«Դպրոցական տարիքում տարված էի ծովով, նավերի մոդելներ էի հավաքում, հետո տարվեցի զենքերով, ինքնաշեն ատրճանակներ էի պատրաստում, փորձում էի տեխնոլոգիաներ մշակել… Ութերորդ-իններորդ դասարաններում ես արդեն ինքնաթիռների մոդելներ էի ստեղծում, ոչ թե կրկնօրինակում էի, այլ ինքս էի մշակում, ռազմական ինքնաթիռներ, որոնք հետո թռցնում էինք. այդ դպրոցը ինքնուրույն անցա. դրանք այն գիտելիքներն են, որոնք գիրք կարդալով չես ստանում…»:
Ռոլան Մարտիրոսով («Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից)
Սա արդեն խոսում է գենետիկայի մասին, հայ մարդու տեսակի, այլապես ինչով բացատրել, որ ընտանիքում առավել հումանիտար մթնոլորտ էր ձեւավորված, իսկ դպրոցում, այն էլ ցածր դասարաններում, նման բաներից չեն խոսում, ուր մնաց՝ սովորեցնեին, իսկ հայերս հպարտանալու շատ տեղեր ունենք, առանց որեւէ պարծենկոտության, թեեւ ինքներս մեր մասին լիարժեք տեղեկություններ չունենք՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով։ Ասենք՝ ավիակոնստրուկտորներից հասարակությանն առավել հայտնի է Արտեմ Միկոյանը՝ Անաստաս Միկոյանի եղբայրը, սակայն որդու՝ Վահե Միկոյանի մասին քչերը գիտեն, իսկ, ընդհանրապես, այնպիսի ոլորտ, ինչպիսին ռազմական ինքնաթիռների թողարկումն է, դրանցով զբաղվող մասնագետների անունները գաղտնի են պահվում, հասկանալի պատճառներով, եւ բացահայտվում են միայն այն ժամանակ, երբ գաղտնիությունն այլեւս դեր չի կատարում կամ պատահականորեն, ինչպես եղավ Ռոլան Մարտիրոսովի դեպքում, երբ 1993 թ. Սինգապուրի ավիացուցահանդեսում ինքնաթիռները ներկայացնելու համար գործուղվեց որպես շարքային ռադիոտեխնիկ, սակայն արեւմտյան գործակալությունների հետախույզներն իսկույն հասկացան, որ նա շարքային մասշտաբի կոնստրուկտոր չէ։ Նշանավոր հայազգի ավիակոնստրուկտորների շարքերը, բացի վերոհիշյալներից, լրացնում են նաեւ այնպիսի անուններ, ինչպես Արվիդ Թոխունցը, Ալեքսանդր Թավրիզյանը, Կոնստանտին Մկրտչյանը, Գեորգի Նազարովը (Նազարյան), Միքայել Պողոսյանը, Ելիզավետա Շահխաթունին, Հել Մարգարյանը (ամերիկացի) եւ շատ ուրիշներ։
Ռոլան Մարտիրոսովը (Մարտիրոսյան) ծնվել է 1935 թ. հոկտեմբերի 6-ին Մոսկվայում։ Հայրը՝ Գուրգեն Ամիրխանի Մարտիրոսյանը, ծնունդով Չարդախլուից էր, մասնագիտությամբ փիլիսոփա, ով երկար ժամանակ դասախոսել է Գրոդնոյի մանկավարժական ինստիտուտում, իսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորագրվել, գերեվարվել Բելառուսում, սակայն հաջողացրել է փախչել համակենտրոնացման ճամբարից ու միացել պարտիզանական պայքարին, այնպես որ, ռազմական ավիացիան Ռոլան Մարտիրոսովի համար դպրոցական հետաքրքրության դաշտից փոխադրվեց լուրջ մասնագիտական ոլորտի։
