ ոչ թե վերամբարձ հռետորական ելույթ: Այն ինքնանպատակ չէ, մշտապես բխում է գործնական շահերից եւ ծառայում որոշակի նպատակի: Հրապարակային խոսքը ելույթ ունեցողից պահանջում է որոշակի հմտություններ, որոնց կիրառման դեպքում միայն խոսքը կլինի դիպուկ, համոզիչ, տրամաբանական, եւ այս պարագայում կարող ենք միայն պնդել ելույթի ազդեցիկության ու նպատակին ծառայած լինելու մասին: Հրապարակային խոսքն ունի մի քանի դրույթներ` ելույթի ամբողջությունը պետք է լինի ճիշտ կառուցված եւ պարունակի նախաբան, իմաստաբովանդակային մաս եւ ներազդող ավարտ:
Ելույթը պիտի կառուցված լինի հաշվի առնելով միջավայրը, լսարանը, ունկնդիրների մակարդակը: Այն պետք է ունենա նպատակ, որը ուղղություն կտա առաջ շարժվելու թե՛ լսարանին, թե՛ հռետորին: Լսարանը հակված չէ ինքնուրույն խորամուխ լինելու եւ գտնելու ելույթի նպատակը: Երբ հրամցվող խոսքը լսարանին աննպատակ է թվում, նա կորցնում է հետաքրքրությունը ելույթի նկատմամբ:
Հռետորի համար կարեւոր է նախապատրաստվելը տվյալ ելույթին: Նախ պետք է որոշել ասելիքի նպատակը, լավատեղյակ լինել լսարանի տրամադրությանը, նախապատվություններին, լավ ուսումնասիրել ներկայացվող նյութը, կազմել ելույթի պլան, ընտրել անհրաժեշտ թեման, այնուհետեւ բարձրաձայն արտահայտվել: Ելույթին պետք է մանրազննին եւ հետեւողականորեն պատրաստվել: Նապոլեոնն ասում էր. «Պատերազմի արվեստը գիտություն է, որտեղ հաջողվում է միայն այն, ինչը նախապես հաշվարկված եւ մտածված է»: Այս թեւավոր խոսքը վերաբերում է նաեւ հրապարակային խոսքին: Կարելի է ասել, որ հրապարակային խոսքը մտապատկերային ուղեւորություն է, եւ հռետորը միշտ պետք է գիտակցի՝ ո՞ւր է գնում եւ ինչի՞ համար: Մի առիթով ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը ասել է. «Հրապարակային խոսքը մտքի ճախրանք է ժամանակի միջով»:
Պետք է նախ հստակեցնել այն նպատակները, որոնց ծառայելու է ելույթը, ապա նպատակներին համահունչ ընտրել խնդրո առարկան, որ պետք է մատուցվի լսարանին, լրջմիտ լինել այն (ակամա կամ՝ կամային) հարցերի շուրջ, որոնք կարող են ծագել ունկնդիրների մտքում: Հնարավորություն ու ժամանակ ունենալու դեպքում ցանկալի է ելույթի թեման դարձնել քննարկելի նյութ գործընկերների շրջանում, լսել կարծիքներ խնդրի լուծման տարբերակների վերաբերյալ: Կարեւոր է, թեմային առնչվող բարդ հարցերի առումով դիմել գիտակ մարդկանց, շահագրգիռ անձանց: Շա՛տ կարեւոր է ելույթին պատշաճ նախապատրաստվելը: Ինչ է դա նշանակում՝ գրել ինչ-որ արտահայտություններ եւ դրանք անգի՞ր անել: Միանշանակ՝ ո՛չ: Իրականում ելույթին նախապատրաստվելը հռետորի համոզմունքների եւ մտքերի մշակման համատեքստում է: Շատ արագ, հպանցիկորեն պետք չէ ելույթին նախապատրաստվել։ Այն պետք է հասունանա հռետորի մտապատկերում. անհրաժեշտ է մտածել դրա շուրջ ազատ ժամանակ, չմոռանալ թեմայի մասին ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը: Կարեւոր է սպառիչ պատասխաններ պատրաստել՝ հնարավոր բոլոր ծագող հարցերի շուրջ:
