Նոտր Դամ՝ գոթական տաճար Պիկարդիայի Լան քաղաքում։ Լանում առաջին քարակերտ եկեղեցին կառուցվել է եպիսկոպոս Գերֆրիդի ջանքերով 774-779 թթ.։ Եկեղեցին նվիրված է եղել Քրիստոսին եւ Աստվածամորը։ Օծվել է 800 թ. Կառլոս Մեծի ներկայությամբ։
250 տարի անց եկեղեցին վերակառուցել են ռոմանական ոճով տեղի եպիսկոպոս Էլինանդի (1052-1095) հովանավորությամբ։ 1071 թ. այդ եկեղեցում թագադրվել է Ֆիլիպ 1-ին Ֆրանսիացին։ 1112 թ. ժողովրդական ապստամբությունների ժամանակ եկեղեցին վառվել է. երկու տարի է պահանջվել այն վերականգնելու համար։
Քաղաքի աճի հետ եկեղեցին արդեն չէր բավարարում պահանջները. բնակիչները չէին տեղավորվում եկեղեցում։ Միջնադարում Լանում ապրում էր մոտ 15.000 մարդ։ Եպիսկոպոսությունը ծաղկում էր ապրում ուխտավորների եւ առեւտրի հաշվին։ Որպեսզի չզիջի Պիկարդիայի հարեւան քաղաքներին, որոնք իրար հետ մրցակցում էին մեծությամբ եւ եկեղեցու տարողունակությամբ, եպիսկոպոս Գոթյե դե Մորտանը 1155 թ. նոր տաճար հիմնելու որոշում կայացրեց։
Սկզբում կառուցվեցին զոհասեղանը եւ երգչախմբի համար նախատեսված մասը. դրանք անհրաժեշտ էին նոր տաճարի շուտափույթ գործելու համար։ Այս մասերը, ավանդույթի համաձայն, կլորավուն էին։ Այնուհետեւ կառուցվել է տրանսեպտը։ Վերջում կառուցվել են երեք նավերը` ամենաբարձր կենտրոնական եւ ավելի ցածր եզրայինները։ Տաճարը կառուցված է բաց գույնի կրաքարից։ Ճարտարապետության մեջ զգացվում է անգլիական եկեղեցաշինության ավանդույթների ազդեցությունը։
Փոքր վերնասրահները քանդել են հիմքից, իսկ տեղում կառուցել են ուղղանկյունաձեւ նոր սրահները. սա բնորոշ է Անգլիայի տաճարներին։ 1205-1215 թթ. տաճարն ընդարձակվել է դեպի արեւելք։ Այդ նպատակով քանդել են զոհասեղանի սրահի կլորավուն մասերը` ձեռք չտալով արդեն վերանորոգված մասերին։ Դրա շնորհիվ տրանսեպտը հայտնվել է տաճարի գրեթե կենտրոնում։