Տարիներ առաջ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում մի խումբ ազգանվեր մարդկանց ջանքերով կանգնեցվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նահատակներին նվիրված հուշաքարը:
Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի եւ Երկրապահ կամավորների միության Լոռու մարզային վարչության նախաձեռնությամբ այնտեղ անցկացվում է Գաղտնի բանակի նահատակների հիշատակին նվիրված միջոցառում: Այս անգամ էլ մարդաշատ էր Նահատակաց պուրակը: Ներկա էին ճանաչված մտավորականներ, լրագրողներ, արցախյան ազատամարտի վետերաններ, պատանի երկրապահներ, հյուրեր Երեւանից եւ Գյումրիից: Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Օրվա ընտրությունը պատահական չէ: Չորս տասնամյակ առաջ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանի ժանդարմական բաժանմունքի դեմ ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան հայրիկ» եւ «Պիեռ Գյուլումյան» զինված խմբերի գործողությունը հերթական անգամ ցնցեց ցեղասպան այդ երկիրը՝ հիշեցնելով, որ Հայ դատը փակված չէ: Միջոցառման ժամանակ հոգեհանգստյան կարգ մատուցեց Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը:
Ելույթներ ունեցան ԵԿՄ Լոռու մարզային վարչության նախագահ, արցախյան ազատամարտի վետերան, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, գրող, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, պատմաբան Ռուբեն Պարսամյանը:
Նշեցին, որ Լոզանի կոնֆերանսից կես դար անց հինգ տասնամյակ մոռացության մատնված Հայկական հարցն ազգային զինյալ խմբերի գործողություններով վերստին մտել է միջազգային ատյանների, պետությունների արտաքին քաղաքականության օրակարգ, իսկ օդանավակայանում իրականացված «Կարին» գործողությունը նոր բեւեռացում էր այդ խնդրում: Դա քայլ էր ցեղասպան պետություններին հարկադրելու, որպեսզի պատասխան տան կատարվածի համար: Խոսվեց մեր երկիրը հզորացնելու, կարճ ժամանակում արդիական սպառազինությամբ ուժեղ բանակ ստեղծելու մասին, որի դեպքում միայն եւ մեր թշնամին, եւ ողջ աշխարհը հաշվի կնստեն մեզ հետ: ՀՀ սահմաններին ու Արցախում այսօր էլ ծավալվող դեպքերը հաստատում են այն իրողությունը, որ ներկայիս թուրք-ադրբեջանական տանդեմն իր միջազգային հեռահար եւ տարածաշրջանային ռազմավարությունը Շուշիի հռչակագրով առաջ է տանում՝ հիմնվելով ծավալապաշտական, էթնիկ զտումների հարձակողական քաղաքականության վրա՝ ձգտելով վերաձեւել տարածաշրջանի քաղաքական քարտեզը: Հետեւաբար, արդիական է մեր այն պնդումը, որ ԱՍԱԼԱ-ի ի հայտ գալը պայմանավորված էր ոչ թե միայն ցեղասպանությունը մոռացության տվող պատը տապալելու ու արդարադատություն պահանջելու, ժխտողականությունը մերժելու խնդրով, այլեւ Թուրքիայի նոր ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով՝ ինչպես հայ, այնպես էլ հույն ժողովրդի դեմ:
Պայքարը շարունակվում է, պարտությունն անգամ կոփում է ժողովուրդներին եւ մղում համախմբման եւ ուժերի կենտրոնացման:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին նահատակների հուշաքարին:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի