Սուրբ Պետրոսի տաճար՝ գոթական ամենաբարձր տաճարը Ֆրանսիայում (չնայած ավարտին չի հասցվել)։ Երկրի հյուսիսում է` Բովե քաղաքում։ Բովեի թեմի մայր տաճարն է։
Տաճարը նշանակալից դեր է ունեցել գոթական ճարտարապետության պատմության մեջ։ Գոթական տաճարների մեջ այն ունի ամենաբարձր եկեղեցական դասն աշխարհում` 48.5 մ։ Տաճարային համալիրը բաղկացած է տրանսեպտից (16-րդ դար), աբսիդներով դասից եւ կապելայի 7 աբսիդներից (13-րդ դար), որոնք հասանելի են խորանին մերձակա կիսաշրջանաձեւ սրահով։ Ռոմանական Նոտր Դամ դե լա Բաս Էվր եկեղեցին (Basse Œuvre, 997-998 թթ.) զբաղեցնում է ճարտարապետական նավի տեղը։
Տաճարի կառուցման աշխատանքներն սկսվել են կոմս-եպիսկոպոս Միլոնի գլխավորությամբ 1225 թ.` անմիջապես այն բանից հետո, երբ երրորդ հրդեհից այրվել է փայտե տանիքով հին բազիլիկը, եւ որի խորանը վերանորոգվել է հրդեհից երեք տարի անց։ Եկեղեցական դասերի կառուցումն ավարտին է հասցվել 1272 թ. երկու փուլով` կապված տնտեսական ճգնաժամի հետ, որը փորձում էր վերացնել Լյուդովիկոս 9-րդը։ Երկու փուլերը բավականաչափ տարբերվում են իրենց աշխատանքային ոճով։ Գիյոմ դե Գրե եպիսկոպոսի որոշման համաձայն` եկեղեցու բարձրությունը մեծացվում է 4.9 մ-ով, որպեսզի եկեղեցու սյուներն ամենաբարձրը դառնան Եվրոպայում։ Եկեղեցական դասի սյուները 48 մ բարձրություն ունեն, որ զգալիորեն գերազանցում է նույն ժամանակաշրջանում կառուցված Ամյենի մայր տաճարի 42 մետրանոց նավը։