«Ես այլեւս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր եւ բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»։
Հենրի Մորգենթաու
Ամերիկան հայերով սկսել է հետաքրքրվել 1830 թ. ամերիկա-թուրքական պաշտոնական հարաբերությունների հաստատումից հետո, երբ Թուրքիա է ուղարկել ամերիկացի միսիոներների՝ Պոլսում հայերի մեջ աշխատանք տանելու համար։ 1846 թ. ստեղծվել է առաջին հայ ավետարանական եկեղեցին, իսկ հաջորդ տարի օսմանյան կառավարությունը հայ բողոքականներին ընդունել է որպես առանձին համայնք։ 1914 թ. Օսմանյան կայսրությունում ամերիկացիներն արդեն բացել էին 137 եկեղեցի, բազմաթիվ ուսումնական հաստատություններ, որտեղ սովորողների գերակշիռ մասը հայեր էին, գործում էին ամերիկյան հիվանդանոցներ ու դիսպանսերներ։ Ամերիկյան միսիոներները ձգտում էին հայերի մեջ տարածել հավասարության ու ազատության հեղափոխական գաղափարները, բայց եւ դեմ էին այդ նույն գաղափարներով հայկական քաղաքական շարժումներին՝ զգուշանալով թուրքական իշխանությունների՝ հայերի հանդեպ հնարավոր բռնություններից, ինչը կարող էր վնասել իրենց առաքելությանը։
Ողջ Օսմանյան կայսրությունով գործունեություն ծավալած ամերիկյան միսիոներները հաճախ էին ականատես լինում հայերի հանդեպ թուրքական իշխանությունների վայրագություններին. նրանց հաղորդումներից ու կոչերից ազդված ամերիկյան հասարակությունը սեփական իշխանություններին հարկադրում էր հանդես գալ հօգուտ հայերի՝ ամերիկացիների կյանքն ու գույքը պաշտպանելու պատրվակով։ 1894-96 թթ. ջարդերից հետո հակառակ օսմանյան կառավարության եւ Աբդուլ Համիդ 2-րդի դիմադրության, 1898 եւ 1901 թթ. ամերիկյան հյուպատոսություններ բացվեցին Էրզրումում ու Խարբերդում։ Սակայն ինչպես հիշյալ, այնպես էլ հետագայի, հատկապես 1915-23 թթ. ջարդերի ժամանակ ԱՄՆ-ն աշխատում էր չեզոքություն պահպանել Հայկական հարցի նկատմամբ, այն համարելով զուտ եվրոպական խնդիր՝ բանաձեւեր ընդունելով ու կոչ անելով եվրոպական երկրներին զբաղվել իրենց ստանձնած պարտավորություններով։ Ամերիկյան վարչակազմերը շարունակում էին հավատարիմ մնալ ԱՄՆ հինգերորդ նախագահ Մոնրոյի՝ չխառնվելու արտաքին քաղաքական ուսմունքին։ Այնուամենայնիվ, Ամերիկան ջանքեր էր գործադրում հանդես գալ ի նպաստ հայերի, հատկապես շահագրգիռ ու գործնական քայլեր էր անում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Մորգենթաուն, փորձում երիտթուրք պարագլուխներ էնվերին ու Թալեաթին համոզել, որ նրանց հակահայկական քայլերը գրգռում են ամերիկյան հանրային կարծիքը, ինչը բացասական հետեւանքների կարող է հանգեցնել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Ու թեեւ 1915 թ. հուլիսի 10-ին ամերիկյան դեսպանը զեկուցում է պետական դեպարտամենտին հայերի կոտորածների «աննախադեպ չափերի» եւ «հայ ազգի ոչնչացման» ծրագրի հետեւողական իրականացման մասին, պետական դեպարտամենտը զերծ է մնում ռազմական միջամտությունից, իսկ Մորգենթաուի առաջարկած՝ գոնե, կես միլիոն հայերին ԱՄՆ-ում վերաբնակեցնելու գաղափարը համարում անիրատեսական։
Այդպես «անիրատեսական» մնաց նաեւ ԱՄՆ կոնգրեսի ընդունած բանաձեւը, որով կոչ էր արվում ստեղծել միացյալ հայկական պետություն (Կիլիկիայից մինչեւ Հայաստանի արեւելյան նահանգները)։ Առաջին աշխարհամարտից հետո ԱՄՆ-ն հաճախ էր դաշնակիցներին կոչ անում իրագործել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները, սակայն ինքը բարեգործությունից այն կողմ չէր անցնում։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն անձամբ էր ամերիկյան կոնգրեսին կոչ անում ստանձնելու Հայաստանի մանդատը Ազգերի լիգայի հովանավորության ներքո, սակայն եվրոպական տերությունները ձգձգում էին Թուրքիայի հանդեպ դիրքորոշումներ արտահայտելու խնդիրները՝ զբաղված լինելով պատերազմական ավարը միմյանց մեջ բաժանելով։ ԱՄՆ-ի համար նույնպես փակվեց Հայաստանի հարցը, իսկ երբ ամեն անգամ այն դրվում է քննարկման սեղանին, անմիջապես ի հայտ է գալիս Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու գործոնը։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն մնում է հայկական սփյուռքի թվաքանակով երկրորդ գաղթօջախը։ Մինչեւ 20-րդ դարը այստեղ ձեւավորվել են փոքրաթիվ հայկական համայնքներ, իսկ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերից հետո եւ այնուհետեւ՝ մինչեւ օրս, հայերի թիվն աճել է այնքան, որ անգամ Կալիֆոռնիա նահանգը երբեմն համարում են «ամերիկյան Հայաստան»։ ԱՄՆ 2011 թ. մարդահամարի տվյալներով հայերի թիվն այստեղ տատանվում է 483 366-ից մինչեւ մեկուկես միլիոն, այդ թվում՝ հայկական ծագմամբ ամերիկացիներ։ Ինչպես ամենուր, այնպես էլ ԱՄՆ-ում հայ ժողովուրդն զբաղվում է ստեղծագործական կյանքով, իր ներդրումն ունենում ոչ միայն սեփական մշակույթի, այլեւ տվյալ երկրների մշակույթի զարգացման գործընթացներում, եւ անհնար է մատների վրա հաշվել աշխարհահռչակ այն հայերի թիվը, ովքեր եզակի դերակատարություն են ունեցել եւ ունեն աշխարհի տարբեր ծագերի հայ գաղթօջախներում։ Մնում է թուրքական աշխարհակալական ու աշխարհակործան ծրագրերի ու դրանց հետ կապված ոճրագործությունների հետ առնչվելիս կշեռքի նժարի ծանրությունն ուղղորդել մարդկային արարչության կողմը, որից մարդկության գոյատեւման համար հաստատապես որեւէ սպառնալիք չի կարող լինել…