Իմպրեսիոնիզմ (ֆր.՝ Impressionnisme, impression-տպավորություն)՝ ուղղություն արվեստում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ 1860-ական թթ. վերջին 1870-ականների սկզբին (Էդուարդ Մանե, Էդգար Դեգա, Կլոդ Մոնե, Կամիլ Պիսսարո, Ալֆրեդ Սիսլեյ, Օգյուստ Ռենուար եւ ուրիշներ)։
«Իմպրեսիոնիզմը» որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թ. ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կլոդ Մոնեի «Տպավորություն։ Ծագող արեւը» («Impression Soleil levant», 1872, Փարիզ) նկարը։ Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում։
Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում պայքար է գնում նատուրալիզմի եւ ռեալիզմի համար։ Այդպիսի պայքար նատուրալիզմի եւ ռեալիզմի դեմ տարվել է նաեւ 19-րդ դարի 80-ական թթ.։ Այդ պայքարի արդյունքում ծնվում է իմպրեսիոնիզմը։ Պակաս ջանքեր չի պահանջում նաեւ սիմվոլիզմի ներդրումը։ Այդ իսկ պատճառով Դեբյուսիի ամբողջ գործունեությունը կարելի է ասել, որ պայքար է հին ակադեմիական սովորույթների դեմ։ Այդ համառ պայքարը «նոր մշակույթի» համար Փարիզը վերածել էր գեղանկարիչների, բանաստեղծների, երաժիշտների «լաբորատորիայի»։