* «Մարդկանց մեծամասնության համար զբաղմունքի որոշակի շրջանակի հաստատումը եւ աշխատանքի մեծ մասի միակերպ կազմակերպումը պարզապես կենսական անհրաժեշտություն են: Այլապես նրանք չեն կարող բավարար չափով ապահովել իրենց ապրուստը: Ընդհակառակը, նվազագույն իսկ անհրաժեշտություն չկա ստեղծարար ձիրքով մարդուն կապելու միապաղաղ աշխատանքին. նման մարդկանց պահանջարկը ամենուր շատ մեծ է: Երբեք պակաս չի լինի աշխատանքը այն մարդու համար, որն ինչ-որ բան կարողանում է, բայց մենք պետք է խոստովանենք, ամենից հաճախ բացակայում է ստեղծարարության կամքը» (Հենրի Ֆորդ):
* «Ի տարբերություն ամերիկյան գրքերում գրվածին՝ ես չեմ հավատում, թե մարդկանց հնարավոր է սովորեցնել դառնալ առաջնորդ: Ես համարում եմ, որ դուք կա՛մ ծնված եք առաջնորդ դառնալու, կա՛մ երբեք չեք դառնա առաջնորդ: Դուք կարող եք մարդուն սովորեցնել, թե ինչպես դառնալ կառավարիչ, բայց ոչ առաջնորդ: Առաջնորդին պետք է ներհատուկ լինեն հատուկ եռանդը, մտավոր զորու¬թյունը, գերտոկունությունը եւ հաղթանակի կամքը» (Լի Կուան Յու):
* «Հարցրեք առաջին պատահած հարյուր հոգուն, թե ինչ են նրանք ցանկանում այս կյանքում, եւ նրանցից 98-ը չեն կարողանա ձեզ ճիշտ պատասխան տալ: Եթե, այնուամենայնիվ, համառեք ձեր հարցապնդմամբ, մի մասը կասի՝ «հանգիստ», ուրիշները կմատնանշեն փողը, ոմանք կասեն՝ «երջանկություն», մյուսները՝ «փառք եւ հզորություն», մնացածները՝ «հասարակական դիրք», «հարմարավետություն կյանքում», «երգելու, պարելու, գրելու հնարավորություն»… Սակայն նրանցից ոչ մեկը չի բացահայտի նշված հասկացություններից ոչ մեկը, իսկ առավել եւս չի պատմի, թե ինչպես հասնել դրան: Ոչ մեկից չես լսի հեռավոր ակնարկ անգամ հստակ ծրագրի մասին, որի միջոցով կարելի է հասնել մշուշապատ արտաբերված բոլոր այդ ցանկություններին: Ցանկությունից հարստություն չի ստացվում: Հարստությունը ստացվում է գործողությունների հստակ ծրագրից, որը հիմնվում է ճիշտ նույնպիսի հստակ ձգտումների վրա եւ իրականանում է անհրաժեշտ հաստատակամությամբ» (Նապոլեոն Հիլլ):
* «Էթիկան ինքնին ունակ չէ հուշելու գործարարությանը, թե ինչպես է հարկավոր գործել, բայց կարող է հուշել, թե ինչպես չի կարելի գործել: Այս իմաստով էթիկան ծառայում է որպես զտիչ, որի միջով հարկավոր է անցկացնել ձեռներեցների որոշումները: Վերջիններից միայն նրանք են բարոյապես ընդունելի, որոնք անցնում են զտիչի միջով: Բայց թե դրանցից որոնք գործարարության տեսակետից կհամարվեն լավագույնը, որոշում են, իհարկե, իրենք՝ գործարարները» (Ռիչարդ դը Ջորջ):
* «Ի՞նչ բան է փոխադարձ վստահությունը: Դա յուրատեսակ հիմքն է կանխատեսելու, հավատալու եւ հուսալու, որ թեպետ կազմակերպության ներսում մեր անհատական շահերը տարբերվում են կարճաժամկետ հեռանկարում, դրանք հիմնականում համընկնելու են երկարատեւ հեռանկարում: Անտարակույս, եթե մենք գիտենք, որ բոլորն էլ աշխատում են հանուն միասնական ընդգրկուն նպատակների, ապա մեզ համար ավելի դյուրին է փոխադարձ զիջումներ անելը: Եթե նույնիսկ այս պահին խումբը կայացրել է անձամբ ինձ համար ոչ շահավետ որոշում, ապա ես կասկած չեմ ունենում, որ ժամանակի ընթացքում դա ինձ համար էլ է օգտակար դառնալու: Վստահությունը նշանակում է, որ դուք հաշվի եք առնում այլոց շահերը, քանի որ երկարատեւ հեռանկարում դրանք նույնանում են ձեր շահերի հետ, ուստի նաեւ վստահ եք ձեր հանդեպ մյուսների փոխադարձ ուշադրության մեջ» (Իցհակ Ադիզես):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