«Նա դուրս է եկել խճուղի եւ տեսել ճանապարհի սկզբին կանգնած մարդատարը. նա էլ մոտ է վազել, անցել ետնամաս, որ զգույշ հրի… Որտեղի՞ց նրան հայտնի լինի, որ էլ պատերազմ չկա աշխարհում, բենզինով էլ՝ թեկուզ լողացիր, եւ ոչ մեկի պետք չէ իր գլուխը։ Այդ մեզ՝ մարդկանց համար գոյություն ունի՝ թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը։ Իսկ կենդանու համար՝ միայն այսօր։ Նրա համար ո՛չ երեկ, ո՛չ վաղը գոյություն չունի (Իվանը հուզմունքից խառնում է ռուսերենն ու ուկրաիներենը)։ Նա տեսնում է մեքենան եւ ինչպես այն ժամանակ, հիմա էլ գնում է դեպի այն։ Օգնելու… Իսկ ղեկին նստած մարդը չի հասկանում. գազ է տալիս… Այստեղ էլ, ի դժբախտություն իրեն, Վովան կանգառում տեսնում է տրոլեյբուսը, մոտենում եւ սկսում է դեպի սարը հրել։ Իսկ տրոլեյբուսը լեփ-լեցուն է։ Նրանք չեն հասկանում Վովային։ Վովան էլ չի հասկանում նրանց… Եվ այստեղ, խճուղու վրա կանգնածներից մեկը քար է նետում Վովայի վրա, իսկ հետո թռչում են քարերը (այնտեղ դրանցից շատ կան)…»:
Իվան Շչերբան
«Ոչինչ մարդկային» գրքի՝ «Չափազանց մեծ սիրո ֆենոմենը» գլխում Եվգենի Բոգատը պատմում է Վովա փղին խնամող Իվան Շչերբանի հետ Սեւանի հիվանդանոցում հանդիպման մասին։ Շչերբանը հիվանդանոց էր ընկել Վովայի սպանությունից հետո, երբ տեսել էր մեռնող կենդանուն, որին անխնա տանջամահ էր արել տեխնիկան։ Իվանը 25 տարեկան էր, երբ 1941 թ. հունիսի կեսերին նրան տվեցին ջահել փղին, ում նա կնքեց Վովա անունով։ Կենդանավարժն աշխատում էր շարժական կրկեսում, էկզոտիկ կենդանիներով քաղաքից քաղաք գնում, ցուցադրում ամենատարբեր ատրակցիոն համարներ։ Երբ սկսվեց պատերազմը, Ուկրաինայի արեւմուտքում էին. անհրաժեշտ էր կենդանիներին փրկել. երկաթուղային տրանսպորտով հապճեպ ճանապարհեցին առյուծին, վագրին, հովազին, կապիկին ու արջին, որոնցից հիշատակներ էին մնացել Շչերբանի մարմնի տարբեր մասերում՝ կապիկը աչքն էր վնասել, հովազը շրթունքը ճղել, մյուսներից էլ՝ չանչերի հետքերը մարմնի տարբեր մասերում, ինչը, սակայն, նրանց հանդեպ չէր չարացրել կենդանավարժին…
Փղին տեղափոխելը խնդիր էր. նրա չափերի տրանսպորտ չկար, ոչ էլ առանձնապես հոգս կար տրանսպորտ գտնելու. պատերազմ էր… Թեեւ մի աչքի բացակայությանը, Շչերբանը պատրաստ էր պատերազմ մեկնելու, սակայն փիղը բացի նրանից, ոչ ոքի չէր ենթարկվում. նրա խնդիրը դարձավ ամեն կերպ փղին փրկելը։ Շչերբանը փղի հետ ճանապարհի մեծ մասն անցավ ոտքով՝ կիսաքաղց ու հաճախ էլ՝ արկերի տարափի տակ. մե՛րթ փիղն էր ծածկում տիրոջը արկերից, մե՛րթ տերն էր հասնում նրան օգնության. ճանապարհին, իհարկե, չէին մոռանում կրկեսային համարներ ցուցադրել եւ նվաճել դիտողների համակրանքն ու օգնությունը. այսպես նրանք հասան Երեւան, ու Երեւանը դարձավ նրանց վերջին հանգրվանը… Նրանց պայծառ մուտքով էլ Երեւան ավարտվում է պատմությունը «Զինվորն ու փիղը» ֆիլմում, որը, սակայն, իրականում՝ նույնքան հետաքրքիր, շարունակվում է Երեւանի կենդանաբանական այգում… Սցենարիստներին, իհարկե, հայտնի էր շարունակությունը եւ փղի ողբերգական վախճանը, սակայն այն ժամանակ անհնար էր հրապարակավ ակնարկել այն, ինչպես որ փղի սպանության հաջորդ օրն իսկ մամուլում հաղորդվեց կենդանաբանական այգի նրա հաջող վերադարձի մասին. մնում էր չհավատալ աչքի տեսածին…
