Կառավարման գիտության գործնական նշանակությունը կասկածից վեր է: Եվ սա բնավ էլ մեր օրերի հայտնագործությունը չէ. «կառավարում» բազմաբարդ երեւույթը միշտ էլ հանրային կյանքում վճռորոշ դերակատարում է ունեցել՝ որպես օբյեկտիվ իրականություն, որպես մարդկանց բնականոն համակեցության ընդոծին տրամաբանությամբ թելադրվող կարեւորագույն պայման, որպես հասարակության ներդաշնակ գործառության եւ անխոչընդոտ զարգացման հրամայական:
Մարդկության ամբողջ պատմությունը կարելի է դիտարկել որպես կառավարման պատմություն, այսինքն՝ մարդկանց համատեղ կյանքի եւ գործունեության տարբեր ասպարեզների բնականոն կազմակերպմանն առնչվող որոշակի խնդիրների հարատեւ գոյացման, դրանց լուծումների որոնման եւ գործադրման պատմություն:
Իհարկե, եղել են եւ կան անցյալի ու ներկայի զանազան մակարդակի ղեկավարներ, պետական, քաղաքական, կուսակցական, հասարակական գործիչներ, գործարարներ, որոնք ինչպես հարկն է չեն գիտակցել կառավարչական աշխատանքի ամբողջ բարդությունը, ուստի թերագնահատել կամ լրիվ անտեսել են կառավարաբանության այբուբենի իմացությունը: Եվ, ի դեպ, կարծես ձգտելով յուրովի արդարացնել իրենց այդ վերաբերմունքը, նրանցից ոմանք բացահայտ կամ լռելյայն իրենք իրենց վերագրել են հանճարեղորեն կառավարելու իբր բնատուր մի կարողություն, որից, սակայն, իրականում զուրկ են եղել:
Արդ, ձեւափոխելով հանրահայտ համեմատությունը՝ կարելի է, թերեւս, ասել՝ «Բանաստեղծ ծնվում են, կառավարիչ՝ դառնում»: Սա առավել եւս արդարացի է կառավարման հիմնախնդիրների տեսական իմացության գիտակի՝ «կառավարաբանի» առումով:
Գաղտնիք չէ, որ թե՛ պատմության մեջ, թե՛ ներկայում, հանրային եւ անձնային կյանքում չկարգավորված բազում խնդիրների խորքում փոքրիշատե հետեւողական վերլուծությունը միշտ էլ բացահայտում է ձախավեր կառավարմանն առնչվող որեւէ պատճառ: Իսկ երբեմն առանց հատուկ վերլուծության էլ պարզ է դառնում հիմնական «դերակատարը», այսինքն՝ խախտված է լինում կառավարման արվեստի ոսկի կանոնը՝ «Ճիշտ մարդը՝ ճիշտ տեղում»:
Այս կանոնը սովորաբար սահմանափակ է ըմբռնվում եւ մեկնաբանվում, հիմնականում՝ հանգեցվում է միայն «ճիշտ մարդու» հանգամանքին, այսինքն՝ տվյալ տեղում այդ մարդու հայտնվելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածությանը եւ փորձառությանը (կրթության վկայականը եւ աշխատանքային կենսագրությունը, իսկ որպես անհրաժեշտ լրացում՝ աշխատանքի ընդունող ատյանի անցկացրած հարցազրույցի դրական եզրակացությունը կամ էլ պաշտոնի նշանակող վերադասի բարեհաճ կամքը):
Մինչդեռ տվյալ կանոնը հատկապես կառավարչական բնույթի է. ինքնին դեռ մասնագիտական անթերի իրազեկությունը եւ հարուստ փորձառությունը բավարար չեն լինում «ճիշտ» ընկալված տվյալ մարդուն որպես կառավարիչ համապատաս-խանելու նաեւ «ճիշտ տեղին»՝ լիարժեքորեն գործառելու տվյալ տեղում եւ դրա պա-հանջներին համապատասխան: Իրոք, ընթերցողը կարող է հիշել բազմաթիվ դեպքեր, երբ կառավարչական աշխատանքում ձախողվել է առերեւույթ բոլոր պայմաններին բավարարող անձնավորությունը:
Որպես գործունեության տեսակ՝ կառավարումը, անտարակույս, ենթադրում է որոշակի գիտելիք՝ ընդհանուր եւ համապատասխան կրթվածություն, կառավարչական իրողության օրինաչափությունների իմացություն: Այս հարցում է գուցե առավել արդարացի այն միտքը, թե կրթության վկայականը դեռ կրթվածության վկայություն չէ: Իսկապես, հայաստանյան տասնյակ բուհեր լիուլի ապահովում են մեզ «կառավարում» մասնագիտության (երբեմն՝ անվանման գրավիչ հավելյալ մակդիրներով) կադրերով: Սակայն ունա՞կ են, արդյոք, նրանք կատարելու կառավարչի գործառույթները, նույնիսկ եթե նրանց ընձեռվի համապատասխան իշխանական դիրք եւ անկաշկանդ դերակատարման հնարավորություն: Խոսքը դեռ անհրաժեշտ փորձառության մասին չէ, այլ ստացած գիտելիքը ճիշտ ըմբռնելու: Մի՞թե հիմք չուներ Պլատոնի այն եզրակացությունը, թե կառավարման գիտելիքը իրականում հասու է շատ քչերին. իսկ քանի որ սա այն իմացությունն է, որ «մյուս բոլոր տեսակի գիտելիքների մեջ միմիայն արժանի է իմաստություն կոչվելու», ուստի եւ հույն մեծ փիլիսոփան հորդորում էր աթենացիներին ամեն կերպ անգետ քաղաքացիներին հեռու պահել իշխանությունից եւ կառավարումից:
Բնավ պակաս հիմք չունենք շարունակելու տվյալ հարցադրումը՝ արդեն գիտելիքի գործադրման մասով. որքանո՞վ է ունակ մեր կառավարիչը տեղին գործադրելու իր իմացությունը, այսինքն՝ փաստացի կարգավորելու մարդկանց որոշակի խմբի անխափան եւ արդյունավետ համատեղ գործունեությունը: Այլ կերպ ասած, որքանո՞վ է համարժեք կառավարումը, որպես իմացություն (իմաստություն), վերածվում կառավարման արվեստի: Բացառվա՞ծ է արդյոք այն իրավիճակը եւ այն տեսակի կառավարիչը, որին լիովին վերագրելի է ժողովրդական խոսքը, թե «երգ շատ գիտե, բայց ձայն չունի»:
Օրինակ, ինչպես հայտնի է, կառավարումը, ամենից առաջ, միջանձնային հաղորդակցման տեսակ է, կառավարողի եւ կառավարվողի փոխազդեցություն, որի ընթացքում առաջինի նպատակադրումներն իրականացվում են երկրորդի կատարողական աշխատանքի միջոցով: Որքան էլ կառավարման համակարգը հագեցված լինի հեռահաղորդակցման միջոցներով, միեւնույն է, միջանձնային հաղորդակցումը երբեք չի փոխարինվի տեխնիկական սարքավորումներով. «արհեստական ինտելեկտը» կոչված է ոչ թե փոխարինելու, առավել ես, արտամղելու մարդկային հաղորդակցումը, այլ դյուրացնելու, առավել արդյունավետ դարձնելու: Գործարար զրույցը, խորհրդակցությունը, համատեղ քննարկումները, բանավեճերը միշտ էլ մնալու են որպես մարդկանց հաղորդակցման արվեստ, այլ ոչ թե ռոբոտների միջեւ տեղեկությունների փոխանակում:
Արդ, առանց բավարար հաղորդունակության հնարավոր չէ, որ կառավարիչը կարողանա ապահովել ենթակաների լիարժեք աշխատանքը, դեռ ավելին՝ հենց հաղորդակցման իր ոճն էլ կարող է դառնալ ապակառուցողական բախումների պատճառ: Ավելորդ չի լինի հիշեցնել Ֆրեդերիկ Թեյլորի մի խորհուրդը (այն Թեյլորի, որին, ի դեպ, ընդունված է մեղադրել տեխնոկրատական մոտեցման համար). «Այն ձեռնարկատերը, որը գործարանում շրջում է լայքե ձեռնոցներով ու զգուշանում է ձեռքերը կամ հագուստը կեղտոտելուց, բանվորների հետ խոսում է գոռոզամիտ-հովանավորչական տոնով կամ նրանց հետ առհասարակ չի խոսում, նմանօրինակ ձեռնարկատերը երբեք չի իմանա բանվորների իրական մտքերն ու հույզերը»:
Նույնը վերաբերում է կառավարչական որոշման կայացմանը: Կառավարչից պահանջվում է վարվելակերպի «ոսկի միջինի» գործադրում. մի կողմից՝ պիտի խուսափի սեփական դիրքի խաբուսիկ առավելությունից, անհիմն եւ կործանարար ինքնավստահությունից («Թե տերը ես եմ՝ բակլան խաշած եմ ցանում»), մյուս կողմից՝ պիտի կարողանա կողմնորոշվել ենթակաների առաջարկած այլընտրանքների, կարծիքների, խորհուրդների առատության մեջ, դրսեւորել վճռականություն եւ ստանձնել անձնական պատասխանատվություն՝ որոշման վերջնական կայացման եւ հետեւողական իրականացման համար:
Կառավարման արվեստը չի կարելի դիտել որպես իշխանական դիրքի յուրատեսակ վերադիր. դա հենց այդ դիրքից բխող վտանգավոր պատրանք է, երբ ամեն իշխանավոր իրեն ընկալում է որպես հմուտ կառավարիչ: Նման իշխանավորին իր ենթակաների անմռունչ հնազանդությունը, ոմանց շողոքորթությունը, հակաճառության բացակայությունը զուր է թվում հաջող կառավարման հետադարձ կապ. նման կառավարման ոճի պարագայում վաղ թե ուշ համակարգային ձախողումն անխուսափելի է լինում:
Ենթականերից խորհուրդ հարցնելը ինքնին չի կարող վնասել կառավարչի հեղինակությանը, եթե դա արվում է, օրինակ, Նիկոլո Մաքիավելիի առաջարկած տեխնոլոգիայով. կառավարիչն ինքն է ընտրում խորհրդատուներին, արտոնում է նրանց ազատորեն ասելու ճշմարտությունը, բայց միայն այն բանի մասին, ինչն ի՛նքն է ուզում իմանալ եւ ե՛րբ է ուզում իմանալ. «Նա պետք բոլորին զրկի իրեն խորհուրդ տալու ցանկությունից, եթե ինքը դրա մասին չի հարցրել, իսկ հարցնելիս պիտի լինի հարցառատ եւ ճշմարտության համբերատար ունկնդիր: Եվ, ընդհակառակը, նա պետք է զայրանա, եթե տեսնի, որ ինչ-ինչ պատճառներով ճշմարտությունը թաքցնում են»:
Կառավարիչը իր իսկ դիրքով յուրատեսակ դատավոր է, որն ունակ պիտի լինի զանազանելու եւ ճիշտ գնահատելու լավ ու վատ աշխատողներին, ապահովելու վարձահատուցման արդարացի համակարգ, ըմբռնելու գործարար եւ միջանձնային հիմքով ծագող բախումների պատճառները եւ տալու համարժեք լուծումներ, պարգեւատրելու եւ պատժելու ենթականերին եւ այլն: Իսկ մեր կառավարիչը կարողանո՞ւմ է, արդյոք, այդ ամենն անել նրբորեն՝ չնսեմացնելով անգամ մեղավոր ենթակայի մարդկային եւ մասնագիտական արժանապատվությունը: Հիշենք, օրինակ, Եզնիկ Կողբացու իմաստուն խրատներից մեկը (միանգամայն համահունչ կառավարման ժամանակակից տեսաբանների խորհրդին) մեղավորին մեկուսի հանդիմանելու մասին. «Աստուածասիրութիւն է առանձին յանդիմանել»:
Որպես ամփոփում (նաեւ որպես գործնական ուղեցույց)՝ ծանոթանանք կանադացի նշանավոր կառավարաբան Հենրի Մինցբերգի տեսակետին կառավարման արվեստի բաղադրիչների մասին.
1. Հավասար լինելու արվեստ, այսինքն՝ ունակություն իրեն հավասար մարդկանց հետ հաստատելու եւ պահպանելու փոխհարաբերություններ:
2. Առաջատար լինելու արվեստ՝ ունակություն ղեկավարելու մարդկանց, հաղթահարելու բոլոր այն դժվարությունները եւ խնդիրները, որոնք անբաժան են իշխանությունից եւ պատասխանատվությունից:
3. Բախումներ լուծելու արվեստ՝ ունակություն՝ հանդես գալու միջնորդի դերում բախման երկու կողմերի միջեւ, կարգավորել հոգեբանական սթրեսի պատճառած տհաճ հետեւանքները:
4. Տեղեկություններ մշակելու արվեստ՝ ունակություն՝ կառուցելու կազմակերպությունում հաղորդակցման համակարգ, ստանալու հուսալի տեղեկություն եւ այն արդյունավետորեն գնահատելու:
5. Ոչ ստանդարտ կառավարչական որոշումներ ընդունելու արվեստ՝ ունակություն՝ գտնելու խնդիրներ եւ լուծումներ այն պայմաններում, երբ տեղեկությունները, նպատակադրումները եւ գործողությունների այլընտրանքային տարբերակներն անհստակ են կամ անվստահելի:
6. Կազմակերպությունում ռեսուրսները բաշխելու արվեստ՝ ունակություն՝ ընտրելու անհրաժեշտ այլընտրանքը, գտնելու լավագույն տարբերակը՝ սահմանա-փակ ժամանակի եւ մյուս ռեսուրսների սղության պայմաններում:
7. Ձեռներեցի ձիրք՝ ունակություն՝ դիմելու արդարացված ռիսկի եւ կազմակերպությունում նորամուծությունների ներդրման:
8. Ինքնավերլուծության արվեստ՝ ունակություն՝ ըմբռնելու առաջատարի դիրքը եւ դերը կազմակերպության մեջ, կարողություն՝ տեսնելու, թե առաջատարն ինչ ազդեցություն է գործում կազմակերպության վրա:
Արդ, արդյունավետ կառավարման հիմքը գիտելիքի եւ արվեստի համադրումն է, իսկ գիտելիքը արվեստի վերածելու գլխավոր պայմանը կառավարչի լիարժեք կրթվածությունն է, լայն աշխարհայացքը, ցանկությունը, կամքը… Քանզի կառավարման արվեստի հիմունքները այս կամ այն գործիչը կարող է հրաշալի իմանալ եւ… չգործադրել, համարել ավելորդ: Այդպես էլ շարունակվելու է, քանի դեռ հիմնովին չի գիտակցվում գիտելիքի եւ արվեստի ներդաշնակության կարեւորությունը:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
փ.գ.դ., պրոֆեսոր