Ե՞րբ է քաղաքացին իր կենսական շահերին վնասող հանգամանքների բերումով դիմում պետական մարմինների, ԶԼՄ-ների կամ հասարակական կազմակերպությունների միջամտությանը: Անշուշտ՝ իր իրավունքի բացահայտ խախտման դեպքում: Այդպիսի մի նամակ այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին իր ոդիսականն է սկսել՝ հասնելով նաեւ «Հայաստանի Հանրապերություն» օրաթերթի խմբագրություն:
Նամակագիրները՝ Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 3 շենքի բնակիչ Ա. Մակարյանը եւ այլ ութ սեփականատերեր, տեղեկացնում են, որ իրենց բազմաբնակարան շենքի կողային պատի վրայով (3-րդ մուտքի բնակարանների արտաքին պատ), առանց սեփականատեր բնակիչների համաձայնության, մետաղական ուղղանկյուն խողովակներից կազմված բավական մեծ տրամաչափի ծխատար եւ օդափոխության հինգ գիծ է կառուցվել, որոնք հասնում են շենքի տանիքին եւ 5-7 մ խորանում տանիքի խորքը: Ռետինե բարձիկներ չունեցող մետաղական խողովակաշարերի եւ դրանց ծայրերին տեղադրված էլեկտրական սարքավորումների առաջացրած աղմուկը լսելի է 3-րդ մուտքի կողային բնակարաններում, ինչը հոգնեցնող ազդեցություն է թողնում: Օդափոխիչ այդ խողովակների տերերից մեկը իրենց շենքի նկուղում գտնվող ռեստորանն է եղել (անունը չենք նշի, քանի որ ներկայումս նա դադարեցրել է գործունեությունը, եւ տարածքը վարձակալման է հանձնվել այլ գործարարի, ով դեռեւս չի սկսել իր գործունեությունը), մյուսը Աբովյան 8 հասցեում գտնվող «Ոստան» ռեստորանն է:
Նամակագիրները հայտնում են, որ եղած հինգ խողովակաշարերին պատրաստվում է իրենն ավելացնել եւս մի հասարակական սննդի կետ, որը նույնպես տեղավորված է Աբովյան 8 հասցեում: Վերջինս իր խողովակները տարել-հասցրել է այն կետին, որտեղից հարկավոր է չորս-հինգ մետր թռիչք-անցում կատարել Պուշկինի 3-ի պատին, սակայն բնակիչների նամակը խանգարել է գործն ավարտին հասցնել: Նամակագիրները պետական մարմիններից պահանջել են ապամոնտաժել անօրինական այդ կառույցները եւ թույլ չտալ նորի ավելացում:
Հասկանալի է, որ Պուշկինի 3 շենքը «գայթակղության քար» է դարձել իր բարձրության պատճառով (տասնհարկանի է). Աբովյան 8 հասցեում գործող սուբյեկտները ցածր շենքում են, մինչդեռ նրանց խոհանոցների ծխահեռացման եւ օդափոխության համակարգը կարիք ունի միջավայրի հնարավորինս բարձր կետի: Հարեւանությամբ այդպիսի կետերը շատ չեն, եղածներն էլ իրենց «էլիտար» կարգավիճակի կամ հեռու գտնվելու պատճառով հարմար չեն ծխատարների հենարան դառնալու համար: Միակ ընտրությունը մնացել է Պուշկինի 3-ը, որի «խորհրդային ծագումը» ներելի է դարձրել բնակիչների կամքը չհարցնելը:
Շենքը ծխատարների հենարան է դարձել դեռեւս 2011-ին, երբ «Կենտրոն» համատիրության կազմում էր: Համատիրության եւ բնակիչների կողմից տարիներ շարունակ ոչինչ չձեռնարկելու հետեւանքով ոչ միայն այլ հասցեում գտնվող սուբյեկտի ծխատարն է հայտնվել իրենց շենքի պատին, այլեւ կորցրել են շենքի մաս կազմող մի շարք տարածքներ, մասնավորապես, ընդհանուր սեփականություն հանդիսացող նկուղային հարկի այն մասը, որտեղ գտնվել են շենքի ջրամատակարարման եւ ջերմամատակարարման (նախկին) խողովակները, ինչ-ինչ եղանակով օտարվել է, եւ այժմ համատիրությանը հասանելի չեն շենքի կոմունիկացիաները: Ինչ-որ եղանակով սեփականացվել է շենքին ժամանակին ջուր մատակարարող պոմպակայանի փոքրիկ կառույցը: Սեփականացվել է շենքի նկուղում գտնվող նախկին կաթսայատան տարածքը եւ այլն: Պուշկինի 3 շենքն այսօր ունի իր առանձին համատիրությունը՝ «Պուշկինի 3», որը հիմնադրվել է 2020 թ.: Համատիրությունը մտադիր է Կադաստրի պետական կոմիտեի միջոցով վերանայել կորսված տարածքների վերադարձման հնարավորությունը:
Վերադառնալով նամակի ընթացքին՝ ասենք, որ այն հասցեագրվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետին, նույնիսկ՝ ԱԺ նախագահին: Վարչական շրջանի ղեկավար Ս. Ղուկասյանը 04. 07. 2022 թ. բնակիչներին հասցեագրած պատասխանում ընդունում է, որ խնդրո առարկա կառույցը տեղադրվել է «առանց համապատասխան կառուցապատման թույլտվության», ապա վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը, ավելացնում է. «Համաձայն օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա առանց թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկ չափով»: Սա՝ եթե խախտումը կատարել է հողօգտագործման իրավունք ունեցողը: Իսկ եթե խախտումը կատարվել է «պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով»:
Նամակի հեղինակներին չի հետաքրքրել տուգանքի չափը, քանի որ դրանից չէր վերանա իրենց անհանգստացնող աղմուկը, եւ շարունակել են բողոքել: Վարչական շրջանի ղեկավարի հաջորդ՝ 20. 07. 22 թ պատասխանն այլ «սփոփիչ» պատճառ է մատնանշում. «Ի պատասխան Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված ձեր կոլեկտիվ դիմումի՝ հայտնում եմ, որ Պուշկինի փողոցի 3 հասցեում առկա օդափոխության համակարգն ունի տեղադրման տարիների վաղեմություն, հետեւաբար դրա հետագա կարգավիճակը կարող է կարգավորվել համապատասխան որոշման դեպքում: Միաժամանակ հայտնում եմ, որ օդափոխության համակարգի տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով գրությամբ դիմել ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության եւ տեսչական մարմնին»: Այս պատասխանն է տրվել նաեւ Երեւանի քաղաքապետից եւ ԱԺ նախագահից վարչական շրջանի ղեկավարին փոխանցված նամակներին: ՀՀ առողջապահության եւ տեսչական մարմինը պատասխանել է, որ աղմուկի ուժգնությունը նորմայի սահմաններում է: Հնարավոր է՝ այդպես է: Բայց ո՞ր աղմուկի մասին է խոսքը՝ փողոցի՞, որը քաղաքի համար օբյեկտիվ երեւույթ է, թե՞ տնտեսական գործունեությամբ զբաղվող, շահույթ ստացող ինչ-որ կազմակերպության կողմից բնակչին պարտադրված աղմուկի:
Սա օրվա հարց է, քանի որ Երեւանում նման կառույցների թիվն օր օրի մեծանում է: Կառուցապատվող, խտացող քաղաքային միջավայրում, որտեղ շարունակ մեծանում է նաեւ հասարակական սննդի տարատեսակ կետերի թիվը, ծխնելույզների եւ օդափոխության համակարգերի կառուցումը շենքերի պատերն ի վեր դառնում է սովորական երեւույթ: Հետեւաբար՝ այդ գործընթացի կարգավորումը, օրինականության հաստատումը միայն կարող են բխել բնակիչ սեփականատերերի շահերից:
Ավելացնենք, որ «Պուշկինի 3» համատիրությունը, այլ լուծում չգտնելով, իր շենքի պատի՝ խողովակաշարերով զբաղեցված մասի վերաբերյալ վարձակալական պայմանագիր է ձեւակերպել «Ոստան» ռեստորանի հետ՝ ստացված գումարը շենքի պահպանմանը տրամադրելու մտադրությամբ: Ինչ խոսք, սա էլ է լուծում, բայց կարծում ենք՝ վերը նշված երեւույթը օրենսդրական կարգավորման կարիք ունի:
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