«Այս պատերազմի նպատակներից մեկը թուրքական լծից Հայաստանի ազատագրումն է»։
Լորդ Կրոմեր
Հայերին հուսադրող համանման հայտարարություններ էին անում Առաջին աշխարհամարտի նախաշեմին Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարներն իրենց պաշտոնական ու ոչ պաշտոնական ճառերում՝ փորձելով աշխարհակործան պատերազմն արդարացնել «մարդասիրական» առաքելությամբ՝ ամենեւին չտարբերվելով Ֆրանսիայից ու Գերմանիայից։ Մեծ Բրիտանիան նույնպես Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա եռանկյունում իր շահերի անկյունաքարը տեսնում էր ի դեմս Թուրքիայի։ Այսպես կոչված ուժեղ տերություններն ազգային փոքրամասնությունների հարցերը, այդ թվում եւ հայերի ջարդերն օգտագործում էին միմյանց դեմ պայքարում, ինչպես որ 1915-16 թթ. անգլիական կառավարությունը փորձում էր զարհուրելի արյունահեղության հանդեպ հանրային կարծիք բորբոքել ինչպես իր, այնպես էլ չեզոք երկրներում՝ Քառյակ դաշինքի եւ, առաջին հերթին, Գերմանիայի դեմ։ Հայերի հանդեպ թուրքական հալածանքներն ու կոտորածներն էլ Թուրքիային ձեռքում պահելու հարմար խաղաքարտ էին՝ ցանկացած ժամանակ սեղանին դնելու եւ կամք թելադրելու։ Գուցե հենց սա է պատճառը, որ Հայկական հարցը ջանում էին հնարավորինս կենսունակ պահել պատեհ առիթի համար, բայց թույլ չտալ հայերին ավելին, քան կարող էին շոշափվել մեծ տերությունների շահերը։
Այդպես էլ 1922-1923 թթ. Լոզանի կոնֆերանսում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քերզոնը «փոքր դաշնակից» Հայաստանին ու հայերին համարում է հատուկ ուշադրության արժանի՝ «աչքի առաջ ունենալով ոչ միայն սերունդների կյանքի ընթացքում նրանց կրած դաժան տառապանքները, որոնք հարուցել են քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու զարհուրանքը, այլեւ նկատի առնելով ապագայի վերաբերյալ նրանց տրված (դաշնակից տերությունների կողմից) հատուկ հավաստիացումները», իսկ «հատուկ ուշադրությունը» ոչ այլ ինչ էր, քան խնդրել Թուրքիային «ազգային ոգի ունեցող ու վճռականությամբ լեցուն» ժողովրդին «ազգային տուն» (օջախ) հատկացնել Թուրքիայի հյուսիսարեւելյան նահանգներում կամ Կիլիկիայի ու Սիրիայի հարավարեւելյան սահմանագծի վրա։ Ինչպես Ֆրանսիան ու Գերմանիան, այնպես էլ Մեծ Բրիտանիան պատրաստ էին հայերի համար որոշ բարեգործությունների, բայց ոչ երբեք Արեւմտյան Հայաստան ճանաչելու։ Իսկ թե երբեւէ Մեծ Բրիտանիան հակված է եղել հայերի հանդեպ առավել բարեհաճության, պատճառները դարձյալ կողմնակի են եղել։ Այսպես՝ զգուշանալով, որ Ռուսաստանը կարող է գրավել Արեւմտյան Հայաստանը, 1895 թ. ապրիլին Ա. Ռոզբերիի կառավարությունը մշակեց Արեւմտյան Հայաստանին ինքնավարություն շնորհելու նախագիծ՝ եվրոպական տերությունների հովանու ներքո։ Ըստ այդմ՝ Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը Բարձր դռանը ներկայացրին բարենորոգումների նախագծի փոքր-ինչ ձեւափոխված տարբերակը, որով սուլթանին պարտավորեցրին առաջիկայում իրագործել այն։ Թուրքիան, իհարկե, չշտապեց իրականացնել նախագծի պահանջները, չիրականացավ նաեւ դրա պատճառով 1895 թ. հունիսին անգլիական կառավարությունում Թուրքիայի դեմ նավատորմիղ օգտագործելու քննարկված հնարավորությունը. Ռոզբերիի կառավարությունը վճռականություն չդրսեւորեց իր իսկ նախաձեռնության հանդեպ, ինչը պատճառ դարձավ նրա պաշտոնանկության։
Մեծ Բրիտանիան իր շահադիտական նկրտումները ցույց տվեց նաեւ Արեւելյան Հայաստանի պարագայում. մասնավորապես, 1918-20 թթ. Վրաստանի եւ Ադրբեջանի՝ Հայաստանին պարտադրված պատերազմական գործողությունների ժամանակ վճռական դարձան Բաքվի նավթը եւ անգլիական գեներալ Թոմսոնի մուսուլմանամետ դիրքորոշումը։ Հենց նա 1918 թ. դեկտեմբերի 1-ին Արցախ մտած գեներալ Անդրանիկին Բաքվից կարգադրեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ Զանգեզուր, իսկ դրանից մեկ տարի առաջ պնդում էր, որ Զանգեզուրն ու Արցախը մինչեւ հաշտության կոնֆերանսի վերջնական որոշումը պետք է ենթարկվեն Ադրբեջանին։ Բրիտանիայի միջամտությամբ էր, որ հայ-վրացական բախման հետեւանքով Ախալքալաքի հայաբնակ մարզը հայտնվեց Վրաստանի կազմում, իսկ Լոռու գավառը հայտարարվեց «չեզոք գոտի» եւ անցավ անգլիական զինվորների վերահսկողությանը։ Մեծ Բրիտանիան ամեն կերպ խուսափում էր Հայկական հարցի պատասխանատվությունից եւ պաշտպանում նրա մանդատը ԱՄՆ-ին կամ Ազգերի լիգային հանձնելու տարբերակները։ Բարեգործական նախագծեր հղացող Անգլիան շարունակ մերժում էր Հայաստանի Հանրապետությունից ստացվող օգնության դիմումները, իսկ նրա ներկայացուցչի խորհրդով Հայաստանի կառավարությունը հրաժարվեց 1914 թ. սահմանների վերականգնման հարցում Խորհրդային Ռուսաստանի միջնորդությունից։
Մեծ Բրիտանիայում հայերը հայտնվել են համեմատաբար ավելի ուշ (1830-ականներ) եւ ավելի քիչ քանակ են կազմում (30 հազար), քան Ֆրանսիայում ու Գերմանիայում։ Անգլիայում հաստատված առաջին հայերը հիմնականում Պոլսից ու Հնդկաստանից եկած վաճառականներ էին։ Մեծ եղեռնից հետո այստեղ գաղթեցին բազմաթիվ հայեր Թուրքիայից, Իրանից, Կովկասից։ 1960-70-ական թթ. հայերի հոսքը Մեծ Բրիտանիա ավելացավ հատկապես Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից։
Ու թեեւ Մեծ Բրիտանիան իր հարկի տակ ընդունել է գործարար ու փախստական հայերի, եւ այնտեղ գոյություն ունեն հայկական համայնքներ, երկրի քաղաքականությունը մինչեւ օրս էլ չի փոխվել Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունում։