Կուտանսի տաճար՝ հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը Ֆրանսիայի Նորմանդիա երկրամասում է, Կուտանս համայնքում։ Կառուցված է գոթական ճարտարապետական ոճով։ Կուտանսի տաճարը կառուցվել է 1210-1274 թթ.։ Տաճարն ընդգրկում էր ավելի վաղ կառուցված Նորմանի տաճարի մնացորդները։
Կուտանսի տաճարը համարվում է Կուտանս եւ Ավրանշ եպիսկոպոսական թեմի նստավայրը, սակայն նախկինում եղել է միայն Կուտանսի եպիսկոպոսի նստավայրը։ Տաճարի բարձրությունը 80 մետր է։ Ունի գերիշխող դիրք քաղաքի նկատմամբ եւ տեսանելի է նույնիսկ Ջերսի կղզուց (Մեծ Բրիտանիա)։ Այն նորմանդական գոթական ճարտարապետության վառ օրինակ է՝ երկար, ուղիղ, ուղղահայաց գծերի համադրմամբ:
Կուտանսի տաճարի առաջին շինարարությունը սկսվել է 5-րդ դարում Սուրբ Էրեփթիոլուսի գլխավորությամբ, ով նաեւ տաճարի առաջին եպիսկոպոսն է։ Այս տաճարն ավերվել է: Նոր տաճարի շինարարությունն ավարտվել է 1274 թ. եւ հիմնովին մնացել է անփոփոխ։ Քույր աշտարակների բարձրությունը հասնում է գրեթե 80 մ-ի, իսկ ութանկյուն աշտարակը կանգնած է 57 մ բարձրության վրա։
1562 թ. տեղի ունեցած Հուգենոտյան պատերազմների ժամանակ որոշակի վնաս է հասցվել տաճարին, սակայն շուտով վերանորոգվել է։ 1794 թ. Ֆրանսիական հեղափոխության ժամանակ տաճարի արտաքին տեսքը վնասվել է` որմնախորշերից հեռացվել է արձանների մի մասը, իսկ մյուսները թրատվել են։ Տաճարն օգտագործվում էր որպես թատրոն, հացահատիկային պահեստ, եւ չնայած մեծ կորուստներին ու վնասներին, այն կարողացել է գոյատեւել։