Մենք փոքր ենք, այո,
Ձեզ ով էր ասում մեզ սեղմեք այնքան,
Որ մենք ստիպված… ադամանդ դառնանք…
Ով էր ստիպում
Մեզ աստղերի պես ցիրուցան անեք,
Որ միշտ մեզ տեսնեք, ուր էլ որ գնաք…
Ամեն անգամ մեր մեծերին անդրադառնալիս, խոր ու իմաստուն բանաստեղծի՝ Գեւորգ Էմինի այս տողերն են արթնանում հիշողությանս էջերից: Այս անգամ դրա առիթը աշխարհում առաջին մոլորակագնաց սարքերի «հայր» Ալեքսանդր Քեմուրջյանն է՝ հայ հանճարեղ գենի հերթական փայլատակումներից մեկը:
Տիեզերական մրցավազքում շռնդալից հաղթանակից հետո նախկին խորհրդային երկիրը պարտվեց Միացյալ Նահանգներին. ամերիկացիները, կատարելով միջմոլորակային թռիչք, առաջինը հասան Լուսին: Բայց մի քանի տարի անց ռուսները հպարտությամբ նշելու էին՝ Լուսնի մակերեւույթին թեեւ առաջին ոտնահետքերը թողեցին ամերիկացիները, սակայն իրենց հաջողվեց առաջին անվահետքը դաջել այնտեղ: Դրա համար խորհրդային գիտությունը պարտական էր հայազգի գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանին: Նրա լուսնագնացներն առաջին անգնահատելի տեղեկություններն էին տալու մարդկությանն անծանոթ տիեզերքի մասին: «Լունախոդ 1» մոլորակագնացը, 1970-ի նոյեմբերի 10-ին մեկնարկելով իր առաքելությունը, մեկ շաբաթ անց վայրէջք է կատարել Լուսնի վրա: 756 կգ կշռող սարքը կրում էր տեսախցիկներ եւ ռադիոհաղորդիչներ: Այն Լուսնի վրա ճանապարհորդել է շուրջ 10 ամիս՝ անցնելով 11 կմ ճանապարհ, միաժամանակ դեպի Երկիր՝ կայաններ ուղարկելով 20 հազար լուսանկար, 200 համայնապատկեր, կատարել անծանոթ մակերեւույթի 500 փորձարկում: Երկու տարի անց Լուսին է ուղարկվում «Լունախոդ 2»-ը: Այս մեքենան ռեկորդ է սահմանում՝ անցնելով 42 կմ: Լուսնային մեքենան երկրից կառավարում էր հինգ հոգանոց անձնակազմը: Այս յուրօրինակ ինքնաշարժ գիտական լաբորատորիաները տեղեկություններ էին փոխանցում Երկրի բնական արբանյակի բնույթի, տիեզերական ճառագայթումների, լուսնային մակերեսից գտածոների քիմիական բաղադրության մասին: Լուսնագնաց այս սարքերն այսօր էլ այնտեղ են: Դրանք պատահաբար հայտնաբերվել են մի քանի տարի առաջ. Սան Դիեգոյի գիտնականները հաստատել են՝ առաջին լուսնագնացները շուրջ 50 տարի հետո էլ պատասխանում են երկրային ազդանշաններին:
Լուսնային աշխատանքներին զուգահեռ Քեմուրջյանն ու իր խումբը զբաղվել են նաեւ Մարս մոլորակով.1972-ի դեկտեմբերի 2-ին նրա եւ իր գիտական խմբի ստեղծած «Մարս 3» մոլորակագնացն առաջինն էր, որ փափուկ վայրէջք է կատարել Մարսի վրա՝ իր մեջ տանելով «ՊՌՕՊ-Մ» 4.5 կգ կշռող փոքր ռոբոտ-լուսնագնացը: Սակայն վայրէջքից 14.5 վայրկյան անց Մարս մոլորակի վրա սկսված ուժգին հողմամրրիկի պատճառով կապը «Ֆոբուս» կայանի հետ կտրվել է եւ այլեւս չի վերականգնվել:
Հետագա տարիներին, տիեզերական աշխատանքներին զուգահեռ, գիտնականն զբաղվել է բարդ պայմաններում աշխատող հեռակառավարվող ռոբոտներով եւ սարքերով: Դրանք կիրառվել են 1986-ի մայիսին Չեռնոբիլի ատոմակայանի աղետի գոտում: Գյուտարարն անձամբ է մեկնել եւ մասնակցել աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին: Նրա եւ որդու՝ Վլադիմիրի, արագորեն նախագծած հեռակառավարվող ռոբոտն աշխատել է մարդկանց համար մահացու ռադիոակտիվ գոտում՝ փրկելով հարյուրավոր կյանքեր: Ինքնավար ռոբոտներն աղետի բարձր ճառագայթման պայմաններում աշխատել են ավելի քան 200 ժամ եւ այդ տարածքից հեռացրել շուրջ 90 տոննա ռադիոակտիվ թափոններ: Ռոբոտների աշխատանքները համակարգվել են անձամբ իր՝ Քեմուջյանի ղեկավարմամբ: Մեծ գիտնականը մարդասիրական իր առաքելությունն իրականացնելիս ստացել է ռադիոակտիվ ճառագայթման բարձր չափաբաժին եւ տեղափոխվել հիվանդանոց…
Քեմուրջյանի տիեզերական սարքերի շնորհիվ ստեղծվել է Լուսնի եւ մոլորակների հետազոտման նոր մեթոդ: Այսօր ընդունված է խոսել հայազգի գիտնականի գիտական դպրոցի մասին: Քեմուրջյանի եւ իր խմբի անունները տասնամյակներ շարունակ գաղտնի էին պահվում, իսկ ինքն իր գիտական ուսումնասիրությունները հրապարակում էր տարբեր կեղծանուններով՝ Ալեքսանդրով, Լեոնովիչ, Ուգլեւ… Այդպես եղել է խորհրդային երկրին եւ մարդկությանը հսկայական ծառայություններ մատուցած հայազգի բազմաթիվ զավակների պարագայում՝ Անդրանիկ Իոսիֆյան, Գեւորգ Վարդանյան, այլ երախտավորներ… Իսկ որտե՞ղ է մարդկային երախտագիտությունը, որտե՞ղ…
Ամփոփենք, կարծում եմ, անհրաժեշտ սեղմ ծանուցումով. Քեմուրջյանները Տրապիզոնից էին, փախել էին թուրքական հալածանքներից: Հայրը՝ Լեւոնը, 11-րդ բանակի կամավորական է եղել: Ապագա հանճարեղ գյուտարարը 5 տարեկան էր, երբ ընտանիքը հաստատվում է հայակեր Բաքվում: Ծնողները մասնագիտություն չունեին, ընտանիքը ծայրահեղ աղքատ էր: Մայրը որդուն հաճախ էր ուղարկում շուկա՝ քարտով ստացած հացի մի մասը վաճառելու…
Ահա այսպիսի տխուր սկիզբ, որը, սակայն, ավարտվելու էր համաշխարհային գիտասպարեզում երբեւէ չխամրող հաղթարշավով…