Կենդանիներ կան, որ մարդկային կենսագրություն ունեն, եւ նույնքան հետաքրքիր ու հուզիչ է նրանց կյանքին հետեւելը, որքան մարդու… Վովա փիղը ծնվել է 1927 թ. ապրիլի 24-ին՝ Հնդկաստանում, 1 տարեկանում նրան ուղարկեցին Ռուսաստան՝ կենդանաբանական այգի, 14 տարեկանում՝ Ուկրաինա. այստեղ էլ սկսվեց Վովայի արտիստական կյանքը, սակայն շուտով էլ ավարտվեց պատերազմի պատճառով. աշնանը Իվան Շչերբանը փղի հետ ճանապարհ ընկավ դեպի հարավ, ուր նրանց սպասում էր Երեւանը… Սկսվեց փղի աշխատանքային գործունեությունը. նա օգնում էր կենդանաբանական այգու շինարարությանը եւ միակ կենդանին էր, որ կնճիթով ու մեջքով կառուցեց սեփական կացարանը, եւ քանի որ այգին դեռեւս պարսպապատ չէր ու սնունդն էլ չէր բավականացնում փղին, նա հաճախ էր բարձրանում մոտակա սարը՝ արածելու. Շչերբանն ընկերակցում էր նրան, իսկ փիղը շան պես հավատարիմ՝ հետեւում տիրոջը, ձիուց էլ վարժ՝ քարշ տալիս գութանը, հսկում պահեստները, խաղում Իվանի դուստրերի հետ, մի խոսքով՝ ժամանակը զուր չէր վատնում, բայց եկավ եւ կենդանիներին մարդկանց ցույց տալու ժամանակը, այգին պարսպապատվեց, ու դռները փակվեցին կենդանիների վրա, եւ, ինչպես բոլոր կենդանիները, Վովան էլ մտավ իր նեղ խուցը՝ փորձելով հարմարվել նոր կյանքին, ինչը, սակայն, դժվար էր տրվում նրան, եւ նա առաջվա պես մերթ ընդ մերթ փախուստի էր դիմում։ Աշխատակիցները ներողամտությամբ էին վերաբերվում նրա սովորություններին, քանզի սնունդը դարձյալ չէր բավականացնում հսկայական կենդանուն, բացի այդ, նրան վստահում էին՝ խելացի էր, անվնաս, Շչերբանն էլ մենակ չէր թողնում կենդանուն, գնում էր ետեւից, ու միասին վերադառնում էին այգի…
Իսկ ի՞նչ պատահեց հանկարծ 1970 թ. հունիսի 28-ին. փիղը դուրս էր եկել այգուց, միայնակ հայտնվել ծանոթ ճանապարհին, տեսել խճուղու վրա կանգնած մեքենան եւ հիշել, թե ինչպես էր տարիներ շարունակ՝ առավոտից երեկո, ուժասպառության աստիճան մեքենաները հրում դեպի վեր՝ օգնում հաղթահարել վերելքը. պատերազմ էր, բենզինը չէր հերիքում… Բայց ինչպես կենդանավարժն է ասում, Վովան գլխի չէր, որ պատերազմը վաղուց ավարտված է, եւ իր կարիքն այլեւս չի զգացվում… Փիղը փորձել է թիկունքից հրել մեքենան, վարորդը գազ է տվել, եւ հավաքվել է ամբոխը… Մինչեւ օրս փնտրում են պատճառներ եւ փորձում բացատրել, թե ինչո՞ւ էր փիղը փախել. ոմանք ասում են՝ մենակությունից (երբ ազատության սովոր փղին փակեցին, որպես մխիթարություն, նրա համար ընկերուհի բերեցին, որը դեպքից երկու տարի առաջ սատկել էր, եւ Վովան կրկին մենակ էր մնացել). ոմանք պատմում են, որ պատճառը կարող է նախորդ օրվա էլեկտրահարությունը լինել, կամ էլ՝ հերձելուց հետո նրա լյարդում հայտնաբերված քարերը, որ, հնարավոր է, շարժված լինեին ու անհանգստություն պատճառեին կենդանուն, բայց չէ որ նախորդ օրն էլ էր դուրս եկել, բարձրացել սարը՝ սնվելու… Արդեն մթնել էր, երբ Շչերբանը հիշել էր փղի մասին. ստիպված փղին վերադարձրել էր այլ ճանապարհով, եւ փիղը ճանապարհին էլեկտրահարվել էր։ Փաստորեն, դա փախուստ չէր, ոչ էլ նորություն՝ ո՛չ կենդանու, ո՛չ էլ այգու աշխատակիցների համար, եւ դա չէր կարող կատաղությունից լինել…
