Տիկնիկային թատրոն՝ թատերական ներկայացումների տեսակ է, որտեղ գործող անձինք տիկնիկներն են. լինում են տափակ, ծավալային եւ կիսածավալային. խաղացնում են դերասան-տիկնիկավարները։
Թատրոնի այս տեսակը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում, ակունքներով կապված է հեթանոսական ծիսակատարությունների, կրոնական-միստերիալ ներկայացումների հետ։ Տիկնիկային թատրոններ կային դեռեւս Ք. ծ. ա. Հին Եգիպտոսում, Չինաստանում, Հնդկաստանում, Հունաստանում եւ հին աշխարհի մյուս երկրներում։ Հնում աստվածների (արեւի, ջրի, պատերազմի, որսորդության եւ այլն) արձանիկները պատրաստել են փայտից, ծեփել կավից կամ ձեւել կաշվից եւ ճրագի լույսի տակ՝ ձգված պաստառի վրա ցուցադրել ստվերապատկերներ։ Որոշ, հատկապես Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Հարավարեւելյան Ասիայի երկրներում շարունակում են ցուցադրել այնպիսի ներկայացումներ, որոնք մասամբ ծիսակատարություններ են, մասամբ՝ տիկնիկային թատրոն։
11-րդ դարից եկեղեցիներում եւ մենաստաններում տիկնիկներով ներկայացվել են Աստվածաշնչի առանձին տեսարաններ, որտեղ գլխավոր կերպարը Կույս Մարիամն էր. այստեղից էլ՝ մարիոնետ (ռոմանա-գերմանական լեզուներում նշանակում է թատերական տիկնիկ) անվանումը։ 16-րդ դարի վերջին Իտալիայում վերջնականապես կազմավորվել է ժողովրդական երգիծական տիկնիկային թատրոնը՝ Պուլչինելլա հերոսով, 17-րդ դարում նմանօրինակն ունեցել են նաեւ Ֆրանսիայում (հերոսը՝ Պոլիշինել), Անգլիայում (Պանչ), Գերմանիայում (Հանսվուրստ, հետագայում՝ Կաշպեռլե), Չեխիայում (Կաշպարեկ), Ռուսաստանում (Պետրուշկա) եւ այլուր։