Սկյութարի Սուրբ Կարապետ եկեղեցի
Եկեղեցին, որտեղ անցկացվեց «Գուսան 2010» երգչախմբի Կոմիտասյան պատարագը, կառուցվել է 1617 թ.՝ վանեցի Զաքարիա վարդապետի ջանքերով (1552 թ. ի վեր Սկյութարի Բաղլարբաշըում, Յենիմահալեում գտնվող փայտե եկեղեցու տեղում, որի գոյության մասին հայտնի է): Հովհաննես Կոլոտ պատրիարքի օրոք արքունական (հասսա) ճարտարապետ Սարգիս Խալֆան (?-1737) վերակառուցել է այն 1727-1729 թթ.: Նույն թվականներին եկեղեցու դիմաց Երուսաղեմի վանականների համար վանք է կառուցվել: Երբ 1736 թ. Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շղթայակիրը եկել է Ստամբուլ, վանքին նոր սենյակներ են ավելացրել:
Այս շենքը հետագայում հիմնահատակ ավերվել է: 1838 թ. անմիջապես եկեղեցու արեւելյան կողմում կառուցվել է ճեմարան: Վանքի կողքին պարիսպներով շրջափակված մեծ այգի կար: Եթե նույնիսկ Յենիմահալեում գտնվող առաջին եկեղեցու կառուցման տարեթիվը հայտնի չլինի, հավանական է, որ կառուցված լինի վանեցի եւ մշեցի վարպետների կողմից, որոնք Սկյութարի առաջին հայ բնակիչներն են եւ մասնակցել են Յենիմահալեի մզկիթի կառուցման աշխատանքներին:
Եկեղեցին, որը վերակառուցվել է 1838 թ. Աստվածատուր պատրիարքի օրոք, 1844 թ. օգոստոսի 8-ին վերանորոգումից հետո բացվել է, որից 9 տարի հետո` 1847 թ., հրդեհվել է: Իսկ Հարություն պատրիարքի ժամանակ վերակառուցվել է որպես քարաշեն եկեղեցի: Կառուցման ծախսերը հոգացել են Մաթեւոս եւ Ապիկ Ունջույան եղբայրները: 1888 թ. օգոստոսի 2-ին կրկին բացվել է ծիսական արարողությունների համար: Եկեղեցու մերձակայքում կա նաեւ գերեզմանոց, որի մակերեսը 20719 քմ է:
Եկեղեցու աջ եւ ձախ կողմում կանոնավոր սրբատաշ քարից կառուցված երկու զանգակատուն կա, իսկ բակի երկու դռան մեջտեղում` մարմարից կառուցված երեք աղբյուր: Եկեղեցին հինգ դուռ ունի: Գլխավոր մուտքի դռան վերեւում եռատող հայերեն երկու մակագրություն կա: Եկեղեցին վերանորոգվել է սուլթան Աբդուլ Համիդ 2-ի հրամանով:18-19-րդ դարերում եկեղեցին եղել է հայկական կարեւոր մշակութային կենտրոն: Հովհաննես Կոլոտ պատրիարքի օրոք Սուրբ Կարապետ եկեղեցուն կից բացվել է Ստամբուլում առաջին հայկական դպրոցը (1719-1720 թթ.):