1959 թ. Ռոլան Մարտիրոսովն ավարտում է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, իսկույն աշխատանքի է անցնում ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության մինիստրությունում՝ թիվ 51 գործարանի՝ Սուխոյի կոնստրուկտորափորձարարական բյուրոյում, աշխատում Պավել Սուխոյի անմիջական ղեկավարությամբ, դառնում նրա գործընկերը։ Եթե ՄԻԳ ռազմական օդանավերի անունը կապված է նրա ստեղծողի՝ Արտեմ Միկոյանի հետ, ապա Ռոլան Մարտիրոսովի անունը կապված է ՍՈւ կործանիչների, հատկապես նրա ստեղծած ՍՈՒ-34 կործանիչի հետ։ Մինչեւ 1962 թ. Մարտիրոսովն աշխատում է հեռանկարային նախագծերի բաժնում՝ որպես ինժեներ, անմիջականորեն մասնակցում ՍՈՒ-15, ՍՈՒ-7Բ ինքնաթիռների ստեղծմանը։ 1962-63 թթ. գլխավորում է ուղղահայաց թռչող կործանիչների մշակումը։ Կոնստրուկտորական բյուրոյում Ռոլան Մարտիրոսովն աստիճանական կարգով զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ինժեներ, բրիգադի ղեկավար, կոնստրուկտորական բյուրոյի ղեկավարի տեղակալ, կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար, գլխավոր կոնստրուկտոր, անձնական մեծ ներդրում ունեցել այնպիսի հայտնի ինքնաթիռների ստեղծման, փորձարկումների, սերիական արտադրության բարդ տեխնիկական խնդիրները լուծելու հարցում, ինչպիսիք են ՍՈՒ-7ԲԿԼ, ՍՈՒ-15, Տ-4, ՍՈՒ-24, ՍՈՒ-24Մ, ՍՈՒ-27-երը։
Նրա կոնստրուկտորական նվաճումների բարձունքը դարձավ ՍՈւ-34 ռազմական կործանիչը։ 1991 թ. նա դարձավ ինքնաթիռի գլխավոր կոնստրուկտորը։ Ռոլան Մարտիրոսյանը Նովոսիբիրսկի գործարանում իրականացրեց ինքնաթիռի նախագծման, ստեղծման, փորձարկման, վերջնական մշակման, սերիական արտադրության ներդրման տեխնիկական ղեկավարման բոլոր աշխատանքները։ ՍՈՒ-34-ը իր տեսակի մեջ մրցակից չունի. բացի այն, որ ինքնաթիռն օժտված է մարտական բարձր որակներով, կարող է օգտագործվել որպես ծանր կործանիչ, վարել օդային մարտեր, ունակ է կրելու «օդ-օդ» դասի տարբեր հրթիռների մի ողջ զինանոց։ Այն նաեւ ինքնաթիռ-հետախույզ է, օժտված՝ ռադիոէլեկտրոնային պայքարի հզոր համակարգով։ Ունի եւս մի առավելություն՝ մարդասիրական տեսանկյունից. օդաչուների խցիկում տեղադրված է բիոզուգարան, որ մինչ այդ չի եղել ռազմական ավիացիայի տեղական արտադրության, անգամ՝ ութից տասը ժամ թռիչք իրականացնող ստրատեգիական հրթիռակիրներում։
Ռոլան Մարտիրոսյանի ստեղծած ՍՈՒ-երը 30 համաշխարհային ռեկորդ են սահմանել։ ՍՈՒ-34 ինքնաթիռը կարող է երկարատեւ թռիչք կատարել 10-ժամյա լիցքավորմամբ՝ 8 տոննա բեռնվածության դեպքում։ Առանց օդում լիցքավորման՝ թռիչքի երկարությունը 4000 կմ է, իսկ երեք անգամ լիցքավորման դեպքում՝ 14000 կմ։ Առաջին թռիչքը կատարվել է 1992 թ.։ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2017 թ. փակ հրամանագրով Ռոլան Գուրգենի Մարտիրոսյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսի կոչում։ Բացի այդ, նա ստացել է «Պատվո նշան», Բարեկամության, Ալեքսանդր Նեւսկու շքանշաններ, արժանացել ԽՍՀՄ պատվավոր ավիաշինարար կոչմանը։
Ռոլան Մարտիրոսովը վախճանվեց 2020 թ. փետրվարի 27-ին։ Գործընկերները փաստում են, որ նա մինչեւ կյանքի վերջը պահպանել է պայծառ միտքն ու աշխատունակությունը՝ շարունակելով կատարելագործել սիրելի ՍՈՒ-34-ը, որը պատրաստված է այնպես, որ ժամանակի ընթացքում կարող է անընդհատ համալրվել նոր տեխնոլոգիաներով եւ միշտ լինել պահանջված։