Կինոնկար, կինո (հուն.` շարժել), ֆիլմ (անգլ.՝ Film – ժապավեն), կինոֆիլմ, մուլտֆիլմ՝ կինոարվեստի արտադրանք։ Տեխնիկապես կինոնկարը մի շարք ֆոտոնկարների հաջորդականությունն է, որոնք իրար հետ կապված են ընդհանուր սյուժեով։ Սովորաբար կինոնկարն ուղեկցվում է ձայնով։ Կինոն ստեղծվում է կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորմամբ վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանմամբ։ Կինոն միավորում է տարածական եւ ժամանակային արվեստների, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորությունները եւ միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ստեղծում կինոնկարներ։
Ներկայումս կինոնկարն ամենօրյա կենցաղի բաղկացուցիչ մաս է։ Սովորաբար կինոնկարը տեւում է 90-120 րոպե (1.5-2 ժամ)։
Կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են։ 1895 թ. հայտնագործել են «Շարժվող լուսանկարների» նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել եւ անվանվել է կինեմատոգրաֆ։ Կինեմատոգրաֆի՝ կինոնկարի որպես ժանր ծնունդը տեղի է ունեցել 1895 թ. դեկտեմբերի 28-ին, երբ Կապուցինների «Գրանդ Կաֆե» սրճարանի սրահներից մեկում տեղի ունեցավ կինոնկարի առաջին սեանսը։