Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն առիթը բաց չի թողնում գիտության ասպարեզում առաջին քայլերն անող՝ ինձ նման երիտասարդներին հաճելի եւ օգտակար նվերներ ընծայելու: Նոր ուսումնական տարվա մեկնարկն էր: Տիկին Դոլուխանյանը հրավիրեց իր մոտ եւ մի գունառատ գիրք մեկնելով՝ հորդորեց անպայման կարդալ. «Սերբ գրող Վեսնա Պեշիչի գիրքն է հայերի մասին. նրա ջանքերով է Խորենացու «Հայոց պատմությունը» տպագրվել Սերբիայում»: Շնորհակալություն հայտնեցի, դուրս եկա եւ, ճիշտ է, շատ գործեր ունեի, բայց չդիմացա գայթակղությանը. 2-3 ժամում կարդացի «Կոչի՛ր ինձ Գարուն» վեպը եւ միանգամից թղթին եմ հանձնում խոհերս:
Տիկին Դոլուխանյանի առաջաբանն արդեն հուշեց, որ գիրքը պարտադիր պետք է կարդամ, քանի որ ինչպես Վեսնա Պեշիչը, ես էլ արդեն քանի՜ տարի է՝ հոգեւոր միասնության մեջ եմ ապրում պատմահոր հետ, իսկ ինչպես պրոֆեսորն է նշել, Վեսնա Պեշիչին Հայաստանին գամող օղակը Մովսես Խորենացին է:
Վեպի սկզբնատողերից արդեն այնտեղից դուրս է մղվում անմիջականության ու պարզության մեծ ալիք, որն ընթերցողին ստիպում է կլանված կարդալ եւ հեղինակի հետ մտովի շրջել Հայաստանի ճամփաներով, Երեւանի մշակութային օջախներում լինել եւ զրույցներ ունենալ հայ գիտության ու մշակույթի անխոնջ նվիրյալների հետ: Անմիջականությունն ապահովում են նաեւ տարբեր ոլորտներում աշխատող եւ Վեսնայի հետ առնչվող Հայաստանի քաղաքացիները:
Վեսնա Պեշիչը քաջածանոթ է Մովսես Խորենացու «Հայոց պատմությանը», որի հեղինակը մշտապես ուղեկցում է սերբ կնոջը: Խորենացին իր երկում ներկայացրել է մեր հայրենիքի պատմությունը՝ սկսած նախնական ժամանակներից մինչեւ իր ապրած դարաշրջանը, եւ Վեսնա Պեշիչը, օգտվելով պատմահոր թողած հարուստ նյութից, ընթերցողին նորովի է ներկայացնում այն՝ հասցնելով մինչեւ 21-րդ դար: Հայկի, Արամանյակի, Կադմոսի, Արա Գեղեցիկի եւ Շամիրամի, Երվանդի, Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու, Անանիա Շիրակացու, Սայաթ-Նովայի եւ մեր պատմության, մշակույթի մյուս երեւելիների մասին զրույցները տիկին Վեսնան լրացնում է արդեն նոր ժամանակների մարդկանց մասին պատումներով՝ Սողոմոն Թեհլիրյան, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Ղուկաս Սիրունյան, Փարաջանով՝ ամբողջացնելով մեր կողքին ապրող եւ արարող մարդկանց մասին հիշողություններով՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան, ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյան, Մատենադարանի երկարամյա աշխատակից Աիդա Չարխչյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյան եւ այլք:
Առանձնանում է Վեսնա Պեշիչի համար «էլֆ» դարձած եւ վերջին տարիներին հայ եւ սերբ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը համարվող, Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, որի ջանքերով եւ կազմած մշակութային ծրագրով է Սերբիայից Հայաստան ժամանած անձը ծանոթացել վերը նշված մարդկանց հետ եւ եղել հանրապետության կարեւորագույն մշակութային օջախներում: Հայաստանի եւ հայերի մասին գրքում հեղինակը չի մոռանում նաեւ Սերբիայի հազարամյա պատմությունը եւ նրա զավակներին՝ համեմատության եզրեր տանելով եւ հիշելով նրանցից շատերին: Դա Վինչայի այբուբենի, սերբ իշխան Լազարի, դյուցազն Միլոշ Օբիլիչի, Ստանիսավի, Ջիորջիո Նուրիջանի, ինչպես նաեւ Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի (ում վերջերս տիկին Դոլուխանյանի եւ Բաբկեն Սիմոնյանի ջանքերով հյուրընկալել էինք ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում) մասին սրտառուչ պատմությունները նախնական ամենադրական պատկերացումներն են փոխանցում Սերբիայի մասին քիչ տեղեկություններ ունեցող ընթերցողին:
Գրքի վերջաբանում Բրանիսլավա Եվտովիչը հրաշալի մեկնաբանել է հայ եւ սերբ ժողովուրդների բարեկամության եւս մեկ կամուրջ դարձող «Կոչի՛ր ինձ Գարուն» գիրքը եւ նրա հեղինակին. «Անցյալի, ներկայի եւ ապագայի հյութեղ կերպարները, որպես արահետներ, մի քանի անգամ խաչվում են, իսկ առասպելական կենարար հյութը իմաստնությամբ սնում է այս սրամիտ ու խորիմաստ գիրքը, որը ժամանակի հավերժական խորհուրդ ունի»:
Ամփոփելով գրքի մասին ունեցած տպավորություններս` միայն ավելացնեմ, որ Վեսնա Պեշիչը նոր, ժամանակակից նշաձողի վրա է բարձրացնում պատմահայր Մովսես Խորենացու մասին երբեւէ ասված խոսքը եւ «Հայոց պատմություն» աշխատության այլազգի ուսումնասիրողների շրջանակում իր ուրույն տեղն է զբաղեցնում: «Կոչի՛ր ինձ Գարուն» վեպը աշխարհի տարբեր լեզուներով թարգմանելու եւ հանրայնացնելու շնորհիվ կարող է դառնալ միջմշակութային կամուրջ՝ Հայաստանը եւ հայերին Եվրոպային, ինչու չէ աշխարհին նոր, համակողմանի ձեւաչափով ներկայացնելու:
Հովհաննես ՍԱՐԳՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին եւ միջնադարյան գրականության եւ
նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