Քո անունը, որպես ծածանվող դրոշ,
Անունըդ կարմիր, հրե ապարոշ,
Կըտանի ամբոխն արբած,
Որպես սրբություն` գլխաբաց…
Վահան Տերյան
Քառատողը Ստեփան Շահումյանին նվիրված բանաստեղծությունից է, ինչը միակ հավաստիքը չէ հեղափոխական համախոհի ու գաղափարակցի հանդեպ տերյանական վստահության, հավատի ու խոնարհման…
Ժամանակները փոխվում են՝ ուզենք թե չուզենք, գնահատվում ու վերագնահատվում են իրադարձությունները, արժեքները, անձինք… Կարեւորը այդ ամեն ինչին սթափ հայացքով, բանական վերլուծություններով գլոբալ մոտեցումն է եւ ոչ մասնավոր, ոտքի վրա արված, չկշռադատված, անտեղյակ, ինչ-որ տեղից ինչ-որ նպատակով ուղղորդվող նեղ հույզերի տարափն ու կարծիքների հեղեղը, որ մեր ժամանակներում գրավում են սոցիալական հարթակները՝ մոլորության մեջ գցելով անցյալի ու ներկայի իրականության հանդեպ ձեւավորվող դիրքորոշումը՝ հասցնելով այն ծայրահեղության՝ ծայրահեղ ատելության կամ ծայրահեղ ստրկամտության։ Պատմական իրադարձությունները որքան էլ լինեն շարունակական, այնուամենայնիվ, նրանց միջեւ կան բաժանարար գծեր, հատկապես հոծ գիծ է ընկած նախահեղափոխական Ռուսաստանի եւ Խորհրդային Միության միջեւ, որն այսօր ամենաքննարկվող հուզական թեմաներից է։ Այս հողի վրա տեղին է հարց տալ՝ ի՞նչ կլիներ, եթե չլիներ սոցիալիստական հեղափոխությունը եւ շարունակեր գոյատեւել միապետական Ռուսաստանը։ Պատասխանը պարզ ու հստակ է, որ չգիտես՝ ինչու, անտեսված է մնում թե՛ հարցը, թե՛ դրա պատասխանը…
Իսկ կլիներ այն, ինչ հեղափոխությունից առաջ էր եւ ինչ եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո, այսինքն՝ այսօրվա մեր ներկան նախահեղափոխական Ռուսաստանի իրականության, կարելի է ասել, բնական շարունակությունն է՝ աշխարհում տիրող նույն պատերազմական վիճակներով, Ռուսաստանին ու նրա ազդեցության գոտիները թե՛ որպես քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական միավորներ չեզոքացնելու համաշխարհային քաղաքականությունը եւ, ինչպես միշտ՝ Թուրքիայի գլխավոր դերակատարությունը այդ գործընթացում։ Այս խառնափնթոր աշխարհակործան տիրույթում կրկին Հայկական հարցն է՝ հայերին քավության նոխազ դարձնելով եւ հայերի հանդեպ նոր եղեռնագործություններով, այսինքն՝ կրկնվում են նախախորհրդային իրողությունները։ Այնպես որ, խորհրդային իրականությունը՝ նրա թշնամիների հետ փնովելուց առաջ, հարկ է դիտարկել անկողմնակալ հայացքով, ծանրութեթեւ անելով այդ իրականության թե՛ դրական, թե՛ թույլ կողմերը՝ ի մի բերելով դրանից բխող արդյունքը, որը, ի վերջո, խորհրդային իրականության խաղաղ ու ստեղծագործ կյանքի վկայականն է՝ առանց վախի ու վաղվա օրվա գոյատեւման մտահոգության։ Այս պարզ գիտակցումից էլ բխում է մեր այսօրվա կողմնորոշումը. թշնամիներին հաղթելու համար պետք է հավատարիմ եւ ուժեղ բարեկամ ունենալ, իսկ դրա համար նախ եւ առաջ ինքներս պետք է լինենք հավատարիմ եւ ուժեղ, այլապես ինքներս կընկնենք մեր իսկ ոտքերի տակ…
20-րդ դարասկզբին քանդվում էր Լերմոնտովի «немытая Россия»-ն («անլվա Ռուսաստանը»), տերերի ու ճորտերի երկիրը, կապույտ համազգեստներին հպատակ զանգվածները ոտքի էին կանգնել իրենց իրավունքների համար՝ ստեղծելու ժողովուրդների բարեկամությամբ կնքված աշխատավորական, ստեղծագործական երկիր։ Ռուսաստանը հեղափոխական պայքարի մեջ էր, որին հավատարմորեն զինվորագրվել էին եւ բազում հայորդիներ, որոնց հետ եւ Ստեփան Շահումյանը, ով Բաքվում հայտնի էր «Նավթային» մականունով, իսկ նրա հնարամտության առնչությամբ անգլիացի ռազմական պատմաբանները գրում էին. «Շահումյանի հանճարը տեսնելիս նույնիսկ Մաքիավելիի ու Բիսմարկի տաղանդն է խղճուկ թվում» («Ереван» ամսագիր)։ Հեղափոխության գործին Շահումյանի նվիրվածության, վերլուծական մտքի ու կազմակերպչական տաղանդի համար նրան անվանում էին «Կովկասյան Լենին», իսկ համախոհ հեղափոխական գործիչների համար նա «տեսական մարքսիզմի ծանր հրետանի» էր։ Նրա մասին հոդվածներ, գրքեր ու բանաստեղծություններ են գրվել, արձաններ կանգնեցվել ԽՍՀՄ այլեւայլ քաղաքներում, բացվել թանգարաններ, անվանակոչվել փողոցներ, քաղաքներ, ականակիր նավ եւ այլն։ Անհնար է մի քանի տողով ներկայացնել այն ողջ գործունեությունը, որ ծավալել է ժամանակին Շահումյանը, սակայն կարելի է խոսել մի քանի սկզբունքների մասին, որոնց մնաց անդավաճան մինչեւ օրերի վերջը։
Լինելով համոզված ինտերնացիոնալիստ, մարքսիզմ-լենինիզմի ջատագով՝ նա չխուսանավեց խիստ ազգային հարցեր բարձրացնելուց. այսպես, 1915-16 թթ.՝ որպես «Պայքար» թերթի աշխատակից, դատապարտել է Մեծ եղեռնի հանցագործ թուրք պաշտոնյաներին՝ օգտագործելով «հայկական կոտորածներ» արտահայտությունը։ Շահումյանը միանգամայն հնարավոր էր համարում, որ տարբեր ազգությունների ժողովուրդներ կարող են ապրել հաշտ ու համերաշխ՝ ծառայելով մեծ ու վեհ նպատակի, ինչը ապացուցվեց Խորհրդային Միության գոյության տարիներին, իսկ Միության փլուզումն ու մասնատումը, ինչպես տեսանք, հանգեցրեց ազգային ծանր ողբերգությունների։ Շուհումյանը պրոֆեսիոնալիզմի կողմնակից էր եւ ոչ միայն սովորում էր, այլեւ սովորեցնում, կարողանում էր կայծակնային ու ոչ ստանդարտ որոշումներ կայացնել ու հաջողությամբ իրագործել։ Որքան էլ վճռական ու անողորմ լիներ հեղափոխության հակառակորդների, թշնամիների հանդեպ, այնուամենայնիվ, ձեռնպահ էր մնում անձնական վրեժխնդրությունից ու անձնանպաստ անմարդկային քայլերից, ինչի ապացույցը Բայիլովյան բանտից 26 կոմիսարներով, որի առաջնորդն էր, «Թուրքմեն» շոգենավով փախուստի ժամանակ չհետեւեց բանտից իրենց փախցրած Անաստաս Միկոյանի՝ հրահրիչներին ծովը նետելու խորհրդին… Արդյունքում՝ շոգենավի էսէռական կոմիտեն նավի վրա գտնվող անգլիական ինտերվենտների հրահրմամբ նրանց իջեցրեց նավից ու գնդակահարեց Անդրկասպյան ավազուտներում՝ Պերեւալ եւ Ախչակույմա երկաթուղային կայարանների միջեւ։ Այդ չարաբաստիկ օրը 1918 թ. սեպտեմբերի 20-նն էր. Ստեփան Շահումյանը հազիվ 39 տարեկան էր։