Կա՞, արդյոք, գիտության մեջ բնագավառ, որտեղ հայ գիտնականը չունենա ներդրում, անգամ այնպիսի բնագավառ, որպիսին օվկիանոսագիտությունն է, երբ աշխարհագրորեն մեզ բաժին ընկած ջրերը լճերն ու գետերն են, իսկ ծովերն ու ծովափերը՝ բռնազավթված… Այսպես թե այնպես, հայ միտքն աշխատում է ամենուր՝ լինելով առաջիններից ու առաջատարներից մեկը աշխարհում, ինչպես Անիտա Կոնտի-Կարագաշյանը առաջին կին-օվկիանոսագետն էր, իսկ Արտեմ Սարգսյանը 1960-ականների սկզբին համաշխարհային օվկիանոսագիտության մեջ առաջինը ձեւակերպեց Համաշխարհային օվկիանոսի լայնածավալ շրջանառության ձեւավորման գործընթացի վրա բարոկլին էֆեկտների որոշիչ ազդեցության մասին դրույթը։
Ժամանակից առաջ ընկնելով, Արտեմ Սարգսյանը՝ իր ուսանողների հետ միասին, գիտական հետազոտություններն ընթացքի մեջ դրեց օվկիանոսի կլիմայական բնութագրերի ուսումնասիրման եւ թվային մոդելավորման ուղղությամբ, ինչը օվկիանոսագիտության եւ կլիմայի տեսության ժամանակակից կարեւորագույն խնդիրներից է: 60-ականների կեսերին տեսական վերլուծության եւ թվային փորձի հիման վրա Ա. Ս. Սարգսյանը հայտնաբերեց օվկիանոսում դինամիկ պրոցեսների փոփոխականության ամենակարեւոր գործոնը, որը նա անվանեց բարոկլինության եւ հատակի ռելիեֆի համատեղ ազդեցություն, ինչը օվկիանոս-մթնոլորտ եւ ռելիեֆային ջերմափոխանակման համատեղ ազդեցություն է։
Օվկիանոսագետ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, վաստակավոր պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը հեղինակ ու համահեղինակ է ավելի քան 250 գիտական հոդվածների, այդ թվում՝ 13 մենագրության, որոնք լույս են ընծայվել ռուսերեն, անգլերեն, չինարեն։ Գիտնականի աշխատությունները վերաբերում են համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի, հոսանքների եւ կլիմայական այլ բնութագրերի տեսության ու հաշվարկների մշակմանը։ Օվկիանոսային հոսանքների մասին նա, մասնավորապես, նշում է. «Օվկիանոսային հոսանքները որոշակի եւ մշտական ուղիներով շարժվող ջրի մեծ զանգվածների տեղափոխությունն է օվկիանոսներում: Օվկիանոսային հոսանքները գլխավորապես առաջանում են մշտական քամիների ազդեցության պատճառով։ Փորձով ստուգվել է, որ օվկիանոսների վրա փչող գերիշխող քամիների ուղղությունները գրեթե համընկնում են օվկիանոսային հոսանքների ուղղությունների հետ։ Քամին ջրին ստիպում է տեղաշարժվել որոշակի ուղղությամբ։ Տաք հոսաքներ են համարվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է շրջապատող ջրի ջերմաստիճանից։ Իսկ հակառակ դեպքում այն անվանում են սառը հոսանք։ Ընդհանրապես, տաք են բոլոր այն հոսանքները, որոնք շարժվում են ցածր լայնություններից դեպի բարձր լայնությունները, իսկ հակառակ ուղղություն ունեցողները սառը հոսանքներ են։ Քարտեզների վրա օվկիանոսային տաք հոսանքների ուղղությունը նշագծում են կարմիր սլաքներով, իսկ սառը հոսանքներինը՝ կապույտ կամ սեւ: Ամենամեծ օվկիանոսային հոսանքներից մեկը սկսվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Կենտրոնական Աֆրիկայի ափերի մոտ»։
Օվկիանոսագետն զբաղվել է նաեւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման խնդիրներով եւ դրա եղանակների մասին ունի հեղինակային աշխատանքներ։ Արտեմ Սարգսյանը եղել է ՌԳԱ օվկիանոսագիտության ինստիտուտի ծովային հոսանքների դինամիկայի, հիդրոլոգիայի լաբորատորիայի վարիչ, ՌԳԱ հաշվողական մաթեմատիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, գիտաստեղծագործական աշխանքներին զուգահեռ՝ ծավալել մանկավարժական գործունեություն՝ արդյունքում պատրաստելով գիտությունների 30 թեկնածու, 11 դոկտոր։
Արտեմ Սարգսի Սարգսյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում (այժմ՝ քաղաք), 1926 թ. սեպտեմբերի 23-ին։ Դպրոցն ավարտել է ծննդավայրում, գերազանց, ստացել հայկական կրթություն, այնուհետեւ ընդունվել Բաքվի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ, 1950-53 թթ. սովորել ԽՍՀՄ ԳԱ գեոֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, 1953 թ. Ի. Ա. Կիբելի ղեկավարությամբ պաշտպանել թեկնածուական թեզ՝ «Հաստատուն քամիների հոսանքների հաշվարկը օվկիանոսում» թեմայով, իսկ 1967 թ. արդեն պաշտպանել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորական թեզ՝ «Հոսանքների տեսությունն ու հաշվարկը օվկիանոսում» թեմայով։ Պետական գիտական ծրագրի շրջանակներում նրա ղեկավարությամբ աշխատանքներ են տարվել ԽՍՀՄ-ում այն ժամանակ գոյություն ունեցող օվկիանոսի ընդհանուր շրջանառության բոլոր թվային մոդելների համեմատական վերլուծության ուղղությամբ, ինչը խթանեց դրանց հետագա բարելավումը: Բացի մոսկովյան բարձրագույն հաստատություններում հետազոտական, ակտիվ գիտամանկավարժական գործունեությունից, Արտեմ Սարգսյանը 1965-69 թթ. աշխատել է ՈւԽՍՀ ԳԱ Սեւաստոպոլի ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտում։ Օվկիանոսագիտության բնագավառում ակնառու գիտական աշխատանքների, հայտնագործությունների եւ գյուտերի համար հայազգի գիտնականը արժանացել է մի շարք պարգեւների՝ ԽՍՀՄ պետական մրցանակ գիտության եւ տեխնիկայի բնագավառում (1970), Ժողովուրդների բարեկամության շքանշան (1986), Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Մարին Դրենովի անվան ոսկե մեդալ (1986), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ գիտության եւ տեխնիկայի բնագավառում (2000), Պատվո շքանշան (2007)։
Արտեմ Սարգսյանը այն ութ գիտնականներից մեկն է, ով արժանացել է նաեւ Ս. Օ. Մակարովի անվան մրցանակին։ Ականավոր գիտնականը սերտ կապեր է պահպանել հայրենիքի ու ծննդավայրի հետ, այցելել ու զբաղվել նրա առջեւ ծառացած խնդիրներով։