Ցանկալի է գրել բոլոր մտքերն ու օրինակները, որոնք մտքում ծնվում են: Նոր մտքեր, գաղափարներ կարող են առաջանալ ցանկացած պահի՝ փողոցում քայլելիս, սրճարանում սրճելիս, ռեստորանում ընթրելիս, զրուցելիս: Այս ձեւաչափերով են առաջնորդվել գրեթե բոլոր խոշոր հռետորները: Անտիկ աշխարհի խոշորագույն հռետորն էր Դեմոսթենոսը (Ք. ծ. ա. 5-4-րդ դարեր), Հին Հռոմում նշանավոր հռետոր էր համարվում Ցիցերոնը (Ք. ծ. ա. 106-43 թթ.):
Անհրաժեշտ է հավաքել հնարավորինս շատ նյութեր, որոնք կապված են տվյալ թեմայի հետ: Ելույթին նախապատրաստվելիս պետք է հաշվի առնել լսարանի անհատական, խմբային, հատուկ եւ հիմնական պահանջներն ու կարծիքները: Հիմնական հետաքրքրություններն այստեղ առնչվում են կենսագործունեությանն ու անմիջապես մարդու, անհատի կյանքի անվտանգությանը: Հիմնական հետաքրքրություններին աղերսվող թեմաները պետք է լինեն հետաքրքրաշարժ, կլանող, եթե դրանք վերացարկված չեն հանդես գալիս: Հիմնական հետաքրքրություններին առնչվող նյութ կարող են լինել ղեկավարի որոշումները աշխատավարձի, աշխատողի ընդունման կամ գործից ազատման հետ կապված (եւ այլ անձնական բնույթի հարցեր): Իսկ խմբային հետաքրքրություններին առնչվող թեմաները նպատակ ունեն համախմբելու, միավորելու հանրույթին, իսկ առօրյա հետաքրքրությունները անցողիկ են եւ թերեւս կոնկրետ նպատակ չեն հետապնդում: Նման թեմաների նկատմամբ հետաքրքրությունը չի կարող երկար տեւել:
Հրապարակային խոսքի միջոցների շարքում առանձնացվում են տրամաբանական, ապացույցի եւ փաստարկման մեթոդները, ինչպես նաեւ հոգեբանական միջոցը: Սրանցից տրամաբանականը ցույց է տալիս խոսքի ճիշտ, դիպուկ, հստակ եւ համոզիչ լինելը: Կարեւոր է ճիշտ դատողությունը: Այստեղ կարեւոր են հռետորի շարժումները՝ յուրաքանչյուր խոսքից բխում է մի ժեստ: Այսինքն, խոսքի եւ մտքի տիրապետման դեպքում միայն կարող է հռետորը համոզել լսարանին: Սրանք չկիրառելու դեպքում առաջ կգա խոսքի եւ մտքի հակասություն: Պետք է խուսափել այլընտրանք հանդիսացող մտքերից, բառակապակցություններից: Հրապարակային խոսքում անհրաժեշտ է ակտիվորեն օգտվել փաստարկման միջոցներից: Օրինակ վիճակագրությունը, կոնկրետ փաստերը եւ այլն: Օրինակները պետք է ճիշտ եւ ճշգրիտ ծառայեն նպատակին: Դյուրին չէ, միանգամից մի քանի միտք արտահայտել մեկ օրինակով: Չի կարելի նույն օրինակը կրկնել: Հռետորի խոսքը մեծ ազդեցություն է թողնում լսարանի վրա: Պետք չէ այլ բաներից խոսել, շեղվել:
Շեղվելու դեպքում հնարավոր է նույնիսկ ցրել լսարանը: Օրինակ՝ պետք չէ ասել, թե՝ կարող եք քայլել, շարժվել: Սրանցով, Դուք, հարգելի՛ հռետոր, շեղում եք ունկնդիրների միտքը եւ հնարավոր է, որ վերոնշյալ հանգամանքները կիրառելու դեպքում ձախողվի ձեր ելույթը: Օրինակը պիտի լինի տիպիկ, տեղին եւ դիպուկ, խոսի լսարանի զգացմունքների հետ: Խոսքը ավելի գեղեցիկ կլինի համեմել հումորային օրինակներով: Վիճակագրական տվյալները պետք է լինեն ստույգ եւ կասկած չհարուցեն հավաստիության առումով: Այս առումով, կարելի է համեմատել միայն համատեղելի մեծությունները:
Պատկերային մատուցման միջոցներից են քարտեզները, ցուցանակները, շարժանկարները, թեմային վերաբերող կարճ տեսաֆիլմերը եւ այլն: Դրանք ոչ միայն հաստատում են միտքը, այլեւ գրավում են համակ ուշադրություն, հետաքրքրություն են հարուցում ունկնդրի մոտ: Սրանք պետք է նպատակային լինեն, ունենան մատչելի, հասկանալի ձեւ եւ բովանդակություն, սերտորեն կապված լինեն թեմայի հետ: Պետք է արագ հեռացնել այդ միջոցները, երբ այլեւս դրանք պետք չեն, որովհետեւ դրանք շեղում են լսարանի ուշադրությունը:
Անդրադառնալով հոգեբանական ազդեցության միջոցներին՝ նշենք, որ ունկնդիրներից յուրաքանչյուրն ունի իր դիրքորոշումները: Դրանք հաշվի առնելն ու կառավարելը հնարավոր է միայն հոգեբանական միջոցների շնորհիվ: Այլ բան է, եթե լսարանում կամ դահլիճում կան անկառավարելի անձինք, նրանց հետ արդեն կիրառվում են այլ միջոցներ՝ մեջբերումներ, իրենց մտածելակերպին հարիր արտահայտություններ: Զվարճալի մարդկանց հատուկ է ձգտումը վերոնշյալին, այդ դեպքում ելույթը պետք է պարունակի զվարճալի տարրեր: Կարող ենք օգտագործել հումոր, կատակային օրինակներ, որոնք նպատակ կունենան լսարանին համախմբելու: Ելույթը կարելի է համեմել անեկդոտներով, սրամտություններով եւ թեւավոր արտահայտություններով: Այս թվարկումից բխող պահանջները պետք է լինեն բնական եւ տեղին կիրառվեն, ներկայացվող նյութը պետք է պարզաբանվի, ընկալման հոգեբանական էֆեկտ ստեղծի ունկնդիրների մեջ: Մարդիկ չեն սիրում եւ չեն ընդունում բացահայտ շողոքորթությունը: Նախընտրելի են առողջ դատողությունը, գործնական մոտեցումը: Այդ իսկ պատճառով ցանկացած անմիջական դիմում, կոչ պարտքի զգացմանը, հայրենասիրությանը, ինքնապահպանմանը, խղճին, բացականչության չեն արժանանում: Հասարակության, լսարանի զգացմունքները հետաքրքիր դարձնելու համար կարելի է օգտագործել նման արտահայտություններ՝ «ինչպես գիտենք…», «բոլորս գիտենք…», «մեզանում հայտնի է, որ…», «իմ կարծիքով…»: Նմանատիպ միտք-դատողությունները բնավ էլ չեն ենթադրում միանշանակ գոհունակություն դահլիճում, լսարանում: Լուռ համաձայնությունը հաստատումն է այն բանի, որ փաստը եթե ընդունելի չէ, բայց նաեւ մերժված էլ չէ: Սրա կարեւոր պահանջներից են, որ հոգեբանական նկրտումները համապատասխան լինեն լսարանին եւ մթնոլորտին, ուղղված՝ կոնկրետ ունկնդրին: Պետք է համադրել հոգեբանական մոտեցումները խոսքի այլ տարրերի հետ՝ պայմանական մտքեր, փաստեր, կանխադրույթներ, մոտեցումները զարգացնել կոնկրետ օրինակների օգնությամբ, ուժեղացնել կրկնելով այն, բայց անպայման մի այլ ձեւով, խուսափել կոնֆլիկտներից: Անհրաժեշտ պայման է. խոսքը սկսել առոգանությամբ եւ համառ ցանկությամբ՝ հասնելու համար նպատակակետին, մտաբերել այն բոլոր օգուտները, որոնք կունենանք արտահայտվելու ընթացքում:
Ինչպե՞ս պատրաստվել ելույթին. եթե ձեզ անվստա՞հ եք զգում, եթե հստակ չգիտեք, թե ի՞նչ եք ուզում եւ ի՞նչ եք պատրաստվում ասել: Պետք է դրսեւորել համարձակություն եւ վստահություն: Մտքում միշտ օգտագործեք «ես ուժեղ եմ», «ես կարող եմ» արտահայտությունները եւ, որպեսզի ձեզ ուժեղ զգաք, գործեք այնպես, իբր Դուք միշտ ուժեղ եք, գործադրեք ձեր ողջ կամքի ուժը եւ վախի զգացումը կփոխարինվի համարձակության:
Այս համատեքստում ունենք ոսկե կանոն՝ երբեք չօգտվել կողքի թերթերից, գրառումներից, որովհետեւ դրանք կարող են շեղել ձեր ուշադրությունը, կտրել մտքի թելը: Հռետորի եւ լսարանի միջեւ պետք է լինի անմիջական շփում: Վախը համարվում է անվստահության հետեւանք, անվստահությունը բխում է անտեղյակությունից եւ ցույց է տալիս ինչի եք ընդունակ, իսկ այդ չարաբաստիկ անտեղյակությունը ոչ բավարար փորձի, գիտելիքի պակասի հետեւանքն է: Եթե հռետորի մտքում եւ սրտում կա հստակ գաղափար, պահանջմունք արտահայտելու, ուրեմն նրա ելույթը կհաջողվի:
Հարկ է ընդգծել կարեւոր բառերը, որոնք արտահայտում են նախադասության միտքը: Ելույթի ընթացքում ժամանակ առ ժամանակ պետք է փոխել ձայնի տոնը՝ ձայնը իջեցնելով կամ բարձրացնելով՝ դրանով կարող եք հասնել նրան, որ կարեւոր արտահայտությունները կառանձնանան ընդհանուր տեքստից: Կարեւոր մտքերից առաջ եւ հետո պետք է դադար տալ (բեմական խոսքում սա կոչվում է հոգեբանական դադար): Հռետորի խոսքում ավելի կարեւոր է այն, թե ինչպես է միտքը մատուցվում: Շատ հռետորներ, կարծես թե արհամարհում են իրենց լսողներին՝ նայելով վերեւ կամ ներքեւ: Դա շատ կոպիտ սխալ է եւ ոչ ընդունելի: Պետք չէ կրել ավելորդություններ՝ վզնոց, գլխարկ եւ այլն: Լավ ելույթը առաջին հերթին բխում է հռետորի խոսակցական ոճից, հնչարտաբերական վարպետությունից: Խոսքը պարուրեք ձեր խոսքի անհատականությամբ: Խոսեք լսարանի հետ այնպես, կարծես թե նրանք հիմա կկանգնեն եւ հարց կուղղեն: Պատկերացրեք, որ ունկնդիրներից մեկը ձեզ հարց է տվել եւ Դուք նրան տալիս եք հարցի պատասխանը: Ոգի դրեք ձեր խոսքի մեջ: Միշտ էլ մարդիկ հավաքվում են էներգիայով հարուստ մարդկանց շուրջ: Ցանկալի է քիչ ուտել ելույթից առաջ: Չուտել՝ շոկոլադ, քաղցրավենիք, որովհետեւ դրանք կպչուն են եւ գնդիկներ են գոյացնում ձայնալարերին, ինչն էլ հաստատ կխանգարի ձեզ ելույթի ընթացքում: Եթե ելույթի տեւողությունը սովորական ձեւաչափից երկար ժամանակ է պահանջում, խորհուրդ է տրվում ունենալ ջուր, որից օգտվել միայն անհրաժեշտության դեպքում (հազի ժամանակ եւ այնժամ, երբ կոկորդում խորխ է առաջանում): Հագնվեք ճաշակով եւ ճիշտ: Գիտակցելով, որ Դուք լավ եք հագնված, վստահություն եք ներշնչում լսողին: Չի կարելի ջինսե հագուստով, սպորտային հագուստով կամ խայտաբղետ հանդերձանքով հանդես գալ ամբիոնից, բեմից: Ժպտացեք եւ դրանով կգրավեք լսարանը: Հիշեք, որ Դուք մեկն եք, իսկ լսարանում, դահլիճում, հրապարակում բազմաթիվ մարդիկ կան: Անկախ տվյալ պահի Ձեր տրամադրության՝ ցույց տվեք, որ ուրախ եք ամբիոնի առաջ: Դրական լիցքեր փոխանցեք լսարանին եւ ունկնդիրները կանխավ դրական դիրքորոշում կունենան ձեր նկատմամբ: Կարեւոր է ելույթի ավարտը: Կարող եք դիմումներ ընդունել, հարցեր եւ առաջադրանքներ, մեջբերումներ եւ այլն:
Մոնրոն առանձնացնում էր անցանկալի հռետորների հետեւյալ տիպերը: Դրանք են՝ հռետոր, ով ուզում է ապացուցել, որ ինքն ամեն ինչ գիտի: Նա մտահոգվում է միայն բուռն ծափահարություններից: Հռետոր, ով արհամարհում է լսարանին: Մեղքի զգացումով հռետոր, ով ամաչում է, որ ինքը ամբիոնի մոտ է: Շատախոս հռետոր, ով ձանձրացնում է լսարանին խոսքի հեղեղով: Հատկապես կարեւոր է ելույթի ավարտը: Այն պետք է լինի ավելի տպավորիչ, քան ելույթի սկիզբը եւ ընթացքը: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ «ամեն ինչի վերջն է գովելի»:
Իվան ԱՆՏՈՆՅԱՆ