Վովան ուղղակի այս անգամ հայտնվել էր խճուղու վրա, ինչպես Հայրենականի օրերին, երբ օգնում էր մեքենաներին հաղթահարել վերելքը. դժբախտության պատճառը ոչ թե կենդանո՛ւ վարքն էր, այլ մարդկա՛նց, նրա՛նց վայրաբարո վարքը, որ սկսեցին կենդանու վրա քարեր նետել, հավաքվել շուրջը, աղմկել, վազել ետեւից, հետապնդել նրան, իսկ կենդանին մեքենան բարձրացնելուց կոտրել էր ժանիքը, վիրավոր էր, ցավ էր զգում, բայց ոչ ոքի չէր վնասել ու միտք էլ չուներ վնասելու… Տարօրինակ է. պատերազմի տարիներին նման իրարանցում չի եղել կենդանու շուրջը. ամեն ինչ, կարծես, սովորական ու բնական էր. կենդանին աշխատում էր մարդկանց հետ հավասար, մարդկանց միջավայրում ու նրանց համար, իսկ տասնամյակներ անց՝ բանից անտեղյակ, մարդիկ, ասես, գազանացել են, ոգեւորվել անսպասելի, անսովոր «ատրակցիոնից», իրենց զգացել արենայում՝ կենդանու տեղը ու սկսել հալածել իրենց տարածքում հայտնված «օտար» կենդանուն… Անձամբ ես չեմ տեսել բանող առյուծի, արջի, անգամ շան ու կապիկի, չեմ էլ լսել նման բան, բայց փիղն ուրիշ է. նա շան պես հավատարիմ է, ձիու ու եզան պես գութան քաշող, մարդու պես պատ շարող… Փիղն ավելի է մոտ մարդուն, քան մարդը կարող է պատկերացնել դա…
Իսկ ի՞նչ էին անում համապատասխան մարմինները իրադրությունը կարգավորելու համար. նրանք խառնվել էին իրար. ինչո՞ւ… Ընդամենը կենդանին դուրս էր եկել տանից, ինչպես բոլորս՝ ամեն օր, պետք էր հասկանալ նրան ու հանգիստ թողնել, իսկ նրանք զանգահարում են կենտրոն՝ Մոսկվա… Այնտեղից կարգադրում են չվնասել թանկարժեք կենդանուն, այստեղ թիրախավորում են հենց կենդանուն, այնինչ՝ հարկավոր էր ցրել ամբոխը, փակել մարդկանց ու մեքենաների մուտքը կենդանու տարածք. կենդանին կհանգստանար, եւ նրան հեշտությամբ կարելի էր վերադարձնել, իսկ, գուցե, ազատությունը վայելելուցլ հետո կենդանին ինքը վերադառնար, բայց ստեղծեցին անկառավարելի վիճակ ու զարմանում էին, թե ինչու է կենդանին «կատաղել», այնինչ բանականությունը մարդկանց էր լքել, ովքեր նույնիսկ ինքնապաշտպանության բնազդն էին կորցրել հետաքրքրասիրության ու արթնացած վայրենության պատճառով… Կարելի էր անգամ խոտ թափել մինչեւ կենդանու կացարանը, շատ բան կարելի էր անել, բայց ընտրվեց «կարճ» ճանապարհը…
Շչերբանը ծանր տարավ կենդանու կորուստը. նա ուշաթափվեց մեռնող կենդանու մոտ եւ երկարատեւ բուժվում էր դրանից հետո. որպես մխիթարություն, նրան նոր, երիտասարդ փղեր նվիրեցին. արուին նորից անվանեց Վովա, բայց մի՞թե մեկը մյուսին կարող էր փոխարինել… Ստացվում է պարադոքս. ափսոսում ես կենդանուն… ոչ այնքան նրա համար, որ նա փիղ է եւ ուրիշ տեսակ, այլ որ շատ է մարդկային, իսկ մարդի՞կ…