Խեցիներով տուն (իսպ.՝ Casa de las Conchas)՝ շինություն Սալամանկայում, Վերածննդի եւ գոթիկայի ակունքներում ձեւավորված իսպանական պլատերեսկո ոճի դրսեւորման փայլուն օրինակ։ Միջնադարյան քաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրերից է, որ իր գեղեցիկ ու յուրահատուկ տեսքով դեպի իրեն է ձգում զբոսաշրջիկներին։
Խեցիներով տունը կառուցվել է 1493-1517 թթ.։ Տանտերը եղել է Սանտյագո օրդենի անդամ, Սալամանկայի համալսարանի իրավունքի դասախոս Ռոդրիգո Մալդոնադո դե Տալավերը, ով հետո դարձել է նույն համալսարանի ռեկտոր եւ Կաստիլիայի թագավորական խորհրդի անդամ։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Իսպանիայում վերջնականապես ճնշեցին մավրերին, եւ հաստատվեց երկար սպասված խաղաղությունը։ Միայն 15-րդ դարի վերջին քաղաքը դարձավ անվտանգ, եւ ազնվականությունը, թողնելով իր դղյակները, վերադարձավ քաղաքային միջավայր։ Քաղաքը վերածնվեց, սկսեցին կառուցվել մեծ թվով քաղաքացիական շինություններ։ Քաղաքային պալատը դարձավ ազնվականության իշխանության խորհրդանիշը։ Պալատները դեռեւս հիշեցնում էին ամրոցներ. նրանց ճարտարապետության մեջ օգտագործվում էին աշտարակներ, ատամնավոր պատեր։
Սանտյագո օրդենի զինանշանը ծովախեցին էր։ Խեցին Սանտյագո դե Կոմպոստելա ուխտագնացություն կատարելու խորհրդանիշն էր, ուր գտնվում էր Հակոբոս առաքյալի գերեզմանը։ Խեցիներով էին նշում ուխտագնացության ճանապարհի բոլոր հիմնական նշանաձողերը։ Ոսկեգույն կրաքարից քարե խեցիներով էր իր տունը պատել օրդենի ասպետ Ռոդրիգո դե Մալդոնադո Տալավերան։ Խեցիների թիվը հասնում է մոտ 300-ի, որոնք շախմատային կարգով տեղադրված են հարթ պատերին։ Բացի խեցիներից` շենքի ճակատային մասը զարդարված է Մալդոնադոյի զինանշանով եւ զինանշանային վահաններով։