ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի «Նիկողայոս Ադոնց» գրքի շնորհանդեսը՝ նվիրված մանկավարժական համալսարանի 100-ամյակին:
Բացման խոսքում ինստիտուտի տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դեւրիկյանը նշեց, որ Ադոնցին նվիրված այս գրքում Դոլուխանյանն ըստ արժանվույն եւ համակողմանի ներկայացրել է մեծ հայագետի կյանքն ու գործունեությունը եւ գիտագրական ժառանգությունը: Ա. Դոլուխանյանը ոչ թե պարզապես նկարագրում եւ թվարկում է Ադոնցի գործերից յուրաքանչյուրը, այլ իրեն բնորոշ մոտեցմամբ գիտնականի աշխատություններում արծարծված թեմաները դիտարկում է իրենց պատմական զարգացման մեջ, թե ինչպիսին էր այն մինչեւ տվյալ աշխատության գրվելը, եւ Ադոնցը ինչ նոր հարցադրումներ է բերում ու լուծումներ առաջարկում, ինչպես նաեւ, թե այդ աշխատությունների դրույթները որքանով են դիմացել ժամանակի գիտական քննությանը եւ որքանով են արդիական նաեւ այսօր:
Նշվեց Դոլուխանյանի այս մենագրությանը բնորոշ եւս մեկ առանձնահատկություն, որ ներկայացված են Ադոնցի ուսումնասիրությունների գիտաստեղծագործական պատմությունները, եւ յուրաքանչյուր ուսումնասիրության դեպքում ցույց է տրվում, թե գիտահասարակական ինչ գործոններ են պայմանավորել տվյալ ուսումնասիրության գրությունը: Վ. Դեւրիկյանը միաժամանակ բարձր գնահատեց Դոլուխանյանի մասնակցությունը Գրականության ինստիտուտի գիտամանկավարժական կյանքին, կազմակերպվող գիտական միջոցառումներին եւ մասնագիտական խորհրդի գործունեությանը:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի տնօրինության որոշմամբ՝ Աելիտա Դոլուխանյանը պարգեւատրվեց «Մանուկ Աբեղյան» հուշամեդալով ՝ հայ գրականության, մասնավորապես՝ հայ միջնադարյան գրականության համընդգրկուն ուսումնասիրության ու եվրոպական հայագիտության նշանավոր դեմքերի գիտական ժառանգության եւ գործունեության համակողմանի ուսումնասիրության համար:
ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, արժեւորելով այս աշխատությունը, ասաց. «Աելիտա Դոլուխանյանը ներկայացրել է, թե ինչպես է Ադոնցը դարձել խոշոր գիտնական՝ լայն պրոֆիլի պատմաբան, բանասեր, բյուզանդագետ, ինչ կնճռոտ խնդիրների է անդրադարձել: Հեղինակը գրել է ոչ միայն աշխարհահռչակ գիտնականի կենսագրության, անցած ճանապարհի, այլեւ ձեռք բերած գիտական նվաճումների մասին, ինչը չափազանց արժեքավոր է դարձրել գիրքը»:
ՀՊՄՀ ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գեւորգյանը շնորհավորեց Աելիտա Դոլուխանյանին հերթական գրքի հրատարակման առիթով: Ռեկտորը Մանկավարժական համալսարանի համար կարեւորեց հատկապես գրքի կրթադաստիարակչական արժեքը, ապա ընդգծեց այն հանգամանքը, որ Ադոնցը ստացել է ժամանակի փայլուն կրթությունը: Պրոֆեսոր Գեւորգյանը կարեւորեց մեծանուն գիտնականի պատմագիտական ժառանգության նշանակությունը հայ ժողովրդի համար, խոսեց Ն. Ադոնցի մագիստրոսական եւ դոկտորական հետազոտությունների մասին, որոնցում ներկայացվել են ժամանակի հայագիտության եւ բյուզանդագիտության կարեւորագույն խնդիրները: «Խոսելով գլոբալիստական միտումների մասին՝ մենք, այնուամենայնիվ, շեշտադրում ենք հայ ինքնության պահպանման խնդիրը: Կարծում եմ՝ Նիկողայոս Ադոնցի ժառանգությունը համագործակցությամբ իր ղեկավարի՝ Մառի, պատմական այն ժամանակաշրջանի կարեւոր ձեռքբերումն է, որ կարող է Մանկավարժական համալսարանի այսօրվա ուսանողի համար յուրահատուկ կողմնորոշիչ դառնալ հենց արդի շրջանի կրթության զարգացման իմաստով: Իր ժամանակի մեջ նրա հոդվածները մեծագույն ներդրումներ էին, որոնց մասին մենք քիչ ենք խոսում, բայց պարտավոր ենք զգալ մեր մեծերի կենդանի ներկայությունը մեր լսարաններում»,- նշեց ռեկտորն ու հավելեց՝ պրոֆեսոր Դոլուխանյանի աշխատանքի նշանակությունն իր համար հենց այդ առաջնահերթությամբ է պայմանավորված, որովհետեւ մանկավարժությունը սոսկ տեսություն չէ, դասավանդման մեթոդիկան է, կոնկրետ օրինակների, պատմության, ավանդույթների փոխանցման որոշակի գործընթաց:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բնորոշմամբ՝ որոշակի համարձակություն է պետք Ադոնցի մասին ամբողջական աշխատանք գրելու համար. «Երիտասարդության տարիներին դժվար է ուսումնասիրել Ադոնցի ժառանգությունը, երբ տեսա, որ գիրքը ձեռնարկի տեսքով է գրված, հասկացա՝ հեղինակը դյուրին է դարձրել երիտասարդության համար՝ հասկանալու գիտնականի ապրած ժամանակը: Շատ կարեւոր է, որ գրքում հավասարապես անդրադարձ կա Ադոնցի եւ պատմագիտական, եւ բանասիրական ուսումնասիրություններին, թեեւ հաճախ դրանք հանդես են գալիս իրար միախառնված»: Բանախոսն ամփոփեց՝ Նիկողայոս Ադոնցի մեծությունը հասկանալն այնքան էլ հեշտ չէ, բայց այս գիրքը ծառայում է նաեւ այդ նպատակին:
Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ընդգծեց, որ շնորհանդեսը նվիրված էր Նիկողայոս Ադոնցին, եւ իր նպատակն էր մեծարել միջազգային համբավ ունեցող բյուզանդագետին, հայագետին, պատմաբանին, բանասերին, մանկավարժին՝ նրա կյանքը, կրթությունը, գիտական ժառանգությունը օրինակ դարձնելու նոր սերնդի համար:
Գրքի շնորհանդեսին ելույթ ունեցան նաեւ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բ. գ. թ. Հերիքնազ Ոսկանյանը, ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ բ. գ. դ. Ալբերտ Մուշեղյանը եւ Սուսաննա Հովհաննիսյանը, որոնք անդրադարձան Դոլուխանյանի նոր ուսումնասիրությանը, արժեւորեցին այն մերօրյա իրադարձությունների համատեքստում եւ ընդգծեցին Ադոնցի հնչեցրած մի շարք մտքերի արդիականությունը, գնահատեցին Աելիտա Դոլուխանյանի գիտահասարակական գործունեությունը, որը «մշտապես արժեւորում է արժեքավորը»: