Թեեւ գիտությունն առավելապես ընկալվում է «չոր» ու խիստ բնագավառ, սակայն, խորանալով նրա էության մեջ, այնուհետեւ դժվար է որպես պատկերացնել այն առանց ռոմանտիկայի ու երազանքի, եւ մի՞թե աստղերին մոտիկից տեսնելու, ուսումնասիրելու, նրանց հասնելու երազանքից չեն ծնվել աստղադիտակներն ու տիեզերակայանները, առանց երեւակայական թռչող գորգի՝ ժամանակին տիրելու երազանքից չե՞ն ծնվել հեծանիվն ու ինքնաթիռները, պատկերները գույներով վայելելու երազանքից չէ՞, որ ստեղծվել է գունավոր հեռուստատեսությունը…
Ցավոք, բոլոր երազանքները չէ, որ իրականանում են, ինչպես որ չիրականացան Աբրահամ Աբրահամյանի ու նրա ստեղծագործական խմբի շատ հղացումներ, որոնցից՝ «Ձայնի ու լույսի» թատրոն ստեղծելու գաղափարը, փոխարենն իրականացավ գույնի, ձայնի ու ջրի համակցությամբ՝ երգող շատրվաններ ստեղծելու երազանքը… Այն առաջինն էր Խորհրդային Միությունում։ «Որքան տեղյակ եմ,-պատմում է Աբրահամ Աբրահամյանը,- արտասահմանում կան երեք գունաձայնային շատրվաններ (Փարիզի մոտակայքում, Կասաբլանկայում եւ Նյու-Յորքում), սակայն նրանց շահագործելու սկզբունքն այլ է. գույների եւ շատրվանների կառավարումը տարվում է ոչ թե երաժշտությունից, այլ մագնիսային ժապավենի մյուս կողմում նախապես ձայնագրած հոսանքի ազդակներից»: Երեւանի Լենինի անվան (այժմ՝ Հանրապետության) հրապարակի գունաձայնային շատրվաններն աշխատում էին այլ սկզբունքով. ըստ Աբրահամյանի՝ «երաժշտական ծրագիրը ձայնագրվում է մագնիսային ժապավենի վրա: Այնուհետեւ էլեկտրական զտիչների օգնությամբ ձայնային հաճախականությունները բաժանվում են երեք շարանի, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական գունային լուսավորման եւ մեխանիկական կառավարման ալիքը: Այդպիսով՝ մեղեդին «կառավարում է» գույները, լուսավորվածության ուժգնությունը, շիթի բարձրությունը: Սարքավորումը բարդ է: Ցանկալի արդյունքին հասնելու համար մեր կողմից օգտագործվել են ռադիոէլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, լուսային տեխնիկայի եւ էլէկտրաակուստիկայի ձեռքբերումները»:
Հրապարակի երգող շատրվանները հրապուրեցին ոչ միայն երեւանցիներին ու հյուրերին, այլեւ իշխանության ներկայացուցիչներին. Աբրահամյանի խմբին առաջադրանք տրվեց երգող շատրվաններ կառուցել նաեւ մայրաքաղաքի Սպանդարյանի անվան հրապարակում։ Այնուհետեւ երգող շատրվանների կառուցումը ծավալվեց ողջ ԽՍՀՄ-ում. պատվերներն ստացվում էին տարբեր քաղաքներից։ Մի քանի տարվա ընթացքում խմբի անմիջական մասնակցությամբ «երգող» եւ «պարող» շատրվաններ բացվեցին Բաթումում (Ծովափնյա զբոսայգի), Մոսկվայում, Սոչիում (գլխավոր պողոտայում եւ «Չայկա» հյուրանոցի բակում), Կրիվոյ Ռոգում, Կարագանդայում, Խարկովում (Շեւչենկոյի անվան քաղաքային զբոսայգի) եւ այլուր։ Շատրվանային յուրաքանչյուր համալիր ինքնատիպ էր, բացառիկ, չկրկնվող, անկախ ինժեներական կառույց. դրանք չէին պատճենվում, կատարելագործվում էին։
Երեւանի գլխավոր հրապարակի համալիր գործող մոդելը 1976 թ. ցուցադրվեց Բուենոս Այրեսում՝ Հայկական ԽՍՀ ազգային ցուցահանդեսի տաղավարում։ Մոդելի լամպերը պատրաստվել էին Արզնիի հայկական բյուրեղապակուց։ Շատրվաններն արժանացան արտասահմանյան մամուլի ուշադրությանն ու բարձր գնահատականին։ 1978 թ. Աբրահամյանի թիմը պարգեւատրվեց ՀԽՍՀ պետական մրցանակով՝ գիտության եւ տեխնիկայի բնագավառում։ Ի թիվս երգող շատրվանների, Աբրահամյանը Կամերային երաժշտության տան համար մշակեց ձայնագունային երգեհոնի նախագիծը։ Սակայն այս բոլորն ընդամենը գիտնականի հոբին էր, որի մասին պատմում է նրա կինը՝ Լարիսա Աբրահամյանը. «Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ լինելով՝ ամուսինս հաճախ էր փորձում սինթեզել լույսն ու երաժշտությունը` դա իր հոբին էր»:
Ռադիոէլեկտրոնիկ, ինժեներ-գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Աբրահամ Ալեքսանդրի Աբրահամյանը ծնվել է 110 տարի առաջ՝ 1912 թ., Կարսում, 1936-ին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։ Երկար տարիներ ապրել է Խարկովում, 1947-1967 թթ. Լ. Ա. Գովորովի անվան հրետանային ռադիոտեխնիկական ակադեմիայում (ХНУВС) զբաղվել է ինժեներական, գիտամանկավարժական աշխատանքով։ 1964 թ. պաշտպանել է դոկտորականը։ 1967-1969 թթ. Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ինստիտուտի ռադիոընդունման սարքերի ամբիոնի պրոֆեսոր էր։ 1969 թ. տեղափոխվել է Երեւան, պրոֆեսորական աշխատանքը շարունակել պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ամբիոնում։ Զբաղվել է իմպուլսային ռադիոլոկացիոն ազդանշանների ապասինխրոն ընդունման, բարձր եւ գերբարձր հաճախականությունների ապասինխրոն դետեկտորի տեսությամբ ու հաշվարկով։
Գիտնականին զբաղեցրել են նաեւ տեսողության խանգարման խնդիրները. նա հետազոտել, մշակել է աչքի հարմարվողական մկանների մարմնամարզությունը (Երեւանի բժշկական ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնում)։ Ուսումնասիրել է մարմնի վրա բեւեռացված ջրի («կենդանի ջուր») օգտակար ազդեցությունը։ Քաղաքային բնակչությանը հեքիաթային գունագեղ աշխարհ պարգեւած գիտնականը վախճանվել է Երեւանում 1988 թ. նոյեմբերի 11-ին։