Մոդեռնիզմ (իտալ.՝ modernismo-«ժամանակակից հոսանք», լատիներեն՝ modernus-«ժամանակակից, ոչ հին»)՝ 20-րդ դարի ուղղություն մշակույթի մեջ, որը բնութագրվում է մշակութային, պատմական փորձի հետ կապի խզմամբ, ձգտումով հաստատել նոր՝ ոչ տրադիցիոն սկիզբ արվեստում, ոճի պայմանականություն։
Մոդեռնիզմը փիլիսոփայական շարժում է, որը մշակութային միտումների եւ փոփոխությունների հետ մեկտեղ առաջացել է 19֊րդ դարի վերջին եւ 20֊րդ դարի սկզբին արեւմտյան հասարակության մեջ տեղի ունեցող լայնամասշտաբ փոփոխություններից։ Մոդեռնիզմը ձեւավորող գործոններից էին արդի արդյունաբերական հասարակությունների զարգացումը եւ քաղաքների սրընթաց աճը, որին հետեւել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Մոդեռնիզմը նաեւ մերժում էր Լուսավորչականության դարաշրջանի մտածողությունը, իսկ շատ մոդեռնիստներ մերժում էին կրոնական համոզմունքները։ Ընդհանուր առմամբ՝ մոդեռնիզմը համարում է, որ արվեստի, ճարտարապետության, գրականության, կրոնի, փիլիսոփայության եւ նույնիսկ գիտության ավանդական ձեւերն այլեւս չէին բավարարում իրենց առջեւ դրված խնդիրները եւ հնացած էին նոր ծագող ամբողջովին արդյունաբերականացված աշխարհի նոր տնտեսական, սոցիալական եւ քաղաքական միջավայրում։ Պոետ Էզրա Փաունդի 1934 թ. «Նորացրու այն»֊ի հրահանգն այս շարժման մոտեցման չափանիշն էր անցյալի՝ այժմ հնացված մշակույթի։ Այս ոգով դրա նորարարությունները՝ գիտակցության հոսքի միջոցով գրված վեպը, ատոնալ երաժշտությունը, դիվիզիոնիստական նկարչությունը եւ աբստրակտ արվեստը, ունեին իրենց նախակարապետը 19֊րդ դարում